Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական մտահոգվածները

Ապրիլ 30,1999 00:00
kanayq

Ընտրությունների ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացումն այս անգամ էլ մտահոգել էր հանրապետության մի քանի հասարակական կազմակերպությունների։ Ու իրենց մտահոգությունը կիսելու համար Կանանց հանրապետական խորհրդի, Կին ընտրողների լիգայի, «Ֆեմիդայի», Մարդու իրավունքների Սախարովի հիմնադրամի Շիրակի տարածաշրջանի ներկայացուցիչները ապրիլի 29-ին հանդիպեցին լրագրողների հետ։

Կարգապահորեն տեղավորվելով իրենց հատկացված 7 րոպեում՝ վերը նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բնականաբար, ընտրությունների ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացնելու գործում կարեւորեցին ժողովրդի ակտիվ մասնակցությունը։ իսկ ժողովրդի ակտիվության բարձրացման գործում կարեւորեցին իրենց (հասարակական կազմակերպությունների) դերը։ Նրանցից յուրաքանչյուրը թվարկեց, թե այս ու այն դրամաշնորհի շնորհիվ (անգամ ֆինանսավորման բացակայության դեպքում) ինչպես են օր ու գիշեր, գյուղից գյուղ, տնից տուն ընկելով, բացատրում ժողովրդին ընտրություններում իրենց ակտիվության կարեւորությունը։ Ի դեպ, առաջ ընկնելով ասեմ, որ մեծ ակտիվություն առաջացրեցին ընտրակաշառքի վերաբերյալ դատողությունները։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին շա՜տ էր ոգեւորել մամուլում տպագրված այն միտքը, թե պետք է ընտրակաշառքը վերցնել եւ քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին։ Ավելին, «Ֆեմիդայի» ներկայացուցիչ Ջուլիետա Ամիրխանյանն ափսոսանք հայտնեց, որ հնարավոր չի եղել Ռոբերտ Սահակյանցին պատվիրել ընտրակաշառքի այդ ձեւի մասին «смешной մուլտ» եւ անընդհատ ցուցադրել հեռուստատեսությամբ։ Նպատակահարմար չհամարելով անդրադառնալ վերը նշված կազմակերպությունների գործունեության մանրամասներին՝ տպագրում ենք միայն նրանց ուղղված՝ «Առավոտի» այն հարցի պատասխանը, թե նրանք սատարում են արդյոք որեւէ կուսակցության եւ արդյոք որեւէ կուսակցություն, կամ պատգամավորության թեկնածու դիմել է՝ իրենց աջակցությունը ստանալու նպատակով։

Նորա Հակոբյան – Կանանց հանրապետական խորհրդի նախագահ. «Մեր կազմակերպությունները ոչ մի կուսակցության չեն սատարում, դեռ ավելին՝ ոչ մի անհատ թեկնածուի չեն սատարում՝ անկախ այն բանից, հաջող-անհաջող թեկնածու է, կի՞ն է, թե՞ տղամարդ է։ Մեզ համար գաղափարը՝ ազատ, արդար ընտրությունների կայացումը, ամենակարեւորն է։ Դրա համար մենք ոչ մի կուսակցական ցուցակում չցանկացանք ընդգրկվել, ընտրություններին չենք մասնակցում՝ կենտրոնաձիգ, հավասարակշիռ քաղաքացիական կառույց մնալու համար։ Մեզ որեւէ կուսակցություն չի դիմել, քանի որ երեք տարի մամուլով հնչեցրել ենք, որ որեւէ քաղաքական ուժի չենք սատարում»։

Նարինե Հովհաննիսյան – Կին ընտրողների լիգա. «Անկողմնակալության սկզբունքը մեր կազմակերպության համար կանոնադրությամբ է ամրագրված։ Մենք իսկապես չենք կարող որեւէ մեկի սատարել։ Ոչ մի կուսակցություն չի դիմել, բայց ավելին ասեմ՝ մեր կազմակերպության որոշ անդամներ, որոնք անկեղծորեն ցանկություն են հայտնել՝ պաշտպանել որեւէ թեկնածուի, ժամանակավորապես դուրս են եկել լիգայից»։

Ջուլիետա Ամիրխանյան – «Ֆեմեդա» կազմակերպություն. «Ես չեմ ուզում ասել ովքեր, բայց մեզ դիմողներ եղել են եւ զարմացան, որ ոչ մի քաղաքական ուղղվածություն»։

Սեյրան Մարտիրոսյան – Սախարովի Շիրակի կենտրոնի ներկայացուցիչ. «Մեզ պատգամավորության ութ թեկնածու դիմել են, մերժել ենք…»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930