Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆԵՑԻ՝ ԿԱՐԾԵԼՈՎ, ԹԵ ԹԱԳԱՎՈՐՍ ԱՐԹՈՒՆ Է

Մայիս 18,1999 00:00
Vardan Mamikonyan

Սովոր ենք, որ նախընտրական ելույթներում խտացված լինի քաղաքական լեքսիկոնը, ուր գրեթե նախադասություն չի լինում, երբ չասեն՝ սոցիալ-տնտեսական իրավիճակ, ազգային խնդիրներ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, ապազգային իշխանություններ, եւ չօգտագործեն էլի ծամծմված, նմանօրինակ, վաղուց արդեն հոգնեցնող տերմինաբանություն։

Այս ամենից շահեկանորեն տարբերվում էր Աշտարակի շրջանի Ուջան գյուղում նախընտրական միավորներից մեկի հանրահավաքում արտասանված մի ելույթ, որի հեղինակն էր 75-ամյա մի մարդ, 50 տարվա մի մանկավարժ։

Նրա խոսքն ուղղված ուջանցիներին՝ սկսվեց այսպես. «Սա է հատկապես այն օրը, որ պիտի ասենք. «Ելե՛ք, ելե՛ք Վժիկ Մխո, Ճնճղափորիկ, ելե՛ք, այսօր լավ է, քան ամեն օր»։ Իսկ հետո հնչեց ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պահանջ, որը հիմնավորվեց հետեւյալ օրինակով. «Վարդան Մամիկոնյանն Արտաշատի ժողովում ի՞նչ ասաց.

-Տիարք, մենք չենք երկրի տերը, որ Հազկերտի պատասխանը տանք։ Հազկերտի պատասխանը պիտի տա այն ծովը, որ կանգնած գոռում է՝ մերժել, մերժել… Մենք այսօր կանք, վաղը չկանք՝ ինչպես գիգանտ աշխարհակալներ են եղել՝ բայց նրանց անունները ջնջվել են»։ Նախկին իշխանությունների վարքն էլ թեթեւակի գնահատվեց՝ տարրական փորձ իսկ չունենալով, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանք ընկան մառախլապատ ծովի մեջ. «Եթե ՆԱՏՕ-ն ռմբակոծում է Հարավսլավիան, թշնամի է, ապա, մենք՝ հայերս, լավ քանդող ժողովուրդ ենք։ Քանդեցինք մեր բոլոր կառույցները, որոնց յուրաքանչյուր քարը մերն էր, մերն էին մեքենաների բոլոր բոլտերն ու պտուտակները։ Մենք ձայն չհանեցինք։ Կառավարությունը չպիտի ասի՝ ձեր ջուրին ու առուներին տեր կանգնեք։ Մենք պետք է ոտքի կանգնենք, ինչպես կանգնել ենք Ավարայրում, Սարդարապատում եւ այլուր…»։

Ժողովրդին վճռականության կոչող այս խոսքին էլ հետեւեց հռետորի անձնական ստեղծագործությունը.

«Ո՜վ իմ ժողովուրդ՝ հեզ ու համբերող,

Ուր է պապերիդ տված ջուրն ու հող,

Ուր է պապերիդ Սասունը դժնի,

Բաղեշ ու Բիթլիս, Խնուս ու Բջնի,

Ուր է, ախ, անուշ Բինգյոլը քարոտ,

Մասիսդ հպարտ, հայերի կարոտ։

Ուր են ոսկորները ձեր քաջ պապերի,

Որ իրենց տան մեջ մնացին գերի,

Ինչեր թողեցինք, պապերից առան

Մեր սուրբ հող ու ջուր ու երկիր ավան

Երկիր մի երկիր, արյան ծով դառած՝

Հրդեհի ճարակ՝ նա համատարած։

Ինչու զոհվեցին Մուշեղ ու Վարդան,

Ինչ ունի հայը հեռու Բեյրութում,

Որ դառը հալից իրեն է ուտում։

Ինչ ունի հայը Լոս Անջելեսում՝

Լեզուն մոռացել՝ օտար է խոսում։

Հրեան էլ իրեն օթեւան գտավ,

Բայց հայոց հարցը ժողով չմտավ,

Լուծում չգտավ…»:

Իսկ լուծումներ գտնելու մեխանիզմ որպես, իբրեւ առաջին քայլ, առաջարկվեց հնարավորինս խուսափել գայլաձուկ-կարապ-խեցգետին լինելուց, որպեսզի գործն առաջ գնա։

-Մենք պիտի միահամուռ բռունցք լինենք,- եղավ ծերունազարդ, բայց կենսախինդ մանկավարժի պատվիրանը,- քանի որ մեր բռունցքը միշտ էլ հաղթել է։ Փոքրիկ ժողովուրդ էինք, բայց տվեցինք 4 մարշալ, 97 գեներալ, 110 հերոս։ Իտալիայում անգամ Քոլոզյաններն ու Դաշտոյանները ելան թշնամու դեմ։ Թեկնածուների խոստումներին չխաբվելու պատգամն էլ մատուցվեց այսպես՝ կան մարդիկ, որ զայրույթ են թափում ժողովրդի գլխին, կան մարդիկ, որ փորձում են ցույց տալ, թե լավ են խոսում, եւ կան մարդիկ, որ խոսում են ժողովրդի անունից, բայց վայրի կապիտալիստներ են դարձել։ Վայրի կապիտալիզմ՝ երբ ընկերն ընկերոջն է սպանում, ծնողը մանուկին է ուրանում։ Այս վիճակից դուրս գալն, իհարկե, դժվար չէ, բայց հեշտ էլ չէ։

Հնչեց եւս մեկ պատվիրան՝ տեր դառնանք մեր երկրին, չէ որ իշխանության լուծը մենք ենք դրել մեր վզին։ Բուն ընտրական գործընթացն էլ գեղարվեստական համեմունքով մատուցվեց. «Ընտրությունների ժամանակ շատ եմ եղել հանձնաժողովի նախագահ ու միշտ էլ հիշել եմ «Սասնա ծռեր» էպոսը։ Քառասունճյուղ Դեղձուն Ծամը փեսացու պիտի ընտրեր, հավակնորդները կռվում-ընկնում էին, սակայն երբ Սանասարը երեւաց, հարսնացուն խնձորը նրան տվեց։ Ընտրեք եւ խնձորը տվեք նրանց,- պատվիրեց ուջանցիներին ուսուցիչը,- ովքեր արժանի են։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ՝ ուջանցիներ:- Իր խոսքի ավարտին ասաց հռետորը, եւ քանի որ ելույթ էր ունենում Անդրանիկի արձանի հարեւանությամբ, շրջվեց դեպի մեծ հայդուկն ու ասաց:- Թող նրա իղձերը կատարված լինեն: Ժառանգ էլ չունեցավ: Ո՞ւմ համար։ Մեզ համար, ժողովրդի համար։ Այսպես լինենք յուրաքանչյուրս՝ ընտանեկան գործերից մինչեւ պետական խնդիրներ»։

Ու այստեղ էլի բանահյուսական երանգ ավելացվեց՝ «Մի մարդ գյուղից քաղաք գնալիս հոգնում է, ձին կապում ծառից, քնում է։ Ձին գողանում են։ Արթնանում է՝ գնում թագավորի մոտ բողոքի։

-Թագավորն ապրած կենա, քնել էի, ձիս գողացել են։

-Իսկ ինչո՞ւ էիր քնել,- հարցնում է թագավորը։

-Կարծում էի թագավորս արթուն է, դրա համար էլ քնեցի»,- գյուղացու պատասխանով էլ իր խոսքը եզրափակեց 75-ամյա մանկավարժը։

Ու մինչ ծափահարություններ կհնչեին, մեկն ասաց՝ ողորմի Բագրատին։ Պարզվեց, որ Բագրատը ուսուցչի հայրն է։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31