Լրահոս
Օրվա լրահոսը

Անջուր, անլույս,… անխիղճ

Փետրվար 25,1999 00:00

Անջուր, անլույս,… անխիղճ Մեր հանրապետությունում վերականգնվել է կոռ ու բահրայի ժամանակաշրջանը։ Մեր հանրապետության քաղաքացին չգիտի՝ ի՞նչ անի, ո՞ր հարկը վճարի եւ ո՞րը չվճարի։ Ջրի վարձը իշխանությունները սահմանել են 420 դրամ։ Ըստ քաղաքաշինության նախարարության՝ կազմակերպված կոմունալ քաղաքականության վարչության պետ Արշակ Նազարյանի, 420 դրամը քաղաքացին պարտավոր է վճարել այն ժամանակ, երբ օրվա ընթացքում ստանում է 250 լ ջուր։ Երեւանում բոլորը գիտեն, որ քաղաքացին այդքան ջուր չի ստանում։ Շատ շենքերում ջուր լինում է առավոտյան, երբեմն էլ՝ երեկոյան (երբ ջրի պոմպը աշխատում է), այն էլ 2 ժամով։ Օրվա մնացած ժամերին բնակիչները ջուր վերցնում են հարեւան շենքերի բակերից, նկուղներից, ցայտաղբյուրներից, երբեմն առաջին հարկերից՝ որտեղից պատահի։ 1998 թ. ընթացքում նույն ձեւով ենք ջուր ձեռք բերել, այսինքն՝ չենք ստացել 250 լ ջուրը, որի համար շենքի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հարկերի բնակիչներս որոշել ենք կամ ջրի վարձը չվճարել, կամ կիսով չափ վճարել, կամ վճարել մեր խղճին համապատասխան։ Բնակիչների վերջնական որոշումով Երեւանում ջրաշինարարական աշխատանքներին օգնելու նպատակով մտադիր ենք վճարել յուրաքանչյուր շնչի համար 100 դրամ։ Այդ մասին գրավոր հայտնել ենք քաղաքապետին եւ հանրապետության նախագահին։ Բնակարանային շահագործման գրասենյակները բնակարանի վարձը անվանափոխել, դարձրել են սպասարկման վարձ։ Հարց է առաջանում. եթե բնակշահագործման գրասենյակները չեն կատարում ընթացիկ կամ հիմնական՝ տանիքի, մուտքերի, հարթակների, պատուհանների վերանորոգումներ, ապա քաղաքացին ինչո՞ւ պետք է վճարի բնակարանային կամ սպասարկման վարձը։ Ուշագրավ է, որ 1994-97 թթ. էլեկտրաէներգիայի սակագները վերանայվել են 5 անգամ եւ միայն գները բարձրացնելու նպատակով։ Դատեք ինքներդ. 1994 թ.՝ ընդամենը 8 դրամ, 1995 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը՝ 10 դրամ, 1995 թ. հոկտեմբերի 1-ից 1996 թ. ապրիլի 1-ը՝ 12 դրամ, 1996 թ. ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ 14 դրամ, 1997 թ. հունվարի 1-ից մինչեւ 100 կվտ/ ժամի համար՝ 15 դրամ, 100-150 կվտ-ի համար՝ 22 դրամ, 250-ից ավելի՝ 25 դրամ։ Հավանաբար ելնելով ժողովրդի համբերությունից, այս տարվա հունվարի 1-ից սակագները 1 կվտ/ժամի համար դարձրին 25 դրամ։ Կամ հեռախոսի վարձը 2.50 ռուբլուց դարձրին 100 դրամ, դա քիչ էր՝ դարձրին 600 դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ից՝ 900 դրամ։ Ասում են՝ «խավար» մարդկանց մոտ բացակայում է խիղճը։ Մի՞թե վերոնշյալ վարձերը բարձրացնող պարոնները խավար մարդիկ են։ Ի՞նչ անի թոշակ եւ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացին։ Չէ՞ որ ստացած թոշակը կամ աշխատավարձը չի բավականացնում նույնիսկ սնվելուն կամ կենսունակությունը պահպանելուն։ Լ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել