Լրահոս
Օրվա լրահոսը

Մատը պաչելու ժամանա՞կն է

Փետրվար 10,2000 00:00
Viktor dallaqyan

«Իրավունքի» «Ուղիղ կապով» Արտաշես Գեղամյանի հետ կապվածներից մեկն ասել էր. «Ես համբուրում եմ Ձեր մատը, որը կսեղմի Մուղդուսի Վանոյին անձեռնմխելիությունից զրկելու «այո»-ին» («Հարց ու պատասխան», փետրվարի 1-7-ը)։

Նման գայթակղիչ հեռանկարն աչքի առջեւ ունենալով, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամները ջանք չեն խնայում, որ հասնի այն բաղձալի պահը, երբ իրենց ղեկավարի ձեռքի վրա չպաչած տեղ չի լինի։ Այսպես, Աղասի Արշակյանը նախաձեռնել է զրկել Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից (ըստ այդմ եւ անձեռնմխելիությունից) այն հիմքով, որ նա չի մասնակցել անցած նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիին։ Սակայն խնդիրն այն է, որ Վանո Սիրադեղյանը միակ նման պատգամավորը չէ, որ բացակայել է նիստերից եւ մեկ հոգու համար ծրագրվածը կարող էր շրջվել նաեւ այլ պատգամավորների դեմ։

«Առավոտի» խնդրանքով այս հարցն առավել հանգամանալից ներկայացրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը. «Կան 6 պատգամավորներ, որոնք քվեարկությունների կեսից ավելին բացակայել են։ Այդ պատգամավորներն են՝ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մարտին Սուքիասյանը եւ Գեւորգ Դավթյանը։ Եվ ԱԺ կանոնակարգի 16-րդ հոդվածի համաձայն, մեր հանձնաժողովը նստաշրջանը սկսվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պիտի անդրադառնա նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելին բացակայողների հարցերին։ Տեղեկացնեմ, որ բացակայողները ներկայացրել են համապատասխան անաշխատունակության թերթիկներ (բյուլետեն), քանի որ ԱԺ կանոնակարգի նույն հոդվածում նաեւ նշված է, որ հարգելի են համարվում այն բացակայությունները, երբ ներկայացված է անաշխատունակության թերթիկ։ Ըստ այդմ, ես պետաիրավական հանձնաժողովին տեղեկացրել եմ, որ այդ պատգամավորների բացակայություններն ավտոմատ համարվում են հարգելի եւ ԱԺ-ում այդ հարցը չի քննարկվելու։ Բայց պատգամավոր Աղասի Արշակյանը ցանկություն հայտնեց, որ այդ պատգամավորների անաշխատունակության թերթիկները եւ բացակայությունները լրացուցիչ ներկայացվեն հանձնաժողովի բոլոր անդամներին։ Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում՝ պատգամավորները կարող են ծանոթանալ այդ թերթիկներին»։

Հետաքրքրվեցինք, թե ծանոթանալուց հետո պետաիրավական հանձնաժողովը ստուգելո՞ւ է այդ «բյուլետենների» իսկությունը (ասենք, բացակայողների կոկորդներն են նայելու, ճնշումները չափելու եւ այլն)։ «Հանձնաժողովն ընդհանրապես անաշխատունակության թերթիկներ ստուգել-չստուգելու կամ պարզելու, թե դրանք իրոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, գործառույթներ չունի,- պարզաբանեց Վիկտոր Դալլաքյանը։- Ուղղակի որպեսզի հետագայում տարբեր մեկնաբանություններ չլինեն, պատգամավորները կտեսնեն այդ թերթիկները։ Եվ մենք իրավունք չունենք դրանց ճիշտ կամ սխալ լինելը քննարկել»։

Ի դեպ, քվեարկությունների կեսից ավելին բացակայել է նաեւ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որին, ճիշտ է, նույնպես սպանությունների կազմակերպման դրդիչ լինելու վերաբերյալ մեղադրանքներ են ներկայացվել, բայց «Իրավունք եւ միաբանությունը» նրա նկատմամբ բոլորովին էլ նույն զգացմունքները չի տածում, ինչ Վանո Սիրադեղյանի դեպքում։ Հայտնի պատճառներով, Մուշեղ Մովսիսյանը զրկված է նաեւ «բյուլետեն» ներկայացնելու եւ նիստերից իր բացակայությունը հարգելի դարձնելու հնարավորությունից։ Վիկտոր Դալլաքյանը պարզաբանեց, թե կանոնակարգում նման իրավիճակ նախատեսված չէ եւ այս խնդիրը կարգավորված չէ օրենքով։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Գեղամյանի մատը պաչելու բուռն ցանկության առնչությամբ պետական մի գործիչ ասաց. «Դեռ լավ է, որ քվեարկության կոճակը մատով է սեղմելու»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829