Լրահոս
Օրվա լրահոսը

Ապատեղեկատվության դեմ պայքարից մինչև ազատ մամուլին լռեցնելու մարտահրավեր. Նորվեգիայի փորձը

Նոյեմբեր 09,2026 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նորվեգիան ԵԽ անդամ եզակի երկրներից է, որը մշակել և ընդունել է ռազմավարական ծրագիր՝ ընդդեմ ապատեղեկատվության (2025–2030 թթ.)։ Ըստ ռազմավարության՝ լրատվամիջոցներին աջակցություն է տրամադրվում պետական բյուջեից։

Ստրասբուրգում անցկացված «Նոր ժողովրդավարական պակտ Եվրոպայի համար» խորագրով Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2026-ի շրջանակներում «Առավոտը» զրուցեց Նորվեգիայի դեսպան և Եվրոպայի խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Վեբյորն Հայնեսի հետ։ Նորվեգիան ԵԽ անդամ եզակի երկրներից է, որը մշակել և ընդունել է ռազմավարական ծրագիր՝ ընդդեմ ապատեղեկատվության (2025–2030 թթ.)։

Վեբյորն Հայնեսից հետաքրքրվեցինք՝ ռազմավարական ծրագրի ընդունումից հետո ո՞րն է ապատեղեկատվության դեմ պայքարի ամենամեծ ձեռքբերումը և կիրառվող մեթոդաբանությունը։ Փաստեցինք՝ մի առիթով ընդգծել է անկախ լրատվամիջոցներին ցուցաբերվող աջակցության մասին և խնդրեցինք մանրամասնել՝ խոսքը լրատվամիջոցներին ուղղակի ֆինանսական աջակցության մասի՞ն է, թե՞ աջակցության այլ ձևեր կան, նա պատասխանեց. «Ռազմավարության շատ մեծ հատված նվիրված է լրատվամիջոցներին, խմբագրություններին աջակցությանը։ Այդ աջակցությունն իրականացվում է տարբեր ձևերով։ Այն ներառում է օրենսդրական այնպիսի դաշտի ձևավորում, որը Նորվեգիայում խմբագրությունների գործունեության համար ապահովում է կանխատեսելի պայմաններ։ Այն նաև ներառում է լրատվամիջոցների ինքնակարգավորման նկատմամբ հարգանքը։ Գոյություն ունի ինքնակարգավորման համակարգ, սակայն աջակցությունը ենթադրում է նաև ֆինանսական օգնության տրամադրում տեղական լրատվամիջոցներին և ավելի փոքր լսարան ունեցող լրատվամիջոցներին՝ ապահովելու մեր մեդիա դաշտի բազմազանությունը։ Այսպիսով՝ ըստ ռազմավարության՝ հասարակության մեջ ներկայացված լինելու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն խոշոր և ֆինանսապես ապահով մեդիա ընկերությունները, այլև փոքր լրատվամիջոցները, որոնք կարող են ունենալ տարբեր քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական ուղղվածություն։ Կարևոր է նաև աշխարհագրական բազմազանության ապահովումը։

Հետաքրքրվեցինք՝ ֆինանսական աջակցությունը ո՞ր աղբյուրներից է տրամադրվում՝ կառավարակա՞ն, թե՞ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով, դեսպան Հայնեսը պատասխանեց. «Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է կառավարության կողմից։ Այն հաստատվում է Նորվեգիայի խորհրդարանի կողմից և խորհրդարանում ունի լայն աջակցություն։ Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով»։

«Առավոտի» հարցին՝ սա մարտահրավերներ չէ՞ լրատվամիջոցների անկախության տեսանկյունից։ Եթե կառավարությունն է ֆինանսավորում լրատվամիջոցներին, ապա ինչպե՞ս կարող են վերջիններս քննադատել կառավարությանը։ Արդյոք սա անկախ լրատվամիջոցներին աջակցելու արդյունավետ մեխանի՞զմ է։ Մեր զրուցակիցը փաստեց՝ իհարկե, սա մարտահրավեր է, միևնույն ժամանակ հավաստիացրեց. «Սակայն համակարգն այնպես է կառուցված, որ աջակցության տրամադրման որոշումները հիմնվում են հստակ չափանիշների վրա։ Սա է մեր նպատակը։ Աջակցության գործընթացն անմիջականորեն չի կառավարվում կառավարության կողմից։ Այն իրականացվում է անկախ կարգավորող մարմնի միջոցով, որն էլ տրամադրում է այդ աջակցությունը։ Ամենակարևորն այն է, որ չափանիշներն իսկապես օբյեկտիվ լինեն, որպեսզի ֆինանսական աջակցության միջոցով հնարավոր չլինի որևէ կերպ ուղղորդել, թե ինչպես պետք է լրատվամիջոցները լուսաբանեն տարբեր իրադարձություններ։ Այդպիսի աջակցություն ստացողների թվում են նաև երկրում գործող՝ կառավարության նկատմամբ ամենաքննադատական դիրքորոշումն ունեցող պարբերականները։ Մեզանից շատերի կողմից ավանդական լրատվամիջոցներ համարվող լրատվամիջոցների մեծ մասը ֆինանսապես ինքնաբավ է և որևէ աջակցություն չի ստանում։ Հիմնականում հենց փոքր պարբերականներն են, որոնք առավել քննադատաբար են տրամադրված կառավարության նկատմամբ և նաև նրանք են ստանում այս աջակցությունը»։

Վեբյորն Հայնեսը Նորվեգիայի կառավարության կողմից լրատվամիջոցների ֆինանսավորման ծավալների մասին հստակ թվեր չնշեց, սակայն վստահեցրեց՝ պետական աջակցությունն այն գործոնն է, որը որոշ փոքր լրատվամիջոցների հնարավորություն է տալիս գործելու, նյութեր հրապարակելու և ընդհանրապես գոյատևելու։

Մեր դիտարկմանը՝ երբ խոսում ենք ապատեղեկատվության դեմ պայքարի մասին, առաջանում է նաև մեկ այլ մարտահրավեր՝ լրատվամիջոցներին գրաքննության ենթարկելու վտանգը և հարցին՝ Ձեր կարծիքով՝ արդյոք այսօր պետական որոշ մարմիններ ապատեղեկատվության դեմ պայքարն օգտագործո՞ւմ են ազատ մամուլին լռեցնելու նպատակով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա կարևոր ռիսկ է, և մեր ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության պաշտպանությունն է։ Հենց այդ պատճառով մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ապատեղեկատվության նկատմամբ բնակչության դիմակայունության բարձրացման վրա, այլ ոչ թե լրատվամիջոցների նկատմամբ գրաքննություն իրականացնելու։ Գրաքննությունը մեր ռազմավարության նպատակը չէ։ Ռազմավարությունը միտված է փաստերի ստուգմանն աջակցելուն, երիտասարդների համար որակյալ կրթություն ապահովելուն և լրատվամիջոցների խմբագրակազմերի կարողությունների զարգացմանը, որոնք կարող են իրականացնել փաստերի ստուգում։ Այն նախատեսված չէ լրատվամիջոցներին գրաքննության ենթարկելու համար։ Մենք քննարկել ենք նաև այն հարցը, թե արդյոք անհրաժե՞շտ է ստեղծել, այսպես կոչված, կենտրոնական պետական մարմին, որը կհայտարարի, թե տվյալ տեղեկատվությունը ճշմարիտ է, թե՝ ոչ։ Մեզ համար միանգամայն հստակ էր, որ նման մարմին չպետք է ստեղծվի։ Փոխարենը՝ պետք է զարգացնենք հետազոտական հաստատությունները և ապահովենք պետական կառույցների միջև արդյունավետ համագործակցություն՝ ապատեղեկատվության դեմ պայքարում։ Մենք չպետք է ստեղծենք որևէ մարմին, որը կսահմանի՝ որն է ճիշտ տեղեկատվությունը և որը՝ սխալ։ Դա պետք է իրականացվի հենց մեդիա ոլորտի և քաղաքացիների կողմից։ Սա մեր կողմից գործադրվող ջանքերից մեկն է՝ նման իրավիճակից խուսափելու համար»։

Այնուամենայնիվ պնդեցինք՝ կա՞ արդյոք վտանգ, որ կառավարության վերաբերյալ յուրաքանչյուր քննադատական հրապարակում կարող է որակվել՝ որպես ոչ փաստահեն տեղեկատվություն, և այդ հիմքով տվյալ լրատվամիջոցին տրամադրվող ֆինանսական աջակցությունը դադարեցվի, դեսպան Հայնեսը նշեց՝ նման ռիսկ, իհարկե, կա. «Բնակչության մի հատված կա, ինչպես նաև մեդիա դաշտի որոշ ներկայացուցիչներ, որոնք լրատվամիջոցներին մեղադրում են կեղծ լուրեր տարածելու մեջ։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ կարող են որոշ փոքր լրատվամիջոցների հրապարակումները համարել ոչ հավաստի։ Այսպիսով, նման քննարկումներ միշտ կլինեն, և պետք է բաց լինեն։ Սակայն մենք չենք կարող ֆինանսական ճնշումն օգտագործել՝ դադարեցնելու այն լրատվամիջոցների ֆինանսավորումը, որոնց որոշ շրջանակներ մեղադրում են կեղծ լուրեր տարածելու մեջ։ Մեր համակարգում դա խնդրի լուծման ընդունելի եղանակ չէ։ Մեզ անհրաժեշտ է հանրային քննարկում։ Հենց դրա միջոցով պետք է ապահովվի թափանցիկությունը, և պարզ դառնա, թե իրականում որն է փաստահեն տեղեկատվությունը, որը՝ ոչ։ Սակայն պետք է ասեմ, որ սա մարտահրավեր է։ Նորվեգիան սահմանակից է նաև Ռուսաստանին, և մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից միջամտության բազմաթիվ դեպքեր։ Միևնույն ժամանակ, դժվար է արդյունավետորեն արձագանքել այդ միջամտություններին՝ պահպանելով ազատ լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը»։

Վեբյորն Հայնեսն ասաց, որ աջակցում են Հայաստանում Եվրոպայի խորհրդի իրականացրած աշխատանքներին, նաև Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի (European Endowment for Democracy) միջոցով աջակցություն են ցուցաբերում Հայաստանում գործող մեդիա ոլորտի դերակատարներին՝ Հայաստանի կառավարության համաձայնությամբ՝ միևնույն ժամանակ իրենց հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել