Աննա Հակոբյանի եւ Տիգրան Ավինյանի հեռակա դիմակայությունը շարունակվում է, իսկ դրան զուգահեռ Երեւանում երթեւեկությունը շարունակում է դառնալ ավելի ու ավելի անտանելի։ Բայց, ըստ երեւույթին, վարորդների համար ապահովվում է ժամանց։ Աննա Հակոբյանն ասում է, Տիգրան Ավինյանը՝ պատասխանում։ Գուցե տեսարանը լիարժեք դարձնելու համար պակասում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Բայց, նա էլ թերեւս կներգրավվի այն ժամանակ, երբ՝ ինքը կձանձրանա մարդկանց բանանով զբաղեցնելուց, իսկ վարորդներն էլ կձանձրանան խցանումների ընթացքում Հակոբյան–Ավինյան փոխհրաձգությանը հետեւելուց, ունենալով թարմության կարիք։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին արժե անել մի հուշում, թե ինչպես է հնարավոր լուծել խցանումների հարցը։ Նա կարող է հրապարակել մի տեսանյութ, ասելով, որ, եթե հայրենասիրությունը հայերին ներարկել է Ստալինը՝ որպեսզի մեզ դարձնի ֆորպոստ, ապա մեքենաների հանդեպ սերն էլ ներարկել է Լենինը՝ երբ հայտարարել է, որ ավտոմեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց։ Փաշինյանը կարող է հայտարարել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է ավտոմեքենաներին վերաբերվել իբրեւ շքեղություն, հետեւաբար բոլոր այն մեքենաները, որոնք շքեղ չեն, պետք է զրկվեն փողոց դուրս գալու հնարավորությունից՝ հանուն անկախության պետականություն ունենալու, հանուն «իրական Հայաստանի», հանուն նարնջագույն կրծքանշանի։ Մեքենայի շքեղության նվազագույն շեմ կարող են սահմանել 50 հազար դոլարը։
Հետո կարելի է հանձնարարել իշխանական քարոզչության ռահվիրաներին, որ նրանք հնարավորինս զարգացնեն այդ միտքը։ Միայն Նիկոլ Փաշինյանի երդվյալ աջակիցների հաշվին՝ նրանց կարգապահ եւ գաղափարական հավատարմության շնորհիվ, հնարավոր կլինի էապես թեթեւացնել Երեւանի երթեւեկությունը, ու այլեւս կարիք չի լինի, որ իշխանության ներկայացուցիչները միմյանց հասցեին փոխհրաձգությամբ կազմակերպեն խցանումների մեջ գտնվողների ժամանցը։ Թեեւ, չի բացառվում, որ իրենց մեքենայից հրաժարվելու գնով «իրական Հայաստան» կերտելու հորդորին ի պատասխան, նվիրյալ երկրպագուները իրենք հեղափոխություն անեն «իրական Հայաստանի» դեմ, առնվազն շքեղ մեքենա ձեռք բերելու համար։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































