Լրահոս
Օրվա լրահոսը

Էս ընտրություններն էլ «դորդուբեշ» արինք

Մայիս 31,1999 00:00
cragir

Ռեպորտաժ Կոտայքի մարզից

Թվում էր, թե նախընտրական մրցապայքարն ավարտվելուց հետո երեկ ԱԺ պատգամավորների ընտրությունները կանցնեն ավելի գրագետ եւ կազմակերպված։ Թվում էր նաեւ, որ այդքան ջուր վերցրած ընտրացուցակները կպատրաստվեին եւ կներկայացվեին ստուգված ու ճշտված։ Սակայն այս ընտրություններին էլ համոզվեցինք, որ սխալներն ու անճշտությունները այդպես էլ չեն ուղղվել, ավելին, այն առիթ դարձավ պարզապես ձայներ կորցնելուն։ Ինչո՞ւ եմ ասում ձայն կորցնել, որովհետեւ երբ ընտրողը իր անուն-ազգանունը չի գտնում ցուցակներում, այլեւս նա չի դիմում իրավասու մարմիններին…

Երեկ ես եղա Կոտայքի մարզի 58 եւ 56 ընտրատարածքների գրեթե բոլոր տեղամասերում։ Այստեղ մինչեւ ժամը 16.30-ը լուրջ միջադեպեր չէին գրանցվել։ Թիվ 1092/58 ընտրատեղամասն այնքան խաղաղ էր, որ ռաբիս երաժշտություն էին լսում, սինխրոն թխկթխկացնելով սեղանները. «Էլ չեմ կարող դիմանալ, էդ քո սիրուն աչերը՜…»։ Սա այն տարածքն էր, որտեղ առաջադրված ԱԺ պատգամավորության 5 թեկնածուներից մեկը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էր։ Եվ բնականաբար, լսվող ռաբիսը խարդավանքային քարոզչություն չէր կարող դիտվել։

Ընտրողներից մեկը նույնիսկ քրթմնջաց, թե «Կոմպոզիտոր է, թող գնա շվի նվագի…»։ Ընտրողների գերակշիռ մեծամասնությունը խորհրդային անձնագրերով էին, ինչը մեզ հուշում էր մի շատ կարեւոր եւ տխուր իրողության մասին. շատերն ի վիճակի չեն եղել փոխել այն…

Մի կին ընտրող քվեախցիկից դուրս գալով սկսեց զրուցել քվեատուփի հետ մինչեւ իր քվեաթերթիկն այնտեղ գցելը. «Եթե կարգին մարդ ես, աշխատատեղ բացի»։

Թիվ 1 դպրոցում, ուր գտնվում էր 1093 տեղամասը, մեզ դիմավորեցին մի կարգախոսով, որը կապ չուներ ընտրությունների հետ, բայց կապ ուներ նախորդ օրվա հետ. «Բարի երթ, սիրելի շրջանավարտներ»։ Այստեղ մեր ներկայությամբ գրանցված «միջադեպն» այն էր, որ մի կնոջ ազգանուն փոխվել էր ամուսնությունից հետո եւ չէր համապատասխանում հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող ցուցակին։ Սակայն կինը համառորեն պնդում էր, թե «Անցած տարի էլ նույն բանն էր, ցուցակի վրա ուղղեցին», ինչն այս անգամ բնավ չէր «հուզում» հանձնաժողովի անդամներին, որոնք կնոջը դատարան էին ուղարկում։

1094 տեղամասում ամեն ինչ իր բնականոն հունով էր ընթանում։ Մի քիչ մթնոլորտը տնավարի էր, այնքան տնավարի, որ կարող էին լսել, թե ինչպես օրինակ հանձնաժողովի անդամին մոտեցած ընտրողին խորհուրդ էին տալիս, թե «Տար Լաուր տոտան թող պեչատի», իսկ ընտրողն էլ իր հերթին՝ «Է, էս ինչ ընտրություն է, շատ է թափանցիկ»։

Մենք այցելեցինք Նոր Հաճընի I ատյանի դատարան, հանդիպելով դատավոր Յուրի Բաղդասարյանի հետ։ Դատարանում ի զարմանս մեզ «ասեղ գցելու» տեղ չկար։ Եվ դա, անշուշտ, լավ օրից չէր, մարդիկ դուրս էին մնացել ընտրացուցակներից, հիմնականում համակարգչային «խտրականության» պատճառով։ Դատավոր Յու. Բաղդասարյանը հայտնեց, որ քաղաքացիների ազգանունները ցուցակում այլ են, անձնագրերում՝ այլ, կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ցուցակներից։ Դատավորի մտավախությունն այն էր, որ ինքը հնարավոր է՝ ֆիզիկապես չհասցնի եւ ասաց, թե «Սա դատավորի գործ չէր»։ Նա Ընտրական օրենսգրքի հետեւյալ հատվածը մեջբերեց. «Վեճերը կարող են բողոքարկվել» եւ որ քաղաքացին, երբ ցուցակից «բացակայում» է, դա դեռ չի նշանակում, թե վեճ կա։ Ժամը 15.45-ի դրությամբ I ատյանի դատարանում 11 վճիռ էր կայացվել…

Զովունիի 1060 եւ 1061 ընտրատեղամասերում նկատվեցին նոր անձնագրերում առկա թերություններ, որոնք անձնագրային բաժինների անփութության հետեւանքով էին։ Քաղաքացիներ կային, որոնց անձնագրերում կային այսպիսի տվյալներ. 00.00.37 թ., 00.00.45 թ., եւ դա առաջին դեպքը չէր։ Հանձնաժողովի նախագահը նույնիսկ մի քանի անգամ քվեարկության էր դրել նման «պրոբլեմը»։ 1060/56 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Արշակյանն ասաց, որ ընտրողների քանակը ըստ ցուցակների 1642 է եւ 16.30-ի դրությամբ մասնակցել է 630 ընտրող։

Ամենամեծ խախտումները տարեթվերի, համակարգիչով կատարված ուղղում-սխալներն էին, որոնք վիճաբանությունների տեղիք են տվել։ Նման սխալները, ըստ հանձնաժողովի նախագահի, «բավականին շատ էին»։ Շատ էին ազգանունների տարբերությունները։

– Ձեր տարածքում, փաստորեն կուտակումներ կան, ինչո՞վ եք բացատրում։

– Կուտակում չի եղել։ Ձեր մոտենալը համընկավ ցուցակների հաշվման հետ (վստահված անձինք էին խնդրել)։

Իսկ Արամ Հովհաննիսյանը (Կոտայքի մարզի 1061/56 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը) ասաց, որ ընտրություններին մասնակցել են 500 ընտրող՝ ժ. 15.30-ի դրությամբ՝ 1551 ընդհանուր ընտրողների թիվն էր։ «Դատարանի վճռով շուրջ 57-ը մեկ անգամ են ավելացել, 5 հոգի՝ մեկ անգամ, այդ գործընթացը մինչեւ այս պահը շարունակվում է։ Կան ընտրողներ, որոնք դուրս են մնացել ցուցակներից»։

Նա հայտնեց, որ 18 հոգի 2 օր առաջ դուրս են եկել ցուցակներից՝ որպես զինծառայողներ։ «Քիչ առաջ համայնքի ղեկավարի տեղակալը զանգեց, դարձյալ կան ընտրողներ, ովքեր դուրս էին մնացել ցուցակներից, դրանց անունները ճշտվեց…»։

Ընտրողների նոր համալրման… էին սպասում գրեթե բոլոր տեղամասերում։ Իսկ մի՞թե հնարավոր չէր, որ այդ ուղղումները վաղօրոք արվեին…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31