Լրահոս
Օրվա լրահոսը

Աննուշկան ձեթն արդեն թափել է

Մայիս 29,1999 00:00
axjik

Հայ ամենահայտնի իրավապաշտպանի դեմ կատարված եւ իր տեսակի մեջ հատկապես դաժանությամբ աչքի ընկնող մահափորձից հազիվ էինք ուշքի եկել (հիշում եք՝ վերեւից ընկած աղյուսից վնասվել էր միայն մեքենան (այն էլ՝ ոչ նրա) եւ այն էլ՝ միայն բարոյապես)։

Գործիչը ողջ էր ու անմիջապես ասուլիս տալուն պատրաստ։ Եվ այսպես՝ նոր էինք ուշքի եկել, երբ հիմա էլ մի նոր բարբարոսական եւ երկրագնդի բարի կամքի տեր մարդկանց դեմ ուղղված թարմ ավազակային հարձակում գրանցվեց։ Այն էլ՝ հանրապետության ամենամաքրաձեռք թեկնածուի դեմ։ Վերջ, Հայաստանի՝ Եվրախորհուրդ մտնելու բոլոր ջանքերն իզուր են։

Իսկ բանն այսպես է եղել. մայիսի 28-ի գիշերը, ժամը 4-ի մատույցներում, փորձ է արվել այրել վերոնշյալ թեկնածուի մեծադիր լուսանկարը։ Նկարն, ինչ խոսք, իր վրա լցված բենզինի օգնությամբ անմիջապես է այրվել, բայց այրվել, այսինքն՝ սեւացել էին լուսանկարի ներքեւում տեղակայված շտաբի դռները՝ կորցնելով իրենց նախնական փայտագույնը։ Բայց կարեւորը սա չէ։ Կարեւորն այն է, որ դեպքին անմիջապես հետեւել է ասուլիս՝ արդեն որակումներով ու մեղադրանքներով, ընտրատարածքի մյուս թեկնածուին (գուցե՛ տեղին, չգիտենք) անվանարկելով, հայ ժողովրդի ոչ վաղ անցյալում իշխող կուսակցությանը պիտակավորելով։ Ասուլիսի ընթացքում նաեւ վերհուշներ պատմվեցին, թե ինչպես են իրենց կուսակցությանն ու անձամբ նրա ղեկավարներին ահաբեկել, սպառնացել, բայց. «այս հիստերիկ եւ իրենց թուլությունն ու էությունը ցույց տվող» քայլը (շտաբի գլխին փակցված նկարի եւ դռների հրկիզումը) անպատիժ չի մնա։

«Պարկեշտ մարդկանց հասարակությունը» ներկայացնող ասուլիսի կազմակերպիչները «խաժամուժին ու թափթփուկներին» անպատիժ չեն թողնի այլեւս։ Բայց միայն այն դեպքում, եթե «իշխանությունները չգործադրեն համապատասխան միջոցներ։ Եվ թող հետո փորձեն մեղքը գցել մեզ վրա։ Նախազգուշացված էր՝ ընդհուպ մինչեւ Գլխավոր դատախազը»,- սպառնաց մաքուր ձեռքեր չունեցող, փոխարենը թավ բեղեր ունեցող մյուս թեկնածուն։ Ապա խրոխտ շարունակեց. «Այն ուժային մեթոդները, որոնք անցնում էին անցած տարիներին, այս տարի չեն անցնի, որովհետեւ մենք կիրառելու ենք սեփական ուժային մեթոդները» (հռետորն ինքը հավանաբար այդ ուժը կիրառողն անձամբ չի լինի. ֆիզիկական պատշաճ պատրաստվածության վիճակում չէ, բայց հանրապետությունում կամ «вокруг него» կգտնվեն նման մեթոդի կողմնակից տղաներ- Լ. Ա.)։ Ի դեպ, հրկիզման պոտենցիալ մեղավորների անունները նշվեցին՝ ըստ էության, խախտելով անմեղության կանխավարկածը, քանի որ շտաբի պահակները այրողներին չեն տեսել։ Իրավապահները կամ կգտնեն կամ էլ (ինչպես ավելի հաճախ է պատահում) չեն գտնի կրակի սիրահարներին։ Բայց եկեք հարցին նաեւ ա՛յլ տեսանկյունից մոտենանք. տեսականորեն չի բացառվում նաեւ, որ սա «ինքնահրկիզում» լինի։ Կրկնում ենք՝ տեսականորեն։ Իսկ այն, որ այրվել են լուսանկարն ու փայտե դռները, բնական է։ Ինչպես հայտնի է, միայն «ձեռագրերը չեն այրվում»։ Բայց բացահայտվում են։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Քանի որ այսօր արգելված է նախընտրական քարոզը, ստիպված եղանք փաստերը ներկայացնել առանց հերոսների անունները նշելու։ Քիչ մնաց. ամսի 30-ից հետո բոլորի անուններն իրենց տեղը կընկնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31