Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ»

Նոյեմբեր 25,1999 00:00
hovhannes varyan

Հայաստանի Հանրապետությունում Քրեական օրենսգիրքը ակնհայտորեն ծանրաբեռնված է ըստ էության չգործող օրենքներով։ Մասնավորապես, իրեն չի արդարացնում Քրեական օրենսգրքի 244.1 հոդվածը, որը կոչվում է «Ահաբեկչության ակտի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու մասին»։ Այն ազդարարում է. «Նախապատրաստվող պայթյունի (…) մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ ութսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչեւ երեք տարի ժամանակով»։

Կեղծ տեղեկություններ պայթուցիկ փաթեթների տեղադրման մասին հոկտեմբերի 27-ից հետո արդեն 2 անգամ հեռախոսով հնչել են։ Մեկը՝ ԱԺ-ում, մյուսը՝ էներգետիկայի եւ սեփականաշնորհման նախարարությունների շենքում։ Դրանց բացահայտումը, որքան հասկացանք, ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի հետ հեռախոսազրույցից, տեխնիկապես հնարավոր չէ։ Այսինքն՝ հանցագործությունները չեն բացահայտվելու, թեեւ արդեն վերոնշյալ հոդվածով քրեական գործեր են հարուցված։ Հեռախոսազանգերը բացահայտելու միակ ձեւը, ըստ փոխնախարարի, նախապես դրանց մասին տեղյակ լինելն է, ինչը հնարավոր է միայն տեսականորեն։

Մեր մտավախությանը, թե հնարավո՞ր են նման խաբուսիկ նախազգուշացումներ, որոնք ժամանակի ընթացքում կթուլացնեն իրավապահ մարմինների զգոնությունը՝ հանգեցնելով իրական պայթյունի, պրն Վարյանը պատասխանեց. «Ամեն ինչ չէ, որ ձեզ (լրագրողներիս- Լ. Ա.) կարող ենք ասել, սակայն եթե նման զանգերը 150 անգամ էլ հնչեն, մենք մեր պարտականությունը (էվակուացիա, հատուկ ջոկատ, վարժեցրած շներ) կկատարենք։ Թեեւ հասկանալի է, թե որքան նյարդեր են քայքայվում այդ ընթացքում»։

Պրն Վարյանը ԱԺ-ում պայթուցիկ փաթեթ գտնելու կապակցությամբ ենթադրություն էր արել, թե կատարվածը խուլիգանություն է։ Նրա այդ ենթադրությունը նախաքննության ընթացքի վրա որոշակի ճնշում համարվեց։ Այս ձեւակերպմանը ՆԳ փոխնախարարը դեմ էր. «Ես իրավաբանական գնահատական չեմ տվել, պարզապես այդ պահին կարծիք եմ հայտնել։ Իրավաբանական գնահատական կարող է տալ միայն քննիչը»։ Բայց, քանի որ հանցագործությունը չի բացահայտվել, գնահատական տալ չի կարող նաեւ քննիչը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930