Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերցրե՛ք ընտրակաշառքը, բայց ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը»

Մայիս 06,1999 00:00
Vahan Hovhannisyan

«Ժողովուրդ ջան»-ին դիմելով (չնայած լսում էինք Մամուլի ազգային ակումբի հրավերով հավաքված լրագրողներս ընդամենը)՝ քարոզելու առիթը բաց չթողեց ու առանց ավելորդ ձեւականության կոչ արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

Քիչ ավելի ուշ նույն անհամեստությամբ, երեւի ծնված սեփական, այս դեպքում՝ ՀՅԴ-ի արժեքի անժխտելի գիտակցությունից, վստահություն հայտնեց, որ «կընտրեք նորմալ մարդկանց, այսինքն՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին»։ Համոզված էր, որ ՀՅԴ-ն է վստահության արժանի միակ ուժը, որը նաեւ ժողովրդի մեջ մտնելու, ժողովրդին խոստումներ տալու «երես ունի», ի տարբերություն ասենք՝ Դավիթ Շահնազարյանի, Էդվարդ Եգորյանի։

Բնականաբար, ՀՅԴ-ի ծիրից անդին եղածին տրվող որակումները ճիշտ հակառակ բովանդակության էին։ «Այլանդակություններ» որակվեցին ընտրական օրենսգրքի եւ կանոնների ընդունման փուլում կատարվածը, իսկ ընտրատարածքները կիսելու գործընթացը «անճոռնի» բնորոշմանն արժանացրեց՝ մեղադրելով, որ հին ԿԸՀ-ն սահմանները բաժանել է պատվերով ու ծանոթություններով։ Ներկա փուլն էլ պակաս վատ որակումների արժանի չէ. «Կա մի քաղաքական շերտ, շրջանակ, որը ամեն կերպ ցանկանում է դաշնակցության դեմ պատնեշներ ստեղծել»։ Դե պատկերացրեք, սրանից հետո ի՜նչ ջանասիրությամբ քննադատեց ընտրակաշառքների արատավոր երեւույթը։ ՀՅԴ պահանջատիրությունն այս հարցում այն է, որ պատկան մարմինները «այդ ընտրակաշառքների դեմն առնեն»։ Այս թեմայի շրջանակներում Հայաստանի ՀՅԴ-ի առաջնորդը մի մարդու միայն հիշեց, այն էլ անունը իբրեւ թե հազիվ տեղը բերեց «պարոն… ո՞նց էր ազգանունը… հա՛, Սուքիասյան, մի քիչ այլ անունով (նկատի ուներ՝ Գռզո մականունը- Ն. Հ.) ենք որովհետեւ ճանաչում մարդուն»։

Պարոն Հովհաննիսյանին հիշողությունը մեկ էլ «դավաճանեց», երբ ՀՀՇ-ի Գեւորիկի մասին խոսք գնաց։ Հերթական անգամ արդարանալով, թե իր ամենաարժանավոր մրցակցին դեմքով չի ճանաչում, նաեւ դառնացավ. «Ես էնպես եմ ափսոսում, ինչի՞ հանեցին, ա՛յ մարդ, Գեւորիկին։ Ահագին հետաքրքիր մթնոլորտ կլիներ։ Հիմա մի քիչ տխուր է աշխատել, էլի՛։ Դեմդ լուրջ մրցակից երբ չկա, տխուր է աշխատել։ Իսկ Գեւորիկը դա կերպար էր»։ «Օրագրի» թղթակիցը առաջարկեց պարոն Հովհաննիսյանին մասնակցել ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանին կազմակերպվող ցույցերին, հաստատ Գեւորիկին կհանդիպի։ Ի պատասխան այս առաջարկի նախկին հալածվածը հինը հիշեց. «Վանո Սիրադեղյանը իմ պաշտպանության պիկետներին գալիս է՞ր, որ ես իրան գնամ»։

Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քաղհայցով դատարան դիմելու ՀՅԴ որոշումը պարբերաբար հետաձգվում է՝ ավանդական դարձող «տեխնիկական պատճառներով» արդարացմամբ։ Երեկվա ասուլիսում ոչինչ դրան չհավելվեց, բացառությամբ այն գնահատականի, որ հնչեց ի պատասխան վրեժ լուծելու մեղադրանքի. «Մենք հո չե՞նք ուզում իրան (Լեւոն Տեր-Պետրոսյանին- Ն. Հ.) անպայման բանտ նետել (…) ինքը պետք է սովորի բերանը բացել համեստորեն։ Ուրիշ ոչինչ մենք չենք ուզում։ Նա պետք է սովորի հերյուրանքներ ու լուտանքներ թափելու դիմաց պատասխան տա։ Ուրիշ ոչ մի բան»։ Ավելի բորբոքվելով՝ հավելեց. «Այդ մարդը (Լեւոն Տեր-Պետրոսյանը- Ն. Հ.) բերանը բացելուց չի մտածում՝ ինչ է խոսում, խոսում է անհավասարակշռված եւ փաստորեն ինքը հասցնում է վիրավորանքներ մարդկանց՝ իբր փաստ ներկայացնելով կեղծ ինֆորմացիա»։ Ու որպեսզի հիմնավորի, թե իրենք միակը չեն, որ այսպիսի հայցով դիմելու են դատարան, հիշեցրեց Սերժ Սարգսյան-«Օրագիր» հայտնի դատական գործը։

Պարոն Հովհաննիսյանն այնքան մեծ ոգեւորությամբ էր խոսում ընտրակաշառքների դեմ, որ «Առավոտը« չդիմացավ գայթակղությանը հետաքրքրվելու՝ լիովին բացառվո՞ւմ է, որ ընտրակաշառք տան հենց ՀՅԴ-ի ներկայացուցիչները։ Պատասխանը շա՜տ վստահ էր «չունեն, չունեն, որ տան»։ Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն կուզենար տեսնել նախընտրական շրջանի մամուլը՝ անկեղծացավ. «Որոշները կուզեի ընդհանրապես չտեսնել», բայց չկոնկրետացրեց։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31