Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂԻՆ»

Ապրիլ 07,1999 00:00

Հարցազրույց Հրանուշ Հակոբյանի հետ

-Տիկին Հակոբյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 121 կին։ Դուք խորհրդարանում մի քանի անգամ եք եղել եւ կրկին առաջադրվում եք։

– Դուք ճիշտ նկատեցիք, ես խորհրդարանում նոր մարդ չեմ, բավականին փորձ ունեմ, գիտելիք, առավել եւս՝ իրավաբանական գիտելիք։ Խորհրդարան պետք է գան պրոֆեսիոնալները։ Ես զարմացած եմ, որ այսքան մեծ թվով հայտ է ներկայացվել։ Երեւի շատերին թվում է, թե խորհրդարան կարելի է գնալ միայն քվեարկությունների ժամանակ եւ խորհրդարանում լինելը հնարավորություն է այս կամ այն խնդիրը լուծելու համար։

– Մի՞թե հնարավորություն չէ…

– Ինձ համար խորհրդարանը միայն պատասխանատվություն է, առաջին հերթին՝ պարտք։ Ես կարծում եմ, քանի որ մեր օրենսդրությունն ամբողջովին անկատար է, եւ եթե մենք ձգտում ենք իրավական պետություն դառնալ, ուրեմն պետք է հիմնականում օրենքներ գրենք։ Սակայն ես զարմացած եմ, որ այսօրվա թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք օրենսգիրքը չգիտեն, մեկ օրենք անգամ չգիտեն, բայց մղվում են խորհրդարան։

– Իսկապես մղվում են, ձեր կարծիքով, ի՞նչն է գերում խորհրդարանում։

– Այս բուռն մղման առաջին պատճառն այն է, որ ավանդույթ է դարձել՝ ոչինչ չանել, բայց օգտագործել պատգամավորության մանդատը։ Երկրորդը՝ որ պատգամավորն անձեռնմխելի է։ Ես ամբողջությամբ դեմ եմ, որ պատգամավորն անձեռնմխելի է, գտնում եմ, որ Սահմանադրության այդ կետը անպայման պետք է փոխվի։ Այդ դեպքում այսքան շատ մարդ չէր ձգտի խորհրդարան։ Կարծում եմ, պետք է փոխվի նաեւ խորհրդարանի կանոնակարգը, եւ պետք է տրվի յուրաքանչյուր պատգամավորի աշխատանքի գնահատականը։

– Դուք հավատում եք, որ ընտրակաշառքների եւ հովանավորչության այս պայմաններում հնարավոր է նորմալ խորհրդարանի ստեղծո՞ւմը։

– Իհարկե՝ ոչ, ես ինքս էլ հասկանում եմ, որ շատ բարդ եւ շատ ծանր վիճակում է հայտնվել ընտրողը։ Ցավոք սրտի, այո, ընտրակաշառք հասկացությունը գլուխ է բարձրացրել։ Մի ժամանակ, երբ լսում էի Արշակ Սադոյանին, սարսափում էի, երբ ասում էր՝ կաշառքը վերցրեք։ Ինքս չէի կարող նման բան ասել։ Բայց մյուս կողմից, այո, դա ժողովրդից թալանվածն էր, մեկ մարդը չի կարող այդքան միլիոններ կուտակել եւ հետո էլ բաժանել։ Ես գտնում եմ, որ եթե այդ մարդը արդեն օրենքը խախտելով փորձ է անում ԱԺ-ի անդամ դառնալ, ուրեմն նա օրենք գրել եւ օրենք պաշտպանել չի կարող։

– Տիկին Հակոբյան, թիվ 41 ընտրատարածքում՝ Գավառում, ձեր կողքին թեկնածու է առաջադրվել ութ մարդ, որոնցից դուք, Ռուբեն Հակոբյանը (ՀՅԴ), Նորիկ Պետրոսյանը (ՀԿԿ), հայտնի եք, իսկ մյուսներն ովքե՞ր են, նույնպես քյավառցինե՞ր…

– Ես պայքարում եմ այսօրվա ԱԺ-ի երեք պատգամավորների դեմ։ Դուք թվարկեցիք երկուսին, ավելացնեմ նաեւ Գրիշա Հովեյանին։ Փաստորեն ավելացել են նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ԴՕՍԱԱՖ-ի մի ներկայացուցիչ, բուժքոլեջի ղեկավար, «Եվրոստան-ույուտ»-ի տնօրենի եղբայրը (տնօրենը «Միասնություն» դաշինքի ցուցակում 8-րդն է եւ իրեն ընտրված է համարում), որը հանկարծ հիշել է իր քյավառցի ծագումը եւ եկել է Գավառում ընտրվելու։ Ես կուզեի, որ որոշ քյավառցիներ ոչ թե դեպքից-դեպք հիշեն իրենց հայրենիքը, այլ՝ միշտ։ Հիշեն ոչ թե այն ժամանակ, երբ Քյավառն իրենց պետք է։ Ես հավատում եմ իմ ընտրողին, իմ ժողովրդին, հավատում եմ այն բանին, որ նրանք րոպեական ազդեցության տակ երբեք չեն ընկնելու, նրանք մարդկանց գնահատել գիտեն եւ գնահատել գիտեն նրանց գործերով։ Իմ երկու մրցակիցներին՝ պարոն Հակոբյանին եւ պարոն Պետրոսյանին ես շատ եմ հարգում, նրանք կան նաեւ իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում՝ ՀՅԴ-ի եւ ՀԿԿ-ի, ընդ որում այնպիսի տեղերում են, որ նրանց հարցը գրեթե լուծված է։ Այս առումով ես բարոյական իրավունք ունեմ ասելու, որ չեմ ընդունում, թե պետք է նույն տարածքում ե՛ւ կուսակցությանը ձայն տան, ե՛ւ այդ կուսակցության ներկայացուցչին։ Եթե կուսակցությանը տալիս են, պետք է անհատը փոխեն։ Եվ, ընդհանրապես, ես կուզեի, որ ընտրողը քվեատուփի առաջ, անկախ նրանից, թե ով ինչ է խոստացել, ինչպիսի ճնշումներ են գործադրվել իր վրա, ինքն իր խղճի հետ է, ինքը պետք է որոշի, թե ո՞վ է արժանի ԱԺ հասնելու համար։ Իմ ընտրողները կորոշեն, թե ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ կենսագրություն ունեն, ինչքանո՞վ են վարկաբեկված եւ՝ հակառակը։

