Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ԿՔԱՆԴՎԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԿԾԻԿԸ

Հունվար 27,1999 00:00

ԱՐԴՅՈՔ ԿՔԱՆԴՎԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԿԾԻԿԸ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի պատասխանատու, նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի տնտեսական ենթահանձնաժողովի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ զրույցի առիթը Ռոբերտ Գրինի գործն էր։ – Նախ, ի՞նչ առնչություն ունեք այդ գործին։ – 1997-ին, երբ Կալիֆորնիայի համալսարանի երեք այլ պրոֆեսորների հետ աշխատանքային այցով գտնվում էի Հայաստանում, «ԱրմենՏելի» պաշտոնյաների հետ հանդիպման առիթ եղավ։ Հայաստան վերադառնալուց հետո էլ, «ԱրմենՏելի» հանդեպ մասնագիտական հետաքրքրությունից ելնելով՝ բազմաթիվ առիթներ եմ ունեցել հանդիպելու թե՛ ամերիկյան եւ թե՛ հունական կողմերի ղեկավար կառավարիչների հետ՝ ուսումնասիրելու հանրությանը մատչելի բազմաթիվ փաստաթղթեր։ Վերջին հաշվով, այս ամենն ինձ հետաքրքրեց որպես տնտեսագետի եւ քաղաքացու։ – Խնդրեմ ներկայացրեք Ռոբերտ Գրինի գործի էությունը։ – Ռոբերտ Գրինն «ԱրմենՏելի» համար խորհրդական է աշխատել՝ իր խորհրդատվական «Anglia Consulting» ընկերությամբ եւ համարվում էր «ԱրմենՏելի» տնօրենի խորհրդականը՝ կառավարման հարցերով։ Չի կատարվել իր ծառայությունների դիմաց նրան 210 հազար դոլար վճարելու պարտավորությունը։ Սա եղել է ամերիկացիների օրոք եւ, երբ ղեկավարման փաթեթը հանձնվեց հույներին, ըստ Ռոբերտ Գրինի՝ նրանք եւս թերացան այդ պարտքը մարել։ Ի թիվս նաեւ ղեկավար երեք այլ աշխատակիցների՝ Ռոբերտ Գրինին անցած տարվա աշնանը հեռացրել էին աշխատանքից։ Սա կարող է անձնական խնդիր դիտվել, որ Ռոբերտ Գրինը նեղացածի դիրքերից է փորձում դատ սկսել։ Բայց նա «ԱրմենՏելի» գործունեությանն առավել լավատեղյակ անձանցից մեկն է եւ մեզ համար նպաստավոր տվյալներ ունի այսօր։ 70 անուն փաստաթղթեր են, որոնք հիմնականում բացահայտում են կեղծիքների, կաշառքի, զեղծարարությունների եւ նույնիսկ դրամաշորթության փաստեր։ Ռոբերտ Գրինը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը 70 մլն դոլարի վնաս է կրել «ԱրմենՏելն» ի սկզբանե թերագնահատելու պատճառով։ Դրանից հետո կաշառքով միջնորդված ծածուկ գործարքներ են կատարվել, որոնք եւս մեծ վնաս են հասցրել Հայաստանին։ – Դուք ծանո՞թ եք այդ 70 անուն փաստաթղթերին։ Այնտեղ անուններ կա՞ն, թե ովքեր են կատարել այդ հանցանքները։ – Սկսենք զեղծարարությունների փաթեթից։ OTE-ի ներկայիս պարտքը ամերիկյան կողմի՝ պարտքերի արհեստականորեն արագացված մարման հետեւանք է։ «SIEMENS» գերմանական ընկերությունից գնված սարքավորումները, այժմ պարզվում է, որ ցածրորակ են եղել, եւ դրանց համար մի քանի անգամ ավելի թանկ են վճարել։ Նպատակն այն է եղել, որ հույներին գոնե որոշ չափով արդիականացված, ավելի որակյալ սարքավորումներով հեռահաղորդակցության համակարգ ներկայացվի։ Եվ վճարել են ոչ թե ընթացիկ շահերից, եկամտից, այլ բանկային երաշխիքային գումարներից։ Եվ ծայրահեղ դեպքերի համար նախատեսված այդ գումարը մսխվել է ամբողջությամբ։ Ավելին, պարտքեր են կուտակվել, որոնք այժմ արդեն մասամբ պիտի մարի OTE ընկերությունը։ Եվ ահա OTE-ն էլ ռիսկի քիչ տոկոսը ստանձնելու մտավախությամբ՝ փորձում է սակագների բարձրացման միջոցով մարել պարտքերը։ Այլեւայլ բազմաթիվ փաստեր կարելի է նշել։ Ասենք, թե ինչպես է Երեւանի քաղաքային ցանցը դարձել TWT-ի դուստր ձեռնարկություն եւ այլն։ Բնականաբար, այս ամենը միջնորդված է եղել կաշառքներով, որոնց մասին տեղյակ է ոչ միայն Ռոբերտ Գրինը, այլեւ «ԱրմենՏելի» տնօրենի մեկ այլ նախկին խորհրդականը՝ Սթիվ Ուոլքերը, Միքայել Նշանյանը, Վահրամ Սողոմոնյանը, որոնք տարիներ շարունակ աշխատում էին այդ համակարգում։ Անուններ էլ կան, թե ում են տրվել այդ կաշառքները։ Գրինը մասնավորապես նշում է Գրիգոր Պողպատյանի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները։ Պարզվում է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը հստակ չի միջամտել «ԱրմենՏելի» գործերի կառավարմանը, ծրագրերին՝ թեկուզ իր 10 տոկոս բաժնեմասի չափով։ … Սպանդարյանի դատարանը 2 անգամ մերժեց Ռոբերտ Գրինի հայցը։ Ըստ վերջինիս, առաջին քննությունից