Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսությունը միանշանակ պրոբլեմ չէ

Դեկտեմբեր 10,1998 00:00
sex

Գեղամ Վարդանյան՝ սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն

– Մինչ ամուսնությունը կուսության պահպանության խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ բժշկական եւ բարոյահոգեբանական։ Ի սկզբանե մարդիկ հակված են եղել կուսության պահպանությանը, ավելի նախնադարյան ժամանակաշրջանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, գործել են, այսպես ասած, սիրո տաճարներ, որտեղ կատարվել է ամուսնացող աղջիկներին կուսությունից զրկելու արարողությունը՝ բժշկական լեզվով ասած՝ դեֆլորացիան։ Քրիստոնեության ընդունումից հետո սեռական կյանքի մասին հասարակության տեսակետները կտրականապես փոխվեցին։ Նույնիսկ ծայրահեղ մոտեցումը կար (քանի որ քրիստոնեությամբ սեռական հարաբերությունները մեղք էին համարվում), թե այդ «մեղքը» կարելի է գործել միայն երեխա ունենալու նպատակով։

Իհարկե, այստեղ դրական պահ կա, միշտ էլ ամուսիններն ուզում են, որ իրենց կնոջ համար լինեն առաջին տղամարդը։ Դա շատ մեծ լիցք է հաղորդում, շատ մեծ նշանակություն ունի տղամարդու հոգեբանության համար։ Քանի որ կինը համարվում է օջախի ներսի պատ, օջախի հիմք, տան կրակ, ապա ոչ մի տղամարդ էլ չի ցանկանում, որ այդ կրակը ուրիշի կողմից վառված լինի։ Սա՝ բարոյահոգեբանական առումով, իսկ այժմ դիտարկենք բժշկական տեսանկյունից։ Տղամարդու սեռական տվյալների մեծ մասը ի ծնե է եւ ի հայտ է գալիս ավելի շուտ՝ հասունացման շրջանում (10-20 տարեկանում), իսկ կանանց մեծամասնության մոտ սեռական հատկությունները, պահանջները զարգանում են կոնկրետ տղամարդու հետ։

Կինը շատ մեծ ունակություն ունի հարմարվելու կոնկրետ տղամարդու պահանջներին, սեռական կյանքին։ Այդ իմաստով, շատ ցանկալի է, որ կնոջ սեռական վերջնական ձեւավորումն ու զարգացումն ընթանա կոնկրետ տղամարդու հետ, ում հետ այդ կինն ապրելու է ամբողջ կյանքում։ Մեկ այլ հանգամանք եւս կա, որը վերաբերում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններին։ Քանի որ կնոջ դերը առաջին հերթին երեխա ծնելու առաքելությունն է, ապա բացարձակ ցանկալի չէ, որ այդ հիվանդությունները փոխանցվեն մինչ ամուսնությունը։ Դրա հետեւանքով հնարավոր է, որ առաջանան տեղային բորբոքումներ, որը կարող է բերել ամլության։

Պետք է նկատել, որ վերջերս կուսության պրոբլեմի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխություն կա։ Դա ինչ-որ տեղ արդարացված է. կան հակադիր օրինակներ, որոնք ես հաճախ եմ բերում։ Կան բազմաթիվ կանայք, որոնք պահպանելով կենսաբանական կուսությունը, տարբեր ձեւերի սեռական հարաբերություններ են ունենում բազմաթիվ տղամարդկանց հետ։ Տեխնիկական տեսակետից դա այնքան էլ դժվար չէ, փաստացի ստացվում է, որ այդ աղջիկն իբր կույս է, բայց նա բացարձակ կույս չէ։ Եվ երկրորդ օրինակը. բազմաթիվ աղջիկներ անփորձությունից, տեղի տալով սիրած տղամարդու պահանջներին, սեռական հարաբերությունների մեջ են մտնում, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվում են, թեպետ կարող էին հավատարիմ կին եւ նվիրված մայր լինել։ Հիմա ո՞ր տարբերակում էր աղջիկը կույս։ Այսինքն՝ կուսությունը միանշանակ պրոբլեմ չէ. որ կա՝ ուրեմն լավ է, եթե չկա՝ ուրեմն վատ է։ Պետք է այդ խնդիրը դիտարկել ընդհանուր առմամբ, գնահատել բոլոր տարբերակները։ Այդ հարցը մեծապես կախված է սեռական կյանքի, հիգիենայի մասին կոնկրետ ընտանիքի պատկերացումներից։

 ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031