Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՏԵԼԻԳԵՆՏՆԵՐԻ», ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ, ԱՆՏԻՊՈԵԶԻԱՅԻ, ՍՏԻ ՈՒ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 01,1998 13:21

Աշնանային կոկտեյլ Վահրամ Թաթիկյանի օգնությամբ

– Ի՞նչ պատահեց, երբ «Աշխարհի ամբողջ կապույտը», «Նախահայրեր ենք ամենքս» վիպակ-պատմվածքների հեղինակը մեկեն շրջվեց դեպի բանաստեղծությունը, երգը,..

– Իսկապես, երգի համար շատ բան զոհեցի։ Ես էստրադային երգիչ չեմ, ավելի մոտ եմ Ժակ Բրել-Ազնավուր տիպին… դասական, շանսոնյե…

Երգը խաղ է լսարանի հետ, բեմում պահելու կարողություն է։ Տեղը եկած ժամանակ ցատկելն է, ծամածռվելը։ Բրելի նման մարդն եկավ այստեղ եւ երբ այծի նման մկկում էր, բուրժույներին քամակն էր ցույց տալիս, ես մտածում էի, որ բեմական այդպիսի արտառոց բաներ չեմ կարող անել։

Լավ է, թե վատ՝ մանկուց դատապարտված եմ եղել ինտելիգենտության։

Ծնողների՞ցս էր, սովետական դպրոցի՞ց, դաստիարակությունի՞ց՝ իմ մեջ արտիստիզմ չեղավ։ Նկատիր, մեր սերնդից ով որ արտիստիկ է համարվում, ձեւացնում է… այսօրվա արտիստիզմը ցինիզմ է։ Իսկական արտիստիզմը պահանջում է նույնքան արտիստիկ հասարակություն, ինչպես փարիզյանն է։ Ճիշտ է, ես բանաստեղծ եմ, երգահան, ունեմ ձայն, բայց միեւնույն է, էդ բեմում խաղալը, արտիստ «փախչելը» ինձ համար տանջանք է եղել։

– Միգուցե քո երգերի ներքին բովանդակությունը թույլ չի՞ տվել խաղալ։

– Իմ սերն ուրիշ սեր է եղել։ Հասկանո՞ւմ ես։ Տրուբադուրի, ավելի պլատոնական, եւ իմ աղջիկը նա չէ, որին փողոցում ժամադրում ես, ծաղիկներ բերում, ինքը գալիս է ու չի գալիս, համբուրում է կամ չի համբուրում։ Ինձ համար սերը իդեալ է։ Բայց մեկ է, ամեն ինչ ունի արտիստորեն մատուցելու խնդիրը։ Ես տանջվեցի բեմում, մինչեւ հասկացա, որ կարող եմ նաեւ «արտիստ» լինել, դրա համար պահանջվեցին մի քանի հարյուր համերգներ։

Ես միաժամանակ այնքան էի իմ երգին հավատում, որ չէի ցանկանում էն, ինչ որ պետք է երգին պատկանի, տալ իմ ակադեմիական կրթություն համարվող հնագիտությանը։ Գիտեք, ուսումնասիրում էի Ղարաբաղի գորգերը, գրում էի գիտական հոդվածներ, բայց դրանից հետո զգացի, թե որքան չորացան երգերս։ Դադարեցի գրել։ Էն ժամանակ ես ասացի. դիսերտացիա չեմ պաշտպանելու, վերջ՝ հերիք է քամվեմ…

– Եվ «հրաժարական» տվեցիր նաեւ արձակի՞ն։

– Արձակը դաժան ժանր է։ Մարդ երբ արձակով է զբաղվում, մարդկային ճակատագրերի տիրակալ է իրեն զգում, կառուցում է, սիրում, ծանոթանում, պոետի նման սկսում է քրքրել, խոսք քաշել, նրա ամբողջ կյանքը վերլուծել, շահագործել… որ մի սյուժե կառուցի։ Էդ վերցնելն ինձ բնորոշ չի եղել, որովհետեւ ես միշտ սիրել եմ տալ։ Սակայն ասել, թե արձակ չեմ գրելու, ճիշտ չէ, որովհետեւ պատմվածքներիս ժողովածուն շուտով լույս կտեսնի։ Ինձ հաջողվեց պոեզիան մոտեցնել արձակին։ Երբ «Գարունում» տպագրեցի «Ճամբար» պատմվածքը, ուզում էի իմանային, որ արձակագիրը դեռ չի մեռել եւ ապրում է։

Բրելն ասում էր. «Ես երգը լուրջ ժանր չեմ համարում, որովհետեւ ընդամենը երեք րոպեի մեջ դու պետք է մի պիես խաղաս, մի վեպի երգ երգես։ Փաստորեն, շատ լավ գիտեի, որ այդ երգերը շոու չեն դառնալու, որովհետեւ 1968-69 թթ. գրած երգերս նոր են սկսել հասկացվել։ Երբ ամեն ինչ խաղաղ էր, Երեւանը սիրուն քաղաք էր, մարդիկ բարի էին, մաքուր, ես գրում էի. «Ես կլինեմ վերջին սենտիմենտալ մարդն այս աշխարհում», «Աղբ ու ողբ. ավելների երազը» կամ «Կորցնելու ոչինչը»… Ու որոշեցի պատանեկան ձայներիզը թողարկել, որովհետեւ հասկացա, որ այս օրերին այդ երգերը պետք են, դրանք հասկացվում են։

– Պատրաստ է «Տաղարան» բանաստեղծությունների ժողովածուն 1000 օրինակից, ե՞ւ…

– Այո, մի բարի մարդ հայտնվեց, որոշեց գիրքն ու ձայներիզը հովանավորել։ Ես էլ ասում եմ. ինչու իմ տարիքի, իմ չափ աշխատած մարդը հովանավոր փնտրի։ Դեկտեմբերի 14-ի իմ համերգին եթե հազար ունկնդիր գնի գիրքն ու ձայներիզը, ես այդ գումարով կթողարկեմ երկրորդը, երրորդը… նրանք կդառնան բաժանորդ (տրվելու են կտրոններ)։ Երկուսուկես տարի չորս ձայներիզ թողարկելուց հետո իմ ունկնդիրը կստանա 150 երգ՝ իմ-իր սերնդի երգը, 10 ձայներիզից բաղկացած։ Հասկանալի է, դրանք ավտոմեքենաների մեջ չեն դրվի, որովհետեւ խրախճանքի երգեր չեն։ Իմ երգերի մեջ դրամատիկ իրողություն է, մեր հայկական կոկորդը երգելու եղանակը։ Նույնիսկ կիթառս տարբեր է։

Առաջ ասում էին՝ հեղինակային երգ՝ պայթում էի, հիմա աֆիշին ստիպված պիտի գրես…

– Ինչո՞ւ։

– Օկուջավան պրոֆեսիոնալ բանաստեղծ է, նա չի կարող ինքնուս-հեղինակային համարվել։ Նույնը եւ Վիսոցկին, որը պրոֆեսիոնալ կերպավորող էր, դերասան, այսինքն՝ որեւէ մեկն այդ կոմպոնենտներից թե կա, ցույց է տալիս, թե էդ մարդը շեշտն ինչի վրա է դնելու։

Ես երգում եմ գրականություն։

– Վահրամ, այսօր քո ծննդյան օրն է նաեւ, եւ մենք երեքով ենք, մի՞շտ է այդպես խաղաղ անցնում այդ օրը. մի քիչ տխուր, մի քիչ դատարկ։

– Այսօր շատ եմ մտածել, իմ մանկությունն եմ վերլուծել, իմ սերնդակիցների, մտավորականների, գողերի, գողականների, առեւտրականների… Մենք միասին մի քաղաքի մեջ ապրում ենք եւ մանուկներ էինք, ի՞նչ կատարվեց։ Ինչի՞ համար տեղի ունեցավ մտածողության էս քրեականացումը, էս գողականացումը։ Ինչո՞ւ մարդիկ սկսեցին ծիծաղել, երբ որ ասում ես՝ սեր, հավատ, ազնվություն, բարություն, հայրենիք, մայր, կին, աղջիկ։ Հետո տեսա ինտելիգենցիային՝ երկու տիպի պատանեկությամբ, անապահով, մորթապաշտ, վախկոտ, տեսա էն ինտելիգենտին, որն իր զգուշավորությամբ վախեցել է փողոց իջնել՝ հանկարծ իրեն կծեծեն, հանկարծ կարող է մաքուր հայերենով խոսել (կարո՞ղ է – Ռ.Մ.), իսկ թաղի երեխաները կծաղրեն։ Բայց իրականում փողոցը չի ուզում ծեծել, նրան ծաղրել։ Փողոցն ինքն է ցանկացել սովորել, օրինակ տեսնել…

Գալինայի կերպարը վերցրու։ Եթե նրան սպանում են, նշանակում է այդ երկրում ոչ միայն տղամարդ չկար, այլ ինտելիգենտ էլ չկար։

Մեր ինտելիգենտը փորձել է ոչ թե դաստիարակել, այլ փորձել է թաղի տղու պես մտածել, «գողական գնալ»։

Ահա քեզ Երեւանի պատմությունը։ Քրեականացում եղավ լեզվի, քաղաքական գործիչների։ Ու երեւի այդ պատճառով է, որ երբ որեւէ քաղաքական գործիչ հասնում է որոշակի դիրքի, իրեն շրջապատում է էն խավով։ Ուզում է պրեզիդենտ լինի, ուզում է՝ մինիստր։ Որովհետեւ «մամայի բալա» է, եւ որպեսզի քեզ չծեծեն, դու կարիք ունես թաղի Սերյոժային բերելու քո կողքը, որովհետեւ դու… վախենում ես։ Իմ բանաստեղծություններից մեկն այդպես էլ կոչվում է՝ «Մայթերից ամբիոններ»։

– Հա, ի դեպ, դու Շարժման օրերին հարթակ էլ հասար։ Քեզ իշխանության հասած ընկերներդ չփորձեցի՞ն «սեփականաշնորհել»։

– Ես հանգիստ խղճով ասում եմ. իմ ընկերներից եւ ոչ ոք պաշտոն չի ստացել։

Հարթակում էն ժամանակ էլ կանգնում էր էսինչ մարդու ապագա «ախրանան», եւ էդինչ մարդու տղերքը փակում էին իմ ճանապարհը. Վահրամը չպիտի երգի։ Ես ոչ մի անգամ հարթակ չեմ բարձրացել կողքերից։ Ժողովուրդն ինձ տեսնում էր կիթառով, ասում էր՝ սա Ղարաբաղի երգիչն է. ու ստիպում էին երգել։

– Այնուհանդերձ, քո «Հիշատակարանում» դեպքեր եւ անուններ ես հիշատակում, որոնք այնքան անխռով ուրացանք մենք. Խաչիկ Զաքարյան, Սիմոն, նոյեմբերի հանրահայտ հանրահավաք, «Զվարթնոց» օդանավակայան։

– Ես ոչ պատվերով եմ գրել, ոչ տուրք տվել մոդային։ Որովհետեւ 1998- ին, տպագրելով «Հիշատակարանը», պիտի իմանայի, որ ոչինչ չեմ շահելու։ Դա իմ խղճի ձայնն է, եւ դրա համար «աչոկ» չէի հավաքելու։

Անցած-գնացած տղաների փոխարեն ցանկացա ընդամենն ասել, թե տեսեք, մենք հետեւում ենք ձեզ եւ միշտ հետեւելու ենք։ Երբ Սամվել Շահմուրադյանի հիշատակի համերգին դատարկ նստարաններ տեսա, հասկացա, որ սոսկալի բան է կատարվել։ Ես քաղաքական երգիչ չեմ, ինձ սիրո երգիչ եմ համարել, լիրիկ։ Էն մարդը, որ սիրում էր, նա գնաց կռվելու, պաշտպանելու այդ սերը։ Ինձ միշտ ասում են՝ դու հացադուլ արեցիր, ուրիշները պաշտոն ստացան։ Այո՜, պաշտոնապես առաջին հանրահավաքն իմ շնորհիվ է եղել 1989 թ. մայիսի 13-ին։ Մինչ այդ ոչ մի արտոնված միտինգ չի եղել։ Մի առավոտ, հիշում եմ, զարթնեցի եւ տեսա՝ սպիտակ վարդեր կային կողքիս եւ մի գրություն. «Չուզեցի քեզ անհանգստացնել. Գալինա Ստարովոյտովա»։ Հուզիչ էր, ես գրեցի «Էլեգիան» (մենք իրար սիրահարված ենք եղել, ինչպես հույսի այն օրերին մարդիկ բոլորը… դու սահել ես քրոջ պես, գիշերն իմ կողքով… ի՞նչ երազանքներ անդունդը ընկան, ո՞վ փորձեց մեր վերջին հավատն ու հույսը)։

– Որքան փորձեցի չքաղաքականացնել մեր ներկան, քո ծննդյան օրը՝ չստացվեց։ Վահրամ, դու զգո՞ւմ ես, որ եւս մեկ տարի, եւ մենք այլեւս 21- րդ դարի քաղաքացիներ ենք… 21-րդ դարի Հայաստանը տեսնո՞ւմ ես։

– Կարեւորն այն է, որ 2000 թվականին մենք նշենք Տիրոջ ծնունդը։ Եվ հասկանանք, թե դա ինչ է նշանակում։

Մենք նախապատրաստվում ենք նշելու «մեր» քրիստոնեության 1700– ամյակը։ Լավ է, որ հայերն առաջինն են ճանաչել Քրիստոսին, բայց էստեղ էլ մեր սնապարծությունը տեղի է տալիս, որովհետեւ մենք չենք նշում դրանից առաջ Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը։ Ուշ է ընդունվել, թե շուտ՝ դա չի կարող դառնալ հպարտության առարկա։ Տեսեք, մեզնից 1000 տարի հետո քրիստոնեություն ընդունած ազգեր կան, որոնք իրենց հավատքով, պետությամբ, կենցաղով ավելի քրիստոնյա են, քան մենք։ Եթե մենք 21-րդ դար մի կաթիլ ատելություն տանենք էս դժվարին 20-րդ դարից, կտապալվենք։

Հաջորդ օրն իսկ (1999 թ. դեկտեմբերի 31) պիտի կարողանանք իրար հոգու մեջ նայել, ով կորցրել է՝ օգնենք՝ հատուցել։

Ինքս ինձ համարում եմ քուրմ կամ հոգեւորական, որ երգի միջոցով ինչ-որ բան է քարոզում։ Բոլոր կրոնները երգի միջոցով են քարոզվել, եւ դա ինչ-որ բան ասում է։ Երգով մարդիկ ընդունում են աստվածայինը։ Եվ հավատացեք, հնարավոր չէ մի նոր պատվիրան մոգոնել։ Քրիստոսն ասել է. «Սիրեցեք զմիմեանս»։ Վերջ…

Ռուզան Մինասյանի «Հիշողությունը շիրմաքար չունի» գրքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031