Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ԷԼ ՈՒ ՊԸ՛ԼԾ

Մայիս 28,1999 00:00
qarozarshav

Մեծ ուրախությամբ ազդարարում ենք, որ ստիպված արդեն այսօր ենք վերջին անգամ անդրադառնում հեռուստաքարոզարշավին։ Եվ այսպես, ի՞նչ պիտի հասկանային ընտրողները մայիսի 27-ին հետեւելով ծրագրերին…

… Թերեւս պիտի ենթադրեին, որ «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միություն» դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք տեղերում Պլատոնը, Ռուսսոն եւ Պլեխանովն են, քանզի անընդհատ նրանց էին ցուցադրում։

… Պիտի համոզվեին, որ անպայման արժե զորակցել Դաշնակցությանը, քանի որ նրանք վերջում ոչ միայն ավելի խոշոր պլանով ցուցադրեցին Սասունցի Դավթի արձանը, այլեւ «Սասնա ծռեր» էպոսից էլ հատվածներ կարդացին։

… Ի դեպ, Դաշնակցությանն ընտրելու մասին։ Ողջ քարոզարշավի ընթացքում անընդհատ այս փաստարկն օգտագործվեց եւ երեկ էլ Վահան Հովհաննիսյանը նորից կրկնեց, թե մենք մինչ այժմ հնարավորություն չենք ունեցել ընտրելու դաշնակցությունը։ Մտքից հեռո՞ւ է վանում, որ գուցե խոսքը այնքան էլ հնարավորության մասին չի։ Եթե ժողովուրդը ՀՅԴ-ին ընտրելու ցանկություն ունենար 1991-ին Սոս Սարգսյանին նախագահ կընտրեր՝ նույն Վահան Հովհաննիսյանին էլ հետը փոխնախագահ։

… Հասկացանք, որ ոչ միայն եզդիներն են սիրում «Օրինաց երկրին» եւ խոստանում են իրենց ձայները նրանց տալ, այլ նաեւ բազմաթիվ հայեր։ Մի երիտասարդ աղջիկ հոլովակում այդպես էլ ասաց. «Ես նույնպես կտամ Արթուր Բաղդասարյանին»։

… Չենք կարող չնշել, որ արդեն մի 10 օր է, ինչ հետեւելով ՀՀՇ-ի քարոզչական պատասխանատուի հորդորին, մենք ուշադրություն ենք ցուցաբերում եւ պատրաստվում անակնկալի չգալ՝ եթերում տեսնելով ՀՀՇ-ի այն բազմաչարչար հոլովակը, որտեղ նրանք պահանջում էին Ռոբերտ Քոչարյանի եւ արհեստավարժ կառավարության հրաժարականը։ Ավա՜ղ, մեր կանխատեսելի իրականության մեջ անակնկալներ չեն լինում, եւ դիրքորոշում փոխելու վերաբերյալ պարզունակ ենթադրություններն, ի վերջո, հաստատվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31