Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ տպավորությունը Հայաստանից մարդկային ռեսուրսներն

Դեկտեմբեր 24,1998 00:00
HB

Իր առաջին ասուլիսում այս միտքը երեք անգամ կրկնեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը։ Պրն Սաադաթը հետաքրքիր աշխատաոճ է որդեգրել։ Նա չափազանց բարեհամբույր է, համբերատար եւ ի նշան իր հրավիրած ասուլիսին մասնակցելու շնորհակալության, հերթով սեղմում է բոլոր լրագրողների ձեռքերը։

«Առավոտն» արդեն հայտնել էր, որ ՀԲ-ն պատրաստվում է 65 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին՝ կառուցողական բարեփոխումների համար։

Երեկ Համաշխարհային բանկում այդ մասին պաշտոնապես ասվեց լրագրողներին։ Վարկի այդ չափի տրամադրման առիթը հետաքրքիր բացատրություն ունի. «Դրանով օգնել Հայաստանին հաջողությամբ հաղթահարելու Ռուսաստանի ճգնաժամի ազդեցությունը»։

Քանի որ վերջերս ենք հարցազրույց վերցրել պրն Սաադաթից, եւ ասուլիսում հնչած գրեթե բոլոր հարցերը շոշափվել են, այդ պատճառով կներկայացնենք միայն այն հարցերը, որոնք ինչ-ինչ պատճառներով շրջանցվել էին։ Պատասխանելով Ինտերֆաքսի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է պրն Սաադաթը գնահատում Հայաստանի եւ ՀԲ-ի համագործակցությունը, ի՞նչ ծրագրեր են իրականացվել 1998-ին եւ ի՞նչ ծրագրեր կիրականացվեն գալիք տարում, պրն Սաադաթը պատասխանեց. «… 1998 թ. ընթացքում մենք հաստատեցինք մունիցիպալ զարգացման ծրագիրը։ Այս տարվա ընթացքում մենք ընդհանուր առմամբ մոտ 100 միլիոնի վարկավորում ենք տրամադրել։ Խոսելով այս մասին, ես ուզում եմ մեկ այլ հարց կարեւորել. ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը չի կարող բնութագրվել այն վարկերի եւ ծրագրերի քանակով, որ ՀԲ-ն տրամադրել է Հայաստանին։ Մենք զարգացման գործընկերներ ենք եւ փաստորեն շատ կարեւոր է, որ քաղաքականության ուղղությունների խորհուրդը, որ մենք տալիս ենք եւ այն միջազգային փորձը, որ մենք առաջարկում ենք կառավարությանը, մեզ համար շատ կարեւոր է, վստահ լինենք, որ… որոշումները ճիշտ հիմքի վրա են կառուցված։ Պետք է հիշենք, որ ՀԲ-ն կոոպերատիվ է, եւ Հայաստանը ՀԲ-ի սեփականատերերից մեկն է…»։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք պարոն Սաադաթը չի պատրաստվում իր նախորդի՝ Վահրամ Ներսիսյանցի նման ստվերային նախարար դառնալ, պարոն Սաադաթը պատասխանեց. «… Ես որեւէ նպատակ չունեմ ստվերային նախարար դառնալու, եթե նման նպատակ ունենայի կմասնակցեի ընտրություններին իմ երկրում…»։

«Երկիր» օրաթերթի աշխատակցի հարցը աղետի գոտում իրականացվող ծրագրերը երեք անգամ կրճատելու մասին, այսպիսի պատասխան ստացավ. «Աղետի գոտու վերականգնման ծրագիրը ավարտվել է 1997 թվականին, եւ նրան հաջորդել է մունիցիպալ զարգացման ծրագիրը, որի մեջ ընդգրկված են եղել շատ քիչ աշխատանքներ, որը հետագայում վերածվել է ոռոգման ջրի, խմելու ջրի ծրագրի Երեւանի համար։ Այսինքն այսպիսի ծրագիր՝ աղետի գոտու վերականգնման, 98-ի համար չի եղել»։ Այնուհետեւ, մեկ ճշտումով ավելացվեց, որ «սովորաբար ծրագրերը եւ նպատակաուղղվածությունը դա Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է»։

Իսկ ընդհանրապես «առանց որեւէ ամոթի» պարոն Սաադաթն ասաց, որ ՀԲ-ի ծրագրերի մեկ-երրորդը չեն համապատասխանել իրենց գնահատականին։ Տեղում էլ, լրագրողներին հավանաբար լավ ճանաչելով, պարոն Սաադաթը խնդրեց, որ սա չվերագրվի հայաստանյան ծրագրերին։

«Առավոտը» խնդրեց հարցազրույցում հնչած այն միտքը. «Թեեւ կան բավականին լուրջ պրոբլեմներ բարեփոխումների իրականացման մեջ», ավելի հստակեցնել, պարոն Սաադաթն հերքեց, թե ինքն այդպիսի միտք է արտահայտել։ Թերեւս ձայնագրության ապացույցը եւ արդեն տպագրված տեքստը որեւէ բան չեն ասում։ Ի՞նչ արած… Շարունակելով թեման, ասենք, որ նոր տարում մի շարք նոր ծրագրեր կիրականացվեն։ Առաջինը՝ էներգիայի փոխանցման եւ բաշխման ծրագիրն է՝ 52 միլիոն դոլար։ Հաջորդը՝ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, մոտ 10 միլիոն դոլար։ Երրորդը՝ սոցներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիրն է՝ 20 միլիոն դոլար։ Ծրագրի նպատակն է «չքավոր համայնքների կյանքի բարելավումը»։ Հաջորդ ծրագիրը տրանսպորտի սեկտորի ծրագիրն է, որը կընդգրկի նաեւ երկաթգծի խնդիրը։

… Իսկ այն ասեկոսեները, թե ՀԲ-ն է պարտադրում էլէներգիայի եւ ջրի սակագների բարձրացումը, ընտանեկան նպաստի համակարգին անցումը, պարոն Սաադաթը փորձեց ցրել այսպես. «Մենք երբեք կառավարությանը որեւէ բան չենք ստիպում, մենք պարզապես բարեհամբույր ձեւով առաջարկում ենք։ Սա կառավարության ներքին որոշումն է, որը պետք է մաքսիմալ բարենպաստ լինի մարդկանց համար։ … Այդ ամենը եղել է կառավարության հետ երկարատեւ երկխոսության արդյունք։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ յուրաքանչյուր քաղաքականություն երաշխավորելուց ՀԲ-ն նկատի է ունենում այն ազդեցությունը, որ նա կունենա անպաշտպան խավի վրա, եւ այդ խորհուրդները ընդունել կամ չընդունելը կառավարության գործն է, պատասխանատվությունը կառավարության գործն է»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031