Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ աղմուկ՝ ոչնչից

Հունվար 26,2000 00:00

Մեծ աղմուկ՝ ոչնչից Սահմանադրական նախապատրաստվող փոփոխությունների մասին խոսակցությունները 2000 թվականի առաջին օրերից իջան հրապարակ եւ սկսեցին զբաղեցնել մարդկանց միտքն ու ականջները։ Սահմանադրական փոփոխությունների մասին մեր քննարկումները սկսեցինք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հետ զրույցով, ներկայացվեց նաեւ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի տեսակետը, ինչպես նաեւ՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, այսինքն՝ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող երկրորդ հանձնաժողովի տեսակետը։ Ավելի վաղ ներկայացրել էինք ՀԿԿ խորհրդարանական խմբակցության տեսակետը, իսկ վերջերս՝ մի թեթեւ անդրադարձանք նաեւ ԱԺՄ վարչության տեսակետին։ Թվաց, թե բոլոր տեսակետները ներկայացված են, բայց ինչ-որ բան անշուշտ թերի կլիներ, եթե չհարցնեինք նրանց կարծիքը, ովքեր վերջին հաշվով ամենակարեւոր՝ մասսայական, տեսարանի դերակատարներն են, այսինքն՝ ժողովրդական լայն զանգվածների։ Ի վերջո, Սահմանադրությունը փոփոխություններով պետք է կրկին դրվի հանրաքվեի։ Թեպետ, որոշ գործիչների կարծիքով, ժողովուրդն այս անգամ չի գնա հանրաքվեի, քանի որ գիտի, որ մեկ անգամ «ոչ» է ասել, բայց «այո» են հասկացել (ոչ բառացի մեջբերեցինք «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մակեյանի կարծիքը)։ Որոշ քաղաքական ուժեր էլ, մասնավորապես կոմունիստները (հանձին ընկեր Խառատյանի), գտնում են, որ բոլորովին պարտադիր չէ ժողովրդին կրկին հանրաքվեի հրավիրել, ճիշտը մենք մեզանով որոշելն է։ Այս երկու տեսակետներից ո՞րն է ավելի ժողովրդավարական։ Մի կարճ նախադասություն մեջբերենք առայժմ երկրի միակ գլխավոր օրենքից, այն է. «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։ Իսկ մոռացկոտներին հիշեցնենք, որ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Խեղճ ժողովուրդ, թե ո՞ւմ է պետք չունեցած իշխանությունը՝ դատարկ գրպանով եւ սոված փորով. «Չենք ուզում ձեր (մեր) իշխանությունը, աշխատանք տվեք»,- ասաց ֆայլաբազարի մի մշտական անդամ, երբ փորձում էի նրան խիստ «գաղափարական» խոսակցության մեջ ներքաշել եւ պարզել, թե ի՞նչ է ուզում ժողովուրդն ինքը։ Արդյոք գիշեր-ցերեկ չի՞ մտածում սահմանադրական փոփոխությունների մասին, ի՞նչ փոփոխություններ է ուզում, ինչո՞ւ է ուզում կամ ուզո՞ւմ է ընդհանրապես։ Նույն ֆայլաբազարցին «գաղափարական» թեմաներն այնպես նախշեց, որ արժեր՝ որոշ գործիչներ իրենց քաղաքական ականջը շոյեին սույն նախշով։ «Հիմա՝ ինչ, չե՞ք ուզում, որ փոփոխություններ լինեն Սահմանադրության մեջ, չէ՞ որ ժողովրդինն է էս անտեր երկրում իշխանությունը»։ Հենց սա էր, որ խիստ էր վիրավորում իմ զրուցակից նախկին բանվորին, նախկին գյուղացուն (հաջորդ բոլոր խավերի անվան կողքին կարդացեք նախկին բառը), ուսուցչին, բժշկին, խառատին, շինարարին եւ այլն։ Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող բոլոր զրուցակիցներիս, ի թիվս այլ հարցերի, նաեւ հարցնում էի. «Դուք կարծում եք ժողովուրդը հավատո՞ւմ է որեւէ փոփոխության եւ կգնա՞ հանրաքվեի կամ արտահերթ ընտրության»։ Ու բոլորը միաձայն հավատում էին մեր ժողովրդի պայծառ ապագային, ասում էին՝ ճիշտ է, որ ապատիայի մեջ է, բայց «88 է եղել, ժողովրդի մեջ առողջ բնազդ կա»։ Գործազուրկների հոծ բանակից իմ զրուցակիցները իրենք իրենց մասին այլ կարծիքի են. «Հավատը կոտրվել է, ո՞ր մեկին հավատաս, ով էլ գա, օգուտ չունի։ Բոլորը խաբում են։ Շատ է քանդված»։ Շավարշ Քոչարյանն ասում է. «Ճգնաժամը համակարգային է, անձերի չէ»։ Այլ մարդկանց կարծիքով ճգնաժամը նաեւ անձերի է։ Մինչ քաղաքական ուժերը իրենց համար պարապ վախտի խաղալիք են գտել եւ ծանրութեթեւ են անում, թե ինչը որտեղ փոխեն եւ ում որտեղից հանեն, ժողովուրդը օրվա հացի հետեւից ընկած չջեռուցվող բնակարաններում «առողջ բնազդով» սպասում է, թե ե՞րբ է գալու իր կյանքում փոփոխություններ կատարելու հերթը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել