Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Դեկտեմբեր 10,1998 00:00
sex

Ներկայումս Հայաստանում մի տեսակ սովորույթ է դարձել ամեն ինչ համեմատել արեւմուտքի հետ, օրինակներ բերել արեւմտյան ժողովրդավարությունից, տնտեսությունից, անգամ բարքերից։ Հետ չմնալով որդեգրած սովորույթից, մի օրինակ էլ ես բերեմ, այս անգամ Ջոն Օսբորնի «Հետ նայիր զայրացած» պիեսից։

Էլիսոն – Դու չես հավատա, բայց ամուսնությունից առաջ մենք ոչ մի անգամ չենք քնել իրար հետ։

Քլիֆ – Իրոք որ, տարօրինակ է, եթե նկատի ունենանք նրա սկզբունքները։

Էլիսոն – Մեր ծանոթությունից հետո ամեն ինչ այնպես արագ կատարվեց, որ հարմար առիթ չեղավ։ Բայց նա անընդհատ երեսովս էր տալիս, որ կույս եմ եղել։ Կատաղությունից իրեն ուտում էր, ասես ինչ-որ աներեւակայելի ձեւով խաբված լիներ։ Կարելի է կարծել, թե անարատ կինը կպղծի իրեն»։

Ավելացնեմ, որ զրույցը կայացել է 50-ական թվականներին, Անգլիայում եւ գրեթե կես դար անց, միեւնույն է, հայ իրականությունում նման մտածողություն պատկերացնել հնարավոր չէ։ Ավանդապահ Անգլիայից ավանդապահ է Հայաստանը։ Հայ ընտանիքի, օջախի ամրապնդման համար միշտ էլ կարեւոր ու վճռորոշ դեր է խաղացել եւ խաղում է կույս լինելու հանգամանքը։ Դրա հիմքի, արմատի վրա է կառուցվել եւ կառուցվում հայ ընտանիքի հաճախ թվացյալ ամրությունը։ Իհարկե, նոր փոխհարաբերությունների ներմուծումը, բարքերի ազատականացումը նոր մոտեցումներ թելադրեցին կամ պարտադրեցին այդ խնդրի նկատմամբ։ Եվ այդ ամենը ինչ-որ տեղ նոր սերնդին մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության գիրկը գցեց։

Երիտասարդները, եւ ոչ միայն նրանք, պատրաստ են գնալ ցանկացած սեռական հարաբերության, միայն թե ապահովվի դրա գաղտնիությունը։ Երիտասարդների մեծ մասը ձգտում է մինչամուսնական սեռական կապերի, սակայն ամուսնության ժամանակ նախընտրում է կուսությունը պահպանած օրիորդներին։

Ստացվում է, որ մենք կողմ ենք ինքներս մեզ խաբելու տարբերակին, այլապես ինչպես բացատրել, որ մինչամուսնական սեռական կապերի ձգտող ու գնացող երիտասարդությունը ի վերջո ամուսնանում է կույսի հետ։ Մինչամուսնական սեռական հարաբերությունների քողարկված տարբերակի արդյունքում առաջ է գալիս կեղծ բարոյականության ու ամոթխածության մի տեսակ պարտադրված ավանդույթի պահպանում։ Բնավ մտադրություն չունենալով սեռական հեղաշրջում կատարել, պարզապես փոքրիկ հարցում կատարեցի տղամարդկանց շրջանում՝ պարզելու համար, թե ամուսնանալիս նրանք ինչպիսի տեղ են տալիս կնոջ կույս լինելու հանգամանքին։ Ասեմ, որ ինձ համար բացարձակ տարօրինակ ու զարմանալի չէր, որ տղամարդկանցից շատերը իմ այդ քայլն անբարոյական էին համարում. ինչպե՞ս կարող է հայ աղջիկն իրեն թույլ տալ բարձրաձայն նման թեմաների շուրջ խոսել։ Մոռանալով, որ չխոսացող շատ հայ աղջիկների հետ նույն այդ տղամարդիկ հաճույքով գնում են սեռական հարաբերությունների։

