Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՎԵՐՋՈ, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՀԱՎԱՏԱԼՈ՞Ւ Է ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻՆ

Փետրվար 17,1999 00:00
ankaxutyun

Անկախությունը լուրջ փորձություն է ցանկացած ժողովրդի համար: Դա ոչ թե պատմականորեն թելադրված վիճակ է, այլ տվյալ ժողովրդի կամքը՝ ազատ ապրելու եւ ստեղծելու սեփական կուլտուրա: Այսինքն՝ տեր Աստծո ամենամեծ պարգեւը։

Ինչո՞ւ փորձություն: Որովհետեւ, երբ այլեւս ոչ ոք չի որոշում քո փոխարեն, երեւում է քո իսկական դեմքը՝ սկսած կենցաղի կազմակերպումից մինչեւ աշխարհի հետ հարաբերությունները: Սրանով է որոշվում կուլտուրայի աստիճանը: Միաժամանակ, առանց ազատ ապրելու, հնարավոր չէ դա ստեղծել, որովհետեւ քո փոխարեն վճռում է ուրիշը՝ ինչպես ապրել, ում ինչպես վերաբերվել եւ այլն:

Անկախություն ստանալուց ի վեր, զարմանալի համառությամբ, սկսվեց դրա վարկաբեկումը: Լիբերալ կոչվող քաղաքական ուժը տարիների իր գործունեությամբ հասցրեց այն վիճակին, որ Հայաստանի ժողովուրդը մեկ մարդու պես ստորագրեց Ռուսաստանին միանալու ինդուլգենցիան: Կորավ հավատը սեփական ուժերի, սեփական կուլտուրա ստեղծելու հանդեպ: Նույն ժամանակ քաղաքական այդ խումբը, որն իր վրա էր վերցրել ժողովրդի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը, իր նվաճումների շարքում մինչ այսօր նշում է անկախությունը, դրանով, փաստորեն, իրեն հակադրելով ժողովրդին եւ ներկայիս զարգացումներին: Գաղափարի վարկաբեկումը սկսվեց հենց այդտեղից, երբ մեծագույն շնորհը վերածվեց քաղաքական խմբի ձեռքբերման: Իսկ օրինակը կար. եթե մնացյալ 14 հանրապետություններում քաղաքական նոր կամ նորացված վերնախավերը չկարողացան հեռու պահել իրենց ժողովուրդներին ջարդերից, ավելին, օգտագործեցին մարդկային կյանքերը իշխանության հասնելու համար, միակ հանրապետությունը, որ հեռու մնաց դրանից, Ուզբեկստանն էր: Չնայած ցնցումների ու ողբերգությունների համար ամենաշատ «պատճառ» այնտեղ կար: Ուզբեկ ղեկավարները պարզապես գործի լծվեցին, եւ այսօր միակ ետխորհրդային պետությունն է, որի տնտեսության մեջ իրական ներդրումներ կան աշխարհի ամենահայտնի կորպորացիաների կողմից:

Հայաստանում այդ ամենը դարձավ ցուցանակ: Շատ արագ հորինվեցին «օբյեկտիվ» պատճառներ, որոնք կոչված էին արդարացնել վերնախավի գործողությունները: Ձեւավորվեց մի քաղաքական համակարգ իր տնտեսական լրացումներով, որը որեւէ առնչություն չուներ ժողովրդի ձգտումների, հոգսերի հետ: Մարդիկ կորցրին հավատն այն ամենի հանդեպ, ինչն ընձեռում էր անկախությունը, եւ սկսեցին ապրել իրենց օրենքներով, պետությունից անկախ: Իսկ համակարգը բավական «համոզիչ» էր. կար իշխանություն, կար ընդդիմություն, տնտեսական ինչ-որ մոդելներ: Սակայն անզեն աչքով իսկ տեսանելի էր, թե որն էր համակարգի ստրատեգիան. ստեղծել պարազիտ հասարակություն:

Մեծագույն հարվածը սեփական ժողովրդին տեխնոլոգիական շրջափակումն էր, արդյունաբերության ոչնչացումը: Որքան էլ օբյեկտիվ դժվարությունները վկայակոչվեին եւ մատնացույց արվեր Ռուսաստանի համար զենք արտադրող գործարանների անհեռանկարայնությունը, կային ճյուղեր, որոնք փոքրիկ ցանկության դեպքում կաշխատեին՝ տեքստիլ, սննդարդյունաբերություն, կոշկեղեն, մետալուրգիա: Սրանք ռուսական հրթիռների հետ կապ չունեին եւ լիովին համապատասխանում էին տեղական ավանդույթներին ու պաշարներին: Այն, որ դա հատուկ էր արվում, եւ ցանկություն չկար ռեալ տնտեսություն աշխատեցնել, վկայում են այն բազմաթիվ դեպքերը, երբ ներդրողներին ամենաանհեթեթ պատճառաբանություններով հեռացնում էին Հայաստանից:

Այս տեսակետից զարմանալի չէ, որ համակարգը այսօր էլ շարունակում է, գուցե չհասկանալով, իր համար ամենակարեւոր գործը՝ Հայաստանի տեխնոլոգիական շրջափակումը: Խորհրդարանում, մամուլով վարկաբեկվում է ներդրումների գաղափարն անգամ: Բանը հասել է այնտեղ, որ շրջանառության մեջ է դրվել «մեզ ստրկացնում են» հայրենասիրական լոզունգը: Այն, որ տնտեսական գործարքները հանրության համար կասկածանքի շղարշով են պատված, ավելի է շիկացնում մթնոլորտը: Մի բան, որից տուժելու է միայն եւ միայն ժողովուրդը: Այս դեպքում ակնհայտ է երկու պահ՝ քաղաքական, քանի որ տեխնոլոգիաների հոսքը Հայաստան նախկին համակարգին վերջնականապես դուրս է մղելու ասպարեզից, եւ տնտեսական, քանի որ համակարգի ստեղծած տնտեսական մոդելը չի դիմանալու մրցակցությանը: Մոդել, որ հիմնված է գողության եւ հովանավորչության վրա եւ ընդգրկում է հանրության 5%172ը: Եվ խիստ բնական է, որ այս 5%172ն ամեն ինչ անելու է, այդ թվում շահագործելով մարդկանց սրբությունները, որ իր դիրքերը չթուլանան: Եւ մեծ հաջողությամբ քաղաքական երանգ է տալիս ցանկացած իրադարձության, նույնիսկ գողության բացահայտումներին:

Ի վերջո, որեւէ մեկը հավատալո՞ւ է Հայաստանի ապագային: Նախկին համակարգը դրան չէր հավատում: Նոր իշխանության քայլերը անտրամաբանական են: Հանրությունը իր համար ապրելու ձեւեր է փնտրում: Նա այն աստիճան է նսեմացվել, որ չի հավատում սեփական ուժերին եւ վատ կարծիքի է իր հնարավորությունների մասին: Սակայն, հավատացեք, մենք ավելի վատը չենք, քան ուզբեկը կամ ճապոնացին: Ուղղակի անկախությունը լուրջ փորձություն է: Հիմա, եթե ցանկանանք էլ, մեր փոխարեն որոշող չի լինելու, իսկ նրա սպասումների ու փնտրտուքի մեջ կորցնելու եւ կորցնելու ենք:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728