Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմաց մխիթարություն

Մայիս 22,1999 00:00
axjik

Հայտնություն արած չենք լինի, ասելով, որ հանրապետության բնակչության գրեթե 70 տոկոսը, գուցե ավելին, սոցիալապես անապահով է։ Ընդամենը 3000 դրամ ստացող թոշակառուին, ամիսներով աշխատավարձ չստացող մանկավարժին, գործազուրկին պարտադրում են վճարել կենցաղսպասարկման գումարները։ Ինչ անես, չվճարես՝ ջուրդ, հեռախոսդ, հոսանքդ կկտրեն։ Բարեբախտաբար «Ջերմային տնտեսությունը» նման լծակներ գործադրելու հնարավորություն չունի, թեպետ գործում է այլ սցենարով։ Գրեթե ամեն օր, դռնեդուռ ընկած բնակիչներին պարտադրում են ջեռուցման գումարները վճարել, հակառակ պարագայում ենթարկում հոգեբանական ճնշման՝ սպառնալով դատ ու դատաստանով։ 1995-98 թթ. ջեռուցման վճարների գանձման պարտավորությունները դրված էին թաղապետերի վրա, որոնք էլ իրենց հեղինակությունը բարձրացնելու, ընտրություններում հաղթելու կամ էլ նախորդ տարվա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին անցկացնելու համար գործի դրեցին բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները։ Ժողովրդին հուսադրեցին, թե ջեռուցման վճարները մարված են, հավատացնելու համար բաժանեցին նաեւ համապատասխան կտրոններ։ Բայց այսօր արդեն պարզվում է, որ ոչինչ էլ մուծված չէ։ «Ջերմային տնտեսության» տեսուչները բնակիչներին կանգնեցրել են փաստի առաջ։ Ներկայացնում են անդորրագիր, ըստ որի նախորդ տարվա ջեռուցման պարտքերը մի քանի անգամ գերակայող է այս տարվա պարտքին։

ԱԺ-ում յուրաքանչյուր օրենք քննարկելիս օրենսդիրներն առիթը բաց չեն թողնում հիշեցնել միջազգային փորձը։ Մինչդեռ, չգիտես ինչու, այս խնդրում (եւ ոչ միայն) անտեսվում է, որ յուրաքանչյուր երկրում բնակիչների կոմունալ ծախսերի վճարմանը պետությունն է աջակցում։ Իսկ մեզ մոտ գործում է ճիշտ հակառակ սկզբունքը։ Ի դեպ, «Ջերմային տնտեսության» գործադիր տնօրեն Յուրի Թոխունցը «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ տարի նախագահական ընտրություններին բաժանվել է 10 միլիոն դրամի կտրոն, բայց մինչ օրս ոչ մի գումար վճարված չէ։

Առաջիկայում խորհրդարանական նոր ընտրություններ են եւ թաղապետերի վրա դրված են հստակ պարտավորություններ՝ անցկացնել այս կամ այն թեկնածուին։ Ուստի, ճիշտ կլիներ գոնե այս անգամ էլեկտրաէներգիայի, ջեռուցման կտրոններով, մեկ կիլոգրամ շաքարավազով կամ ալյուրով չխաբվել, միեւնույն է, միայն ձեւ էր արվում, թե ժողովրդի մասին մտածում են։

Իսկ «Ջերմային տնտեսությունը» եթե ի վիճակի է զիջել ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի 1998-99 թթ. ջեռուցման գումարը, փոխարենը լավ կլիներ բնակիչներին զիջվեր գոնե նախորդ տարվա պարտքերը, քանի որ եթե բնակիչը պատրաստ է մի կերպ վճարել այս տարվա ջեռուցման սակագնի 50 տոկոսը, ապա նախորդ տարիների պարտքերի առկայության պարագայում, այդ գումարն էլ չի վճարվի, արդյունքում դարձյալ կտուժեն «Ջերմային տնտեսության» աշխատակիցները, որոնց 1995-98 թթ. աշխատավարձերի պարտքերը կազմում են 170 մլն դրամ։ Ի դեպ, պրն Թոխունցից տեղեկացանք, որ ջեռուցման գումարները չմուծողների վերաբերյալ հավաքվում են տվյալներ՝ դատի տալու համար։ Առայժմ այդ ցուցակը համալրում են ԱԺ պատագամավորներ, «պուզատիներ» եւ 100 դոլարանոց փողկապավոր մարդիկ։

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31