հետո դատավոր Ելիզավետա Դանիելյանը խոստովանել է, որ ստիպված է եղել այդպիսի որոշում կայացնել։ Եվ Ռոբերտ Գրինը դա մեկնաբանում է որպես դարձյալ կաշառքի հետեւանք։ – Այնուամենայնիվ, պաշտոնական ի՞նչ պատճառաբանությամբ են մերժվել հայցերը։ – Որեւէ լուրջ պատճառաբանություն չի ներկայացվել՝ պարզապես մերժել են։ Մեզ համար շատ վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ այս գործը։ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության աջակցությամբ՝ հետաքննիչների մի խումբ է այստեղ ժամանել։ Որոշակի շրջանակներում արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրանում։ Բողոք-նամակներ են ուղարկվել Սպիտակ տուն, Միացյալ Նահանգների Կոնգրես, Սենատ։ Ասենք, ԱՄՆ Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Օրին Հեթչը շատ սուր հարցադրումներ է ներկայացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանին եւ ԱՄՆ առեւտրի նախարար Շերլին Բարշեւսկուն։ Պրն Շուգարյանին ուղղված նամակում ասվում է, որ Երեւանում «ԱրմենՏելի» դեմ դատավարությունը ցանկալի արդյունքներ չի ստանում եւ արդարացի պահանջներ են ներկայացված։ Եվ նա ուղղակիորեն պահանջել է Ռուբեն Շուգարյանից անձնական միջամտություն ցուցաբերել գործը դրական արդյունքների հասցնելու համար։ (Երեւի ԱՄՆ-ում էլ գիտեն, որ մեր դատարաններն այդքան էլ անկախ չեն, ինչքան այդ մասին տարփողվում է եւ միջամտությունները բավական ազդու լծակ են- Ա. Ի.)։ Հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է անդամակցելու Առեւտրի համաշխարհային ընկերակցությանը եւ ԱՄՆ-ի կարծիքը կամ աջակցությունն այդ հարցում որոշիչ կարող են լինել։ Սակայն արդարացի լուծում չլինելու, հստակ պատասխաններ չստանալու դեպքում անդամակցությունը կարող է վտանգվել։ Սա Հայաստանին շատ ծանր կացության կարող է մատնել, քանզի հայտնի է, որ Առեւտրի համաշխարհային ընկերակցությանն անդամակցությունը բավական արտոնություններ է ընձեռում, իսկ մերժման դեպքում՝ հակառակը։ Ավելի սուր հարցապնդումներ են արված Շերլին Բարշեւսկուն, որն էլ պիտի անձամբ միջամտի կասեցնելու Հայաստանի անդամակցությունը։ Ինչեւէ, Ռոբերտ Գրինի փաստաթղթերում տվյալներ են, որոնք Հայաստանի կառավարության աջակցությամբ հնարավոր է վեր հանել։ Սա մի կողմից կնպաստի, որ Ռոբերտ Գրինի նկատմամբ արդարությունը վերականգնվի, մյուս կողմից՝ այդ բոլոր փաստերը կօգնեն կառավարությանն ավելի հստակ հարցադրումներ ներկայացնել։ Սրանով նաեւ քանդվում է մի կծիկ, որը տանում է «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացմանը։ – Երկու անգամ իր հայցը մերժվելուց հետո ի՞նչ այլ միջոցների է դիմել Ռոբերտ Գրինը։ – Գործը երրորդ փուլում է՝ ավելի մանրամասն փաստարկներով պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։ Եվ եթե այնտեղ էլ մերժում ստանա՝ հայցը միջազգային ատյաններին կհանձնվի։ Ռոբերտ Գրինին բավական լուրջ փաստաբաններ են օգնում։ Իր իսկ վկայությամբ, FBI-ն էլ է աջակցում այդ առնչությամբ հետաքննչական աշխատանքներ տանելու։ Դա կարող է մի քանի ամիս տեւել, բայց վստահաբար՝ դրանք վեր հանվող գործեր են։ Ամերիկացիները շատ պրագմատիկ են եւ աբստրակտ գործի վրա այսքան ուժեր չէին կենտրոնացնի։ – Մեկ շաբաթ առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պատվիրակության կազմում հանդիպել էիք վարչապետին։ Փորձե՞լ եք պարզել, թե նա ինչ դիրքորոշում ունի Ռոբերտ Գրինի գործի վերաբերյալ։ – Ցավոք, մանրամասն այդ մասին չենք խոսել։ Մենք միայն ակնարկել ենք, որ այդպիսի մի գործընթաց, դատավարություն կա։ Եվ մեր պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել «ԱրմենՏելի» վերաբերյալ աջակցության հնարավոր բոլոր ուղիներն օգտագործել։ Նաեւ նշել ենք, որ մենաշնորհի վերացման եւ այլ խնդիրների լուծման բանաձեւեր կան։ Գոնե ինձ առայժմ հայտնի չէ, թե գործնական ինչ ընթացք կունենա այս զրույցը։ Բազմաթիվ կեղծիքների վերաբերյալ այդ հետաքննությունը կարող է հանգեցնել, որ չեղյալ հայտարարվի TWT-ի նախնական պայմանագիրը, որի հիման վրա էլ հետո իրականացվեց «ԱրմենՏելի» վաճառքը հունական կողմին։ Եվ միգուցե OTE-ն այդ ժամանակ ստիպված լինի Հայաստանի կառավարության հետ համատեղ ուղինե՞ր որոնել։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել