Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՑԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբեր 25,1998 00:00
axqat

Եթե ձեր տան դուռը թակեն սոցապի տեսուչները, անպայման պահանջեք դատախազության թույլտվությունը ձեր տան խուզարկության համար։ Առանց այդ թղթի ոչ ոք իրավունք չունի ձեր տունը մուտք գործել։ Իսկ տեսուչներին հուշում եմ՝ Կասկածոտ հայացքը մեխեք տանտիրոջ աչքերին, չժպտաք, հրաժարվեք սուրճից։

Ցածր ձայնով, բայց խիստ հարցրեք. «Սա՞ է ձեր ամբողջ ունեցվածքը, նկուղ ունե՞ք, հատակի տակ կառույց կա՞»։ Օգտվելով տանտիրոջ շփոթվածությունից, արհամարհելով պետության հասցեին ասված տհաճ բաները, անցեք գործի։ Մոտեցեք հեռուստացույցին, գրանցեք տեսակը։ Բյուրեղապակյա ջահերին այնքան էլ ուշադրություն մի դարձրեք, հաստատ դրանց լամպերից մեկն է վառվում։ Կվաճառեին, եթե գնող լիներ։ Ինչ տեսակ կահույք էլ լինի, հազիվ թե դրա տարիքը 20-30-ից քիչ լինի։ Այ թե նախարարությունը լավ գործ կաներ, եթե կոմիսիոն խանութ բացեր միայնակների կահույքը վաճառելու համար, քանի որ ամեն երկրորդ միայնակը կազատվեր ավելորդ փայտերից, բացի մահճակալից, այն էլ, հաստատ զսպողը մահիճ բառն է, հո գետնին չի մեռնելու… Անցեք լոգարան։ Ձեզ անպայման ասած կլինեն, որ գրանցեք ջրատաքացման սարքերը։ Կլինեն, ինչո՞ւ չէ։ Հարյուրից կամ հազարից մեկի տանը կա, էլի՜։ Չէ՞ որ ժամանակին, մի երկու-երեք տարի առաջ, մեր ժողովրդի կեցությունը որոշվում էր արտասահմանյան ավտոմեքենաների քանակով, դղյակների, Սեւանում հանգստացողների, իսկ այսօր եթե զուգարանակոնքը ջարդվել է, հանկարծ արտասահմանյան չառնես, ով միայնակ, գնա ու գտիր խորհրդային գործարանի սարքածը, որ քեզ հարուստ չհամարեն։

Սառնարան դեռ բոլորն ունեն, ո՞ւմ է պետք, ո՜ր։ Ի՞նչ դնենք մեջը։ Վաճառել չի լինում, դա էլ կտանեք ձեր կոմիսիոնը։ Մինչեւ գրանցելը անպայման բացեք դուռը։ Լվացքի մեքենան հաստատ մի գրանցեք։ Խեղճ ծերերը, խնայելով էներգիան, ամիսը մի անգամ լողանան, թե չէ, ո՞վ գիտի։ Լվացքը քիչ է, ձեռքով մի կերպ կանեն։ Դա էլ տարեք կոմիսիոն։ Հարգարժան տեսուչներ, հետաքրքիր է, ի՞նչ հրահանգ եք ստացել գորգերի մասին։ Եթե հանկարծ մի տատիկի կամ պապիկի տանը մի պարսկական գորգ գտնեք, որը անհիշելի օրերից, Աստված գիտի որտեղից, երբ է հասել տոհմին, ի՞նչ եք անելու։ Կամ մի արծաթազօծ մոմակալ, որ պահվում է աչքի լույսի պես, քանզի հիշատակներ կան, ավանդույթներ, զգացմունքներ… Ո՞նց եք անելու, խեղճ տեսուչներ։ Պահ… կամ շքեղ բյուրեղապակե ծաղկամանը, որ նվեր է ստացել աշխատանքային կոլեկտիվից 60, 70, 80-ամյակի կապակցությամբ ու չի ծախել, կերել։ Հարուստ է, էլի։ Բա՜… Հարգարժան տեսուչներ, եթե նախարարությունը դեռ չի կազմակերպել լրտեսական ծառայություն՝ թե ով, որտեղ, որ հարեւանի տանը, ավտոտնակում, ուրիշի նկուղում, ծանոթի տանը ինչ-ինչ գանձեր է պահ տվել, ձեր գործը շատ ծանր է լինելու։

Ինչ տեսարաննե՜ր են բացվելու ձեր աչքերի առջեւ՝ չորս պատ, մի մահճակալ, մի աթոռ, կտրված էլեկտրալարեր, տեղ-տեղ քանդված հատակ, անկյունում քրջերի կույտ՝ իբր հագուստ է, խոհանոցում գազօջախից (չգործող) բացի՝ մի քնձռոտ պահարան… Ինչ անասելի ծանր է լինելու ձեր վիճակը։ Կլինի, կլինի, հավատացնում եմ։ Հեռուստահաղորդումից հետո այդպիսի կեսկատակ, կեսլուրջ խոսակցություններ լսում եմ։ Վատ եք զգալու ձեզ, տեսուչներ, հայհոյելու եք այդ ամենը հնարողներին։ Դուք էլ գիտեք, նախարարությունն էլ, կառավարությունն էլ, որ այդ միջոցառումը հաջողություն չի ունենա։ Որ կան ու կլինեն անպատիվ, անհոգի մարդիկ, որոնք կգրանցվեն «Փարոսում» հենց նույն այդ տեսուչների օգնությամբ, հայտնի է։

ՀԱՍՄԻԿ ՀԱՍՈՅԱՆ

Հ.Գ. Խմբագրությունը տպագրում է այս տեսակետը, պարզապես տեղյակ պահելու համար, որ կա նաեւ այսպիսի կարծիք։ Սոցիալական ծառայությունների աշխատակիցներին հատուկ խնդրում ենք առավել ուշադիր լինել իրենց զննողական աշխատանքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30