Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԲՈՒՌ ԱԶԳ ԵՆՔ

Սեպտեմբեր 18,1998 00:00
namak

«Առավոտ» օրաթերթի խմբագրությանն ի պատասխան, ս.թ. սեպտեմբերի 15-ի 177 համարում տպագրված «Երեւան չդարձած իմ «Էրեբունի»

Համամիտ լինելով այն կարծիքին, որ «… բնակարանային շինարարությունը բոլոր ժամանակներում եղել է մեծ փոթորիկների ու երկար վեճերի նյութ…», ցավում ենք, որ տվյալ հոդվածում բերված փաստը շարունակությունն է այդ վեճերի տխուր շղթայի։ Չցանկանալով, որ մեր պատասխանը դիտվի իբրեւ վեճի շարունակության հերթական դրվագ, հուսով ենք, որ մեր բերած փաստերը պարզաբանում կտան ստեղծված իրավիճակին։

Եվ այսպես. 1993 թ. Պուշկինի փողոցի մի խումբ բնակիչներ դիմել են Երքաղխորհրդի գործկոմին՝ խնդրելով Ռուսական թատրոնի նոր շենքի համար նախատեսված հողամասը (Պուշկինի եւ Տերյան փողոցների միջեւ) կոոպերատիվ բնակելի շենք կառուցելու նպատակով հատկացնել իրենց կողմից ստեղծված «Էրեբունի» շինարակական կոոպերատիվին։

Ի պատասխան այս դիմումի, բնակիչներին առաջարկվել է բնակելի շենքի համար հատկացնել Պուշկինի եւ Տերյան փողոցների անկյունային անավարտ շինարարության տարածքը կամ հողամաս Տերյան փող. թիվ 7-13 շենքերի միջեւ, որի բնակիչների մի մասն ընդգրկված էին կոոպերատիվի կազմում։ Սակայն բնակիչները, չընդունելով գործկոմի առաջարկը, կրկին խնդրել են իրենց հատկացնել Ռուսական թատրոնի նոր շենքի համար նախատեսված հողամասը։ Այս խնդրանքը 1994 թվին քննարկվել է Երեւանի քաղաքաշինական խորհրդում, որն այդ տարածքում բնակելի շենքի կառուցումը գտել է ոչ նպատակահարմար։

Հետագայում Երքաղխորհրդի գործկոմը Պուշկինի եւ Տերյան փողոցների միջեւ գտնվող այդ հողամասն իր 23/20 առ 30.06.1995 թ. որոշմամբ հատկացրել է ստորգետնյա ավտոհանգրվանների եւ հյուրանոցային համալիրի շինարարության համար, իսկ բնակիչներին առաջարկված հողամասերը գործկոմի թիվ 23/19 առ 30.06.1995 թ. եւ Երեւանի քաղաքապետի թիվ 715 առ 19.07.1996 թ. որոշումներով հատկացվել են բնակելի շենքերի շինարարության համար։

Ինչ վերաբերում է Պուշկինի փողոցի թիվ 19 շենքի հարեւանությամբ գտնվող տարածքին, հայտնում ենք, որ այն գտնվում է հյուրանոցային համալիրի համար հատկացված տարածքում, որի նախագծային աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են։ Իսկ թիվ 19 շենքի հակառակ կողմի ազատ հատվածի մասին, որտեղ այժմ սկսվել է շինարարություն, հայտնում ենք, որ այն Երքաղխորհրդի գործկոմի թիվ 5/3 առ 02.02.1996 թ. որոշմամբ հատկացվել է վարչական շենքի կառուցմանը։ Այսքանն իրականում։

Իսկ ի պատասխան հեղինակի՝ նոր քաղաքապետի ընկերական շրջապատը մեծացնելու «բարի ցանկությանը», ապա վերափոխելով վերջին ժամանակներում տարածում ստացած ժողովրդական իմաստությունը՝ մի բուռ ազգ ենք մնացել, բոլորս էլ հայ ենք, եւ մեկը մյուսի ընկեր ու բարեկամ։

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930