– Տիկին Հակոբյան, դուք չորրորդ անգամ եք առաջադրվում, եթե չեմ սխալվում, վերջին երկուսը՝ ՀՀՇ-ի ցուցակում…

– Բոլորովին… Առաջին անգամ 1990 թվականին եմ ընտրվել, եղել եմ կոմունիստ, ՀԼԿԵՄ առաջին քարտուղար։ Այնուհետեւ անկուսակցական եմ եղել եւ 1995-ին ես դարձյալ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով որպես անկուսակցական։

– Այժմ որեւէ կուսակցության անդա՞մ եք, կամ՝ համակիր։

– Ոչ, դարձյալ ընտրությունների եմ գնում որպես անկախ թեկնածու, որպես անկուսակցական։

– Տիկին Հակոբյան, քանի որ ժամանակին աշխատել եք Կարեն Դեմիրճյանի հետ, նրա՝ քաղաքական ասպարեզ գալուց հետո մտայնություն կար, թե դուք կդառնաք ՀԺԿ անդամ։ Սակայն այդպես չեղավ, ինչո՞ւ…

– Իհարկե, Կարեն Դեմիրճյանը եղել է իմ ղեկավարը։ Ես ընդհանրապես գոհ եմ իմ ղեկավարներից։ Նրանք միշտ գնահատել են ինձ եւ այդ գնահատանքի արդյունքն էլ եղել է այն, որ ես Դեմիրճյանի ժամանակ եմ աճել, գնահատվել է զուտ իմ աշխատանքը։ Բոլոր դեպքերում եթե ես պաշտոն ունենայի, գուցե ուրիշ կերպ կվարվեի, բայց քանի որ այսօր բարձր պաշտոնի չեմ (ես դասախոսում եմ եւ հաճույք եմ ստանում երիտասարդների հետ աշխատելուց), չեմ գտնում, որ այս պահին պետք է անմիջապես մեկի թեւի տակ մտնել։ Ես գտնում եմ, որ կայացած անհատ եմ եւ գնահատելով իմ հնարավորությունները, ժողովրդի, մարդկանց վերաբերմունքն իմ նկատմամբ, ես կփորձեմ անկախ, ինքնուրույն մտնել խորհրդարան, իսկ համագործակցությունը պարտադիր է հետագայում։ Ինչո՞ւ չէ, ես գտնում եմ, որ պետք է համագործակցել նաեւ Կարեն Դեմիրճյանի հետ։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Իսկ ընդհանրապես, եթե դու ուզում ես քաղաքականության մեջ մտնել եւ մնալ, պետք է անպայման կուսակցական լինել։

– Իսկ ո՞ր կուսակցության անդամ կդառնաք։

– Այս պահին որեւէ կուսակցություն ընտրելը սխալ կհասկացվի, ուրիշ գնահատական կտրվի, եթե ընտրեմ որեւէ կուսակցություն, կասեն՝ ակնկալիք ունի։ Ես ուզում եմ ինքնուրույն ընտրվել։ Կընտրվեմ եւ հետո կորոշեմ իմ անելիքը։

– Տիկին Հակոբյան, ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, կարծեմ դուք եւս մասնակից եք ապրիլի 7-ի մասին որոշման կայացմանը։

– Սիրելի Մարգարիտ, 1991-ին, երբ ընդունվեցին պետական եւ ազգային տոները Գերագույն խորհրդում, նախապատրաստողն ու ներկայացնողը մեր շատ սիրելի ընկեր Սամվել Շահմուրադյանն էր։ Փաստորեն նա առաջարկեց մայրության տոն, որը չընդունվեց։ Այդ ակտով, փաստորեն վերացվեցին մարտի 8-ը, մայիսի 1-ը, մայիսի 9-ը, նոյեմբերի 7-ը, փետրվարի 23-ը։ Հանվեցին տոներ, որոնք չպետք է հանվեին։ Շուրջ չորս տարի Հայաստանում մարտի 8-ի մասին չէին էլ խոսում, եւ ես այդ չորս տարիները խորհրդարանում կուլիսների հետեւում փորձում էի զայրացած դեմոկրատ տղամարդկանց համոզել, որ պետք է գոնե մայրության տոնը։ Երկար տարիների չարչարանքն արդյունք տվեց եւ 1994-ի մարտի 30-ին ընդունվեց օրենք մայրության եւ գեղեցկության տոնի մասին։ Երբ ընդունվեց ապրիլի 7-ը, հաջորդ օրը ես հայտարարեցի, որ Հայաստանում կանայք 2 տոն ունեն՝ մարտի 8-ը (որպես միջազգային տոն) եւ ապրիլի 7-ը՝ որպես հայկական, ազգային, պետական, քրիստոնեական տոն։ Ես դեմ եմ, որ մարտի 8-ը միավորվի ապրիլի 7-ի հետ։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930