«Ինչ վերաբերում է երեք նախագահների շրջապատին․ կա՛ առերևույթ փոքրիկ զարմանք արտահայտելու առիթ, բայց ոչ ավելին։ Ուրախալի է, բայց նաև անհանգստացնող, քանի որ թվացյալ անհնարինությունը հաղթահարվել է՝ իշխանությունից եկող սպառնալիքների պատճառով»։ «Առավոտի» զրուցակիցն է 1992-98 թթ. խորհրդարանի փոխխոսնակ Արա Սահակյանը։
-Հայաստանում ութ տարի սպասված իրադարձությունը վերջապես տեղի ունեցավ․ երկու ձախողված փորձերից հետո ընդդիմությունը միավորվեց։ Համախմբման օրակարգը գնահատելի-ընդունելի՞ է։
– Իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը երբ հատում է քաղաքական մեթոդներով պայքարի սահմանը, ընդդիմադիր դաշտի, նաև հասարակության համար առաջանում է լրացուցիչ ռեսուրսների հարց։ Ավանդաբար, լրացուցիչ ռեսուրս է համարվում ընդդիմադիր ճամբարի միավորումը։ Բայց դա միայն բարի ցանկությունների շրջանակում չէ, միակ ու ճարահատյալ քայլն է այն պայմաններում, երբ իշխանությունը տոտալ վերահսկողություն է հաստատում ողջ քաղաքական համակարգի վրա։ Բայց եթե պետք է միավորումը բերի այնպիսի ձախողումների, ինչպիսիք եղան «Փրկության», հետո «Դիմադրության» շարժումների հետ, ավելի լավ է՝ չմիավորվեն։
Այս դեպքում մոտիվներն են շատ կարևոր, որոնց ես անտեղյակ են։ Գիտեմ, որ նոյեմբերի 7-ին հանդիպում էր եղել, նախաձեռնողները՝ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» խմբակցությունները, դիմել են հասարակական կարծիք ձևավորողներին՝ փորձագետներին, քաղաքական վերլուծաբաններին եւ այլն, օգնության խնդրանքով։ Ուրեմն իրավիճակ է փոխվել։ Մինչ այս իրենք այդքան էլ պատրաստ չէին լսել։ Իմ տպավորությամբ, իրենց մոտ կտրվածություն էր առաջացել։ Առհասարակ, Հայաստանում երբ մի ուժ գալիս է իշխանության կամ մոտենում է իշխանափոխության պահը, իր ներսում առաջանում է մի հակադարձ հոսանք։ Ներկա ընդդիմության մոտ էլ մի շրջան դա նկատեցի, ու դա էր պատճառը, որ ավելի լայն միավորում տեղի չունեցավ։
Կարդացեք նաև
Հիմա վիճակը, ասացի, փոխվել է. ունեզրկում, բիրտ ճնշումներ, բանտարկություններ… Հալածյալների հույսը խորհրդարանում ներկայացված ընդդիմությունն է, բայց ռեժիմի գլխավոր թիրախը հենց ինքն է։
-Բարդ է մեկ վայրում եւ երկար ժամանակ կողք կողքի պատկերացնել Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների համախոհներին, հետհեղափոխական Հայաստանում ձեւավորված ուժերին եւ գործիչներին, որոնք մինչեւ վերջերս առավելապես միմյանց էին քննադատում, քան իշխող ուժին։
-Գիտե՛ք, Հայաստանը, չնայած ՔՊ-ի բոլոր ջանքերին, ժողովրդավար երկիր է։
Այսինքն, փոխհարաբերությունները դեռեւս բաց են, անկաշկանդ, կարծիքները ազատորեն են արտահայտվում։ Եվ դա միայն ներքին մրցակցության տեսանկյունից չպետք է դիտել. մեր քաղաքական մշակույթի մեջ արմատացած է ընդդիմության ներսում միմյանց քննադատելը։ Դա օգտակար եմ համարում, եւ դրանից ամենևին չի նվազում իշխանությանը քննադատելու իրենց եռանդը։
Ինչ վերաբերում է երեք նախագահների շրջապատին․ կա՛ առերևույթ փոքրիկ զարմանք արտահայտելու առիթ, բայց ոչ ավելին։ Ուրախալի է, բայց նաև անհանգստացնող, քանի որ թվացյալ անհնարինությունը հաղթահարվել է՝ իշխանությունից եկող սպառնալիքների պատճառով։
-Ձեր կանխատեսումներով՝ որքան կյա՞նք կունենա այս միավորումը։
– Ցանկացած քաղաքական ալյանս, այնքան կյանք է ունենում, որքան բավարարում են ռեսուրսները ու որքան պահանջված են հասարակության կողմից։ Հետո ոչ մի ալյանս, երբ տրոհվում է, չի՛ անէանում, նրա տեղում ձևավորվում են այլ խմբավորումներ, այլ կապակցվածություններ, նույնիսկ մարդկային հարաբերությունների մակարդակում՝ անհամատեղելի թվացող գործիչներն են շարունակում իրար հետ աշխատել։ Սա ասում եմ՝ իմ անձնական փորձից ելնելով։
Հայաստանի թիվ մեկ կնքահայրը՝ Սամվել Կարապետյանը, միավորման յուրահատուկ փորձ կատարեց։ Սա երրորդ եւ, վստահ եմ, հաջող փորձն էր դառնալու։ Միայն թե պետք է լսելու, այլ գաղափարներ ընդունելու պատրաստ լինենք։
Երբ վերջերս ՔՊ-ի պարագլուխը հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխելու համար հարկավոր են ընդդիմադիրների ձայները, ԱԺ մի քանի ընդդիմադիր պատգամավոր,
ինձ թույլ եմ տալիս ասել, զգացական մակարդակում շատ շտապ եւ աներկբա մերժեցին այդ առաջարկը։ Իրենց կշտամբում եմ ոչ թե այն պատճառով, որ իմ վերաբերմունքը փոխվել է ՔՊ-ի կամ նրա պարագլխի նկատմամբ, այլ որովհետև իշխանության հետ քաղաքական երկխոսություն սկսելու դուռը չէր կարելի փակել։
Հարկ է վեր կանգնել անձնական խնդիրներից։ Այո, ճիշտ է, իշխանությունը վաղուց քաղաքական պայքարը տեղափոխել է քրեական հետապնդումների, վարկաբեկումների դաշտ։ Բայց միևնույն է՝ եթե չկա իշխանությանը զսպել, վերահսկողության տակ պահելու ներուժ, իսկ իշխանությունն էլ ավելի է համառում, ուրեմն եկել է ընդառաջ քայլ անելու պահը։ ՔՊ-ն դատապարտված է համառելու, որովհետև նրա համար գոյություն ունենալ և իշխանություն ունենալ կարգավիճակները նույնական են։ Նա այն աստիճան է թշնամությունը խորացրել, որ իր գոյության միակ հիմքը թողել է իշխանությունը։ Ունի՞ իշխանություն՝ ուրեմն ինքը կա, չունի՞ իշխանություն՝ ուրեմն չկա։ Հիմա այս մթնոլորտում, երբ նորից վերադառնանք՝ իշխանությունը այնքան համառ է և միջոցների առջև խտրություն չի դնում, իսկ ընդդիմությունն էլ չի կարողանում կազմակերպել արդյունավետ հասարակական դիմադրողականություն, ուրեմն պետք է ճկուն լինի։ Եթե ՔՊ-ն, իսկապես, ունի ընդդիմության կարիքը, կոչ եմ անում ընդդիմությանը առանց պայմանների սկսել ՔՊ-ի հետ երկխոսություն։ Թող նստեն բանակցության ու իրենցն ասեն։ Կարող են Սահմանադրության հարցը քննարկել, կարող են խաղաղության պայմանագրի, եկեղեցու, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, գերիների, քաղբանտարկյալների հարցերը․․․ Շատ հարցեր կան։ Բայց որ պետք է երկխոսել, դա անվիճելի եմ համարում։
Քաղաքական վերնախավի պարտքն է ձևավորել հասարակական կարծիք և, հարկ եղած դեպքում, չտրվել հասարակական կարծիքի վայրիվերումներին։ Քաղաքականությամբ զբաղվել նշանակում է ունենալ համոզմունք, սկզբունք, կողմնորոշիչ, գաղափար ու մարդկանց համոզել դրանց ճշմարտացիության մեջ։ Սոցիալական ցանցերը կարևոր են, ես էլ ակտիվ օգտատեր, բայց հասարակական կարծիքը իմանալու գիտական եղանակներ կան, չպետք է խաբվել սոցիալական հարթակներում ներկայացվող ջերմաստիճանով։ Մենք հո՛ լավ գիտենք, թե ինչքան կեղծ օգտատերեր կան, և թե ինչպես են ուղղորդվում այնտեղ տեսակետները։ Բարդ ժամանակներ ենք ապրում, շուրջ բոլորը հիբրիդային պատերազմներ են, ու ամեն մեկս այդ պատերազմների ե՛ւ զինվորն ենք, ե՛ւ թիրախը։ Քաղաքական վերնախավի կոչումն է վեր կանգնել տեղական մարտերից։ Իսկ քաղաքական վերնախավը ներկայացնում են ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները։
-Հասարակությունը բավականաչափ ջլատված, չարացած, հոգնած է եւ արագ լուծումներ է ակնկալում։ Կկարողանա՞ ընդդիմադիրների այս միավորումը նախ շահել հանրության մեծ մասի վստահությունը, ապա լուծումների տանել նրանց։
– 5 ամիս առաջ արձանագրվեց հասարակության պառակտվածությունը, 51/49 տոկոս հարաբերