Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակողը Արմենակյանը չէր

Դեկտեմբեր 12,1998 00:00

 «Առավոտի» նախորդ համարում տպագրվել էր մի լուր, ըստ որի թիվ 61 դպրոցի տնօրեն, Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վանյանը դեկտեմբերի 10-ին աշխատասենյակ մտնելով հայտնաբերել է, որ իր պատուհանին կրակոցների հետքեր կան։ Պարոն Վանյանը դա բացատրել է Նորք-Մարաշի համայնքապետ, երկրապահ Արմենակ Արմենակյանի հետ լարված փոխհարաբերություններով։

Թերթի այս հրապարակումը խիստ վրդովեցրել էր ԱԺ պատգամավոր, «Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրեն Անդրանիկ Մանուկյանին, որին եւ առանց մեկ վայրկյան հապաղելու, «Առավոտը» սեփական մտորումները ներկայացնելու ամբիոն տրամադրեց.

– Կարդալով դեկտեմբերի 11-ի «Առավոտ» օրաթերթի «Երկրում մոլեգնում է քաղաքական տեռո՞րը» լուրը, շատ զարմացա։ Իմ կարծիքով, այն, ինչ ներկայացրել է Գեորգի Վանյանը եւ ինչ հրապարակվել է թերթում, աբսուրդ է։ Դա բացառվում է։ Արմենակ Արմենակյանն այդպիսի մարդ չէ, նա իրեն նման բան թույլ չէր տա։ Բացի այն, որ նա ԱԺ պատգամավոր է, նաեւ Նորք-Մարաշի թաղապետն է, հեղինակավոր անձնավորություն։ Արմենակ Արմենակյանը, իմ խորին համոզմամբ, իրեն կարող էր նման արարք թույլ տալ, եթե գործ ունենար ադրբեջանցու հետ։ Եթե Գեորգի Վանյանն ադրբեջանցի լիներ, Արմենակ Արմենակյանը գուցե թե նրան ավելի խիստ պատժի ենթարկեր։ Ես որքան տեղյակ եմ, Արմենակ Արմենակյանը հենց այդ՝ թիվ 61 դպրոցին ապակիներով է ապահովել, չեմ հիշում 40 թե 100 քառ. գծամետրի չափով։ Դրանից հետո դպրոցի ապակիները փոխվել են։ Ես Վանյանի հայտարարածը բացառում եմ, դա հերյուրանք է։ Ես շատ լավ եմ ճանաչում Արմենակ Արմենակյանին եւ իմ խոսքն ասում եմ խորին համոզմամբ։

– Շատ լավ եք անում, որ լավ եք ճանաչում Արմենակ Արմենակյանին, բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք նրա փոխարեն դուք ցանկանում հանդես գալ պատասխան խոսքով։ Ինչ է, Արմենակյանը հայերեն չգիտի՞։

– Ես տվյալ դեպքում հանդես եկա ոչ թե իբրեւ ԱԺ պատգամավոր, այլ իբրեւ սովորական քաղաքացի։ Ես ինքս Նորք-Մարաշ թաղամասում եմ ապրում։ Բացի այդ, ես ու Արմենակն էլ ընկերներ ենք։ Պետք է ասեմ նաեւ հետեւյալը. եթե մի մարդ եկեղեցի է կառուցում, իսկ Արմենակ Արմենակյանը եկեղեցի կառուցել է, ապա նա նման քայլի չի կարող դիմել։ Ես ոչ թե նրա փոխարեն եմ պատասխանում, այլ սեփական խոսքս եմ ասում։ Կարծում եմ՝ նա էլ իր խոսքը կասի, նա այսօր պարզապես Ազգային ժողովում չէ, եւ լրագրողների հետ շփվելու հնարավորություն չունի։ Վստահ եմ, որ նա էլ է նույնը ասելու։ Դա հերյուրանք է իր հասցեին, իսկ ես, որպես ընկեր, որպես նրան ճանաչող մարդ, կարող եմ հստակ ասել՝ պետք չէ դա կապել Արմենակյանի հետ։ Նա հարգված թաղապետ է, եկեղեցի կառուցող մարդ, ազգի համար կռիվ անող մարդ, վերջիվերջո, պետք է նկատի առնենք, որ նաեւ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարն է եղել։ Այդքան տառապանք տեսնելուց հետո, պատերազմի դաշտ տեսնելուց հետո, Շահումյանի պարտիզաններից լինելուց հետո, իրեն նման բան նա երբեք թույլ չէր տա։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031