Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանային հիմնահարցը՝ «գլուխկոտրուկ»

Օգոստոս 07,1999 00:00
vanadzor

Բնակարանների բաշխումը առավել կարիքավորներին (որպիսին համարվում են 1988 թ. երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած ընտանիքները) Վանաձորում տեղի է ունենում «անհայտ հանգամանքներում» սկզբունքով։

Համեմատության կարգով նշենք, որ նախկինում, մինչերկրաշարժյան տարիներին, երբ մարդկանց բնակարան էր հատկացվում, բնակարան ստացողների ցուցակները հայտնվում էին տեղական թերթում։ Առհասարակ այս բնագավառը բավականին փակ ու հազվադեպ լուսաբանվող ոլորտ է, եւ հազվադեպ լուսաբանումն էլ ավելի շատ անցկացվում է բնակարանաշինությանն առնչվող թեմայի լույսի ներքո։ Ելնելով այն հանգամանքից, որ ընդամենը վերջերս պարզվեց, որ Վանաձորում 1500 ընտանիք բնակարանի կարիք ունի (քաղաքապետի ելույթից), կարելի է պատկերացնել, որ նախկինում, երկրաշարժից առաջ բնակարանային հերթեր ունեցողներն էլ կարող են այդ հերթերը վերականգնել, մինչդեռ շատ-շատերը չգիտեն, թե ում պետք է դիմել այդ հարցով կամ արդյո՞ք ունեն դիմելու իրավունք, քանի դեռ չի վերացել աղետից տուժած բնակարանային կարիքավոր հասկացությունը։

1998 թ. լույս տեսած պաշտոնական մի տեղեկագիր նշում է, որ «Երկրաշարժից առաջ Վանաձորում կար 1,470 հազ. քառ. մակերեսով բնակարանային ֆոնդ», եւ «Երկրաշարժի հետեւանքով քանդվեց 224,6 հազ. քառ. մակերեսով 4471 բնակարան եւ քանդման ենթակա դարձավ 17,2 հազ. քառ. մակերեսով 284 բնակարան, իսկ 196,9 հազ. քառ. մակերեսով 3071 բնակարան դարձավ վթարային, որոնք ենթակա են ամրացման»։ Քանդված, քանդվելիք եւ ամրացման ենթակա բնակարանների հանրագումարից պարզում ենք, որ բնակարանային կարիքավորների թիվն ի սկզբանե 7826 էր, քանի որ նույն տեղեկագրում նաեւ նշվում է, որ 1998 թ. կարիքավորներն արդեն 4542-ն են, ուրեմն շուրջ 3000 բնակարան կառուցվել է 10 տարում։ Եթե քաղաքային իշխանություններն էլ համոզում են, որ ներկայումս 1999 թ. բնակարանային կարիքավորների թիվն արդեն 1500 է, ուրեմն եւս 3000 բնակարաններ կառուցվել են… վերջին մեկ տարո՞ւմ։ Ի դեպ, այն, որ 4542 ընտանիքներ դեռեւս 1998 թ. բնակվել են ժամանակավոր կացարաններում, դեռեւս չի նշանակում, թե բնակարանային կարիքավորների թիվն այդքան է եղել, քանի որ շատերը գրանցված են կացարաններում, բայց վաղուց բնակարաններ են ստացել եւ ինչ-ինչ պատճառներով չեն տեղափոխվել (կամ շենքն է թերություններով հանձնվել, կամ հատկացված բնակարանը գտնվում է ծայրամասային «Տարոն» թաղամասում, կամ էլ, պարզապես, տնակի բնակիչ համարվելը մեծ առավելություն է «Փարոսից» օգտվելու ժամանակ)։

Վանաձորում բնակարանների բաշխման «լուսաբանումը» բավականին հետաքրքիր տրվում է 1998 թ. ՀՀ կառավարության աշխատակազմի ծառայության վերահսկողական եւ տարածքային կառավարման վարչության մասնագետների հանձնախմբի եզրակացության մեջ, ուր մասնավորապես արձանագրվում է, որ «անմխիթար վիճակում է գտնվել քաղաքի պետական բնակֆոնդի ազատված բնակարանների գրանցման, հաշվարկման ու բաշխման հարցը, եւ առանձին դեպքերում բնակարաններ են հատկացվել այնպիսի անձանց, որոնք չեն դասվել սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող կատեգորիային»։ Բնակարանների անհամաչափ բաշխումը հանգեցրեց նրան, որ շատերը հեռացան երկրից, շատ ընտանիքներ չստեղծվեցին, շատերն էլ քայքայվեցին, ծնելիությունը պակասեց, եւ մինչ ոմանք կարողացան ճարպկորեն նախկին բնակարանները պահպանել (քանդման ենթակա համարվող, բայց՝ բնակելի) եւ նորն ստանալ՝ որպես կարիքավոր, մյուսներն սպասումներից հոգնած՝ մեկնեցին այլ երկրներ՝ փող աշխատելու եւ բնակարան գնել կարողանալու հույսով, իսկ նրանցից ոչ բոլորն է, որ վերադարձան։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031