Ինչեւէ, տղամարդկանց մյուս մասը խուսափում էր հարցին պատասխանելուց։ Հետաքրքիր է, որ նրանցից ամուսնացածները պնդում էին, թե նման հարց պետք է ուղղել չամուսնացած տղամարդկանց, իսկ չամուսնացածներն էլ, թե՝ ամուսնացածներին։ Իսկ ընկերներիցս մեկը, երբ հարցս ուղղեցի՝ ծիծաղեց. «Եթե ուզում ես հայ տղամարդկանց վերաբերմունքն իմանալ կուսության պահպանման հարցում, ոչ թե ինձ դիմիր, այլ, ասենք, ավտոկայանում հավաքված տղամարդկանց։ Կհարցնես ու սեփական մաշկիդ վրա կզգաս հարցիդ պատասխանը»։

Ես, իհարկե, սրամիտ ընկերոջս խորհրդին չհետեւեցի, քանի որ պատասխանն ակնհայտ է։ Ստորեւ ներկայացնում եմ այն եզակի տղամարդկանց տեսակետները, որոնք չխուսափեցին իրենց մտքերն արտահայտել։

Արա – Ազգային մենթալիտետի իմաստով՝ այո, կարեւոր է կուսության պահպանումը։ Ինձ թվում է, որ այս ամբողջ փոփոխությունները երեւութական կան։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ 20-25 տարեկան տղամարդու պատկերացումներն, ըստ իս, չեն փոխվել վերջին 50 տարում (կամ լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել)։ Չեմ կարող կանխագուշակել, թե չի փոխվի։ Ինձ համար էլ էական նշանակություն է ունեցել։ Կոնկրետ իմ սերնդի տղան ամուսնանալիս, երբ ենթադրվող ժամկետից շուտ էր երեխա ունենում՝ ինչ-որ լարված բան էր մնում ընկերական շրջապատում, այդ մասին չէր խոսվում, բայց…

Սպարտակ – Ոչ, անձամբ ինձ համար դա կարեւոր չէ։ Ինչպես կարող է ամուսնանալիս, կամ սեքսով զբաղվելիս ես նախընտրեմ կույսերին։

Էդուարդ – Կյանքում մի անգամ հետաքրքիր է, բայց ամուսնանալիս դա ոչ մի դեր, նշանակություն չի կարող ունենալ։

Սերոբ – Բարդ է ասել. կա երկու տարբերակ՝ տղամարդու տեսանկյունից գիտակցված եւ չգիտակցված, իսկ աղջկա կողմից՝ պատահական եւ մտածված։ Ինձ համար, այո՛, կույս լինելը էական նշանակություն ունի։

Մհեր – Չէ, չեմ կարծում թե դա որեւէ նշանակություն ունի։ Վերջին հաշվով ես (կամ տղամարդիկ ընդհանրապես) ամուսնանալիս մի՞թե կույս էի։

Արմեն – Իհարկե, ամուսնանալիս շատ կարեւոր է աղջկա կույս լինելու հանգամանքը։ Այդպիսի հարց ընդհանրապես չպետք է դրվի։ Ես սա ասում եմ բոլոր հայ տղամարդկանց անունից, ցույց տվեք մի հայ տղամարդու, ում համար կարեւոր չէ այդ փաստը։

Վահագն – Ինչպես կարող է ամուսնանալիս որեւէ նշանակություն ունենալ կույս լինելու թե չլինելու հանգամանքը։ Ինձ համար նույնիսկ տարօրինակ է, երբ արդեն հասուն աղջիկները, չգիտես ինչու, չգիտես ում համար, չգիտես աներեւակայելի ինչ գնով պահպանում են կուսությունը։ Կարեւորը, իմ կարծիքով, ամուսնանալիս սերն ու հավատարմությունն է։

Կարեն – Ինձ համար բացարձակ նշանակություն չունի թե այդ աղջկա հետ ինչ է եղել մինչեւ ինձ հանդիպելը։ Ինձ համար կարեւոր է, թե նա ինչպիսին կլինի մեր հանդիպումից հետո։ Իհարկե, ես հասկանում եմ, որ շատ բան կախված է հասարակության եւ առավել եւս տղամարդկանց վերաբերմունքից։ Պետք է, որ ժամանակի ընթացքում այդ աննշան հարցը իսկապես աննշան դառնա։

Լեւոն – Անձամբ ինձ համար ամուսնանալիս որեւէ էական դեր չի խաղացել, սակայն ցանկալի է, երբ կնոջդ առաջին եւ միակ տղամարդը դու ես լինում։

Այս խնդիրը փորձեցինք դիտարկել նաեւ բժշկական ու հոգեբանական տեսանկյունից։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031