Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՆՍՏԵՄ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»

Հուլիս 06,1999 00:00
ashot bleyan

Ասում է Աշոտ Բլեյանը՝ մեկուսարանից գրավոր պատասխանելով «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցերին:

-Ձեզ առաջադրված մեղադրանքների առնչությամբ ի՞նչ հակափաստարկներ ունեք:

– Անհիմն ու անօրինական են ինձ առաջադրված մեղադրանքները՝ ներկայացման պահից առ այսօր: Ոչ թե այն պատճառով, որ դատախազության՝ ինձ մեղսագրած հանցանքները ես այնպես եմ գործել, որ դժվար ապացուցելի են, այլ որովհետեւ դրանք մոգոնած են: Ամենալավը դա գիտի քաղաքի դատախազի օգնական Հովիկ Պետրոսյանի գլխավորած քննչական խումբը: Հասկանալի է այս ծավալվող ահաբեկչությունը իմ կրթահամալիրի, իմ ծանոթ-բարեկամների, իմ ներկա ու նախկին գործընկերների նկատմամբ, իմ «գործի» արտաիրավական ու անօրինական նախաքննությունը, որի պսակն իմ անօրինական կալանավորումն է (եւ դո՛ւ, հրապարակավ երդում տված դատավոր): Իմ գործը իրավական չէ եւ քննության մեթոդներն էլ համապատասխան են: Թվում է վաղուց պիտի այն դատարանում լիներ, բայց քննչական խումբը նոր թափով նոր մեղադրանքներ է որոնում: Ի՞նչ անեն քննիչները՝ կանգնելու հրաման տրված չէ: «Բլեյանի գործը» հյուսվում է արդեն երկու տարի: Քաղաքի դատախազությունը փոխանակ գործեր միայն օրինականության շրջանակներում, ապացուցեր իմ մեղավորությունը, իր չփաստարկված կասկածների հիման վրա «գործ է սարքում»: Ես էլ իմ անմեղությունն ապացուցելը դարձրել եմ իմ գործը: Երկու կորսված տարի իմ կյանքից (որքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողում): Այ սրա համար պատասխան տվող չկա: Ե՞ս եմ այս հանրապետության հանցագործը, դրամաշորթը, պետական խոշոր միջոցներ յուրացնողը, պաշտոնական դիրքը չարաշահողը: Դեռ երկու տարի առաջ իմ անշահախնդրությունը, նվիրվածությունը կրթությանն ու կրթահամալիրին ինձ համար պաշտպանական զրահ էին քաղաքական մեղադրանքներից: Ի՞նչ պատահեց:

– Ձեր տպավորությունները մեկուսարանից: (Նշենք, որ հունիսի 7-ին իր «Երեւանի ուղղիչ տնից» հրապարակման մեջ պրն Բլեյանն այնպես համուհոտով էր ներկայացրել մեկուսարանի իր կենսակերպը, որ լավագույնս գովազդել էր այդ հաստատությունը – Ա.Ի.):

– Удручающие… Մեծաթիվ, չվերահսկվող, մեծացող ախորժակով իրավապահը մեռած տնտեսական կյանքի, հուսալի իշխանական տանիքով ունեւորների պայմաններում ինչո՞վ պիտի զբաղվեր: Պիտի իրեն նշանակողի կամք-հանձնարարությունը կատարեր՝ մոգոնելով քրեական գործեր, փող աշխատելով սոցիալ-կենցաղային հողի վրա, անպաշտպան տնտեսավարողների վրա գործեր սարքեր՝ քաղաքացիա-իրավական դաշտից ուժային ու կամային մեթոդներով դրանք տեղափոխելով իրեն հարազատ քրեական ոլորտ: Մինչդատական հուսալի մեկուսացման համար կա կալանավայրը՝ որպես իրավապահի կողմից քաղաքացու անմեղության կանխավարկածի, սահմանադրական իրավունքների ու ազատությունների անպատիժ ոտնահարման արդյունք: Իրավապահը պիտի պատժվի այդ խախտումների համար: Սա է, որ չի արվում: Մնացյալը արդարադատության պատրանք է: Խնդրեմ՝ ինձ անօրինական ձերբակալել է քաղաքի դատախազի օգնականը, դիմել եմ, ինձ կալանավորման անհիմն որոշում է կայացրել դատավոր Ներսիսյանը: Դիմել եմ: Հետո՞… Հարյուրավոր մարդիկ մինչեւ մեկ տարի ժամանակով փտում են մեկուսարանում, փաստացի նստած են առանց դատի՝ զրկված իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու սահմանադրական իրավունքից: Իսկ այդ ընթացքում իրավապահը կալանավորվածի հուսահատ հարազատներին է «կլպում» (գները հո պետական գաղտնիք չեն): Իսկ կալանավորվածի ընտանիքը իր բերանից կտրելով կալանավոր է պահում, ապահովում կալանավայրերի մեծաքանակ աշխատողներին: Տեսեք՝ կալանավայրերի աշխատողների չնչին աշխատավարձն ու թափուր տեղերի իսպառ բացակայությունը:

– Տեղյակ ենք, որ հետեւում եք մամուլին եւ հեռուստատեսությանը: Ձեր կալանավորումից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները «ոչ այնքան հեռավոր վայրերում» ի՞նչ գնահատականների տեղիք են տալիս:

– Ազգային ժողովի այս ընտրությունները մի ցավալի ապացույց էին, թե ի՞նչ աստիճանի անպատրաստ է այսօր մեր ժողովուրդը պետական կյանքի համար, ինչքան անգետ է ու անփույթ իր քաղաքական իրավունքների օգտագործման հարցում: Սա Հայաստանում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության պարտությունն է: Այս ձեւով 131 մարդ նստեցնելով ԱԺ-ում մենք կորցնում ենք մեր ոտքի տակի հողը, դեմոկրատիզմի հիմքը: Արձանագրենք, որ այսօր Հայաստանում երկու հայտնի անհատականություններ իրենց ձեռքն են վերցրել ամբողջ իշխանությունը, սրա հետ նաեւ երկրի ու Ղարաբաղի համար ամբողջ պատասխանատվությունը: Ով իր ապագան կապում է Հայաստանի հետ, պիտի ուզենա, որ այս դաշինքը հաջողի: Բարյացակամություն եւ գործընկերություն՝ հասկանալի քաղաքական սկզբունքների պահպանմամբ, եթե ունես ու հայտարարել ես դրանք:

Ահա երեք նկատառում: ԱԺ-ն պիտի դատարկ ձեւ չլինի, առանց պարունակության, որը ժողովրդավարական ձեւերի տակ քողարկի որեւէ խմբի իշխանությունը, երբ պետական հարցերը քննության են առնվում ու լուծվում իշխանական այդ խմբի կողմից դռնփակ ու ապա հայտարարվում ամբիոնից: Դաշինք կազմող ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն ոչ միայն պիտի չմեռնեն տեղափոխվելով ԱԺ, այլ կայանան որպես կառավարություն ձեւավորող կուսակցություններ: Միայն այս դեպքում խորհրդարան մտած «հեղինակությունները» քաղաքական գործիչ դառնալու եւ իրենց ընդունակություններն ու կենսափորձը քաղաքականի տրանսֆորմացնելու հնարավորություն կունենան: Երկրորդ. դաշինքը կայանա որպես կառավարող քաղաքական ուժ ժողովրդավարական-իրավական հասարակարգում, եթե ունենա զորեղ քաղաքական ընդդիմություն, որը միշտ զգաստ կպահի իշխանությանը եւ թույլ չի տա, որ նա դուրս գա օրենքի ու իր իրավասությունների սահմաններից: Այս փուլում քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կոնկրետ ու առարկայական հարգումը ետ կպահի թիկունքում իր խորհրդարանն ունեցող կառավարությանը, ուժեղ վարչապետին շուտափույթ «կարգուկանոն» հաստատելու գայթակղությունից:

Երրորդ. Հայաստանի երրորդ հանրապետության իրար հաջորդող կառավարությունները այդպես էլ հանրապետության կառավարման ծրագիր չունեցան: Կառավարման ծրագիր այսօր Հայաստանի համար նշանակում է քաղաքական անհրաժեշտ որոշումների այն ամբողջականությունը, որը լիբերալ-դեմոկրատական Հայաստանի բնականոն զարգացման համար պայմաններ կապահովի: Օրինակը կա՝ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհ.Քաջազնունու կառավարության ծրագիրը, որի դե յուրե ընդունումը եւ դե ֆակտո արհամարհումը հանրապետության ողբերգության գլխավոր պատճառը դարձավ:

Ինչ վերաբերում է «Նոր ուղուն», ես այստեղ եմ՝ կալանավայրում, որ չխանգարեմ իշխանությունների՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու եւ Ղարաբաղի հարցի լուծման հաղթական ծրագրերի իրագործմանը՝ իմ ապազգային ու պարտվողական-քայքայիչ գործունեությամբ: Հանուն Հայաստանի կնստեմ որքան պետք է: Ասում եք՝ պաշտպանենք ու կառուցենք: Համեցեք՝ 15 տարի քարը քարի վրա դնելով, սիրով ու գորովանքով կառուցվել է Բլեյանի դպրոցը: Մնում է պաշտպանելը: Ումի՞ց…

30.06.99թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031