Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սա խորհրդարանի վրա երրորդ հարձակումն էր

Դեկտեմբեր 01,1999 00:00

Իրոք, 1999-ի հոկտեմբերի 27-ն առաջին դեպքը չէր, որ զինյալները Հայաստանի խորհրդարան էին ներխուժում։ Անհամեմատելի պայմաններով ու հետեւանքներով, բայց այնուամենայնիվ նման երկու դեպք եղել էր 1990-ին։ Գերագույն խորհրդի մի քանի պատգամավորների հետ զրույցների միջոցով փորձեցինք վերականգնել այդ միջադեպերի մանրամասները։ Իրավապահ մարմիններից մեկի բարձրաստիճան սպաներից մեկի հետ էլ ճշտեցինք եւ լրացրինք նրանց պատմածը։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ այդ դեպքերից արդեն շուրջ 10 տարի է անցել, բնական կդիտվի, որ այդ հարձակումների վերաբերյալ էական որոշ տվյալներ ջնջվել էին մեր զրուցակիցների հիշողությունից։

Ասենք, այդպես էլ ոչ ոք չկարողացավ ճշգրիտ նշել, թե 1990-ի հատկապես ո՛ր ամիսներին էին տեղի ունեցել այդ հարձակումները։ Երկու դեպքերն էլ տեղի էին ունեցել կառավարության նիստերի դահլիճում, որտեղ էին այդ ժամանակ անցկացվում Գերագույն խորհրդի նիստերը։ Առաջին միջադեպն այս է. խորհրդարանի նիստերի դահլիճ՝ դարձյալ առաջին դռնից՝ մտել էր օղակը քաշած նռնակը ձեռքին զինվորական համազգեստով, շինելով մի տղամարդ (նրան հիշեցին որպես եղեգնաձորցի Ռուբո) եւ ելույթ ունենալու պահանջ առաջադրել։

Ի դեպ, ԳԽ ներկա բոլոր պատգամավորները կանգնել էին, չնայած հնարավոր էր, թե որեւէ անզգույշ շարժման դեպքում նռնակը 5-7 վայրկյանի ընթացքում պայթեր։ Ընդ որում, ոտքի էին կանգնել նաեւ խորհրդարանի նախագահության անդամները։ Բաբկեն Արարքցյանը մոտեցել էր նռնակով զինյալին եւ ասել, թե նրան հնարավորություն կտրվի կենտրոնական խոսափողով ելույթ ունենալ, բայց այն պայմանով, եթե նա էլ նռնակը մի կողմ դնի։ Եվս երկու պատգամավոր (մեկը, թերեւս, Աշոտ Նավասարդյանն էր) էին մոտեցել, առանց բռնություն գործադրելու, հենց հարձակվողի ձեռքի մեջ նռնակի օղակը տեղն էին դրել, եւ նրան ելույթի համար ձայն էր տրվել։ Իսկ նռնակը, կարծեմ Ռոմեն Ղազարյանը (Բուդոն) տարել, գցել էր։

Զրուցակիցներս վստահ էին, որ հարձակվողը հետո ձերբակալվել էր, բայց կասկածում էին, թե քրեական գործ է հարուցվել, քանի որ որեւէ պատգամավորի այս դեպքի առնչությամբ հարցաքննության չէին կանչել։ Մեր զրուցակից իրավապահն էլ հիշեց, թե այդ հարձակում գործողը հոգեկան հիվանդ էր։ Հետաքրքիր է, որ երկրորդ անգամ հարձակվողներն էլ էին ցանկանում ԳԽ ամբիոնից ելույթ ունենալ, հայտարարություն անել։ Այս դեպքն արդեն առավել հանրահայտ է, քանզի հարձակման, այսպես ասած, գործողության ղեկավարը՝ ՀԱԲ-ն էր իր հրամանատարներ Վարդան Վարդանյանով, Ռազմիկ Վասիլյանով, եւ նրանց միացել էր նաեւ «Վրիժառուներ» ջոկատը՝ իր հրամանատար Սարիթաղի Վրեժով (Ղազարյան)։ Տալիս էին նաեւ այլ անուններ՝ շամշադինեցի Անդրանիկ, Ճայ Մասիս (որն այժմ գնդի հրամանատար է)։

Այս անգամ կրակոցներ էլ էին հնչել, բայց ոչ նիստերի դահլիճում, որ երկրորդ հարկում է, այլ առաջին հարկում՝ ճաշարանի մոտ։ Պատգամավորների դրսեւորած վարքագիծն այս անգամ էլ է հետաքրքիր՝ բոլորը լսելով կրակոցների մասին, իջել էին ներքեւ։ Կրակողը հենց այդ շամշադինեցի Անդոն էր եղել, որի ձեռքերը հետո ոլորել էին, հեռացրել։ Այս միջադեպը հարթելուն (ի դեպ, կարգավորվել էր հիմնականում, այսպես ասած, «ռազբորկաների» միջոցով) մասնակցել էին Ազատ Արշակյանը, Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Սուրեն Աբրահամյանը, Սամսոն Ղազարյանը, Իգոր Մուրադյանը եւ այլք։ Ճիշտ է, հետո ՀԱԲ-ի դեմ քրեական մեղադրանքներ հարուցվեցին, բայց այդ օրը հարձակումը շատ արտառոց վերջաբան էր ունեցել։ Հարձակվողները որոշ պատգամավորների հետ գնացել էին, այսպես ասած, մի կտոր հաց ուտելու։ Եվ ընդ որում, ըստ զրուցակիցներիս վկայությունների, հյուրասիրության հաշիվը փակել էր «Սասնա ծռեր» ջոկատից Ծաղիկ Ռուբոն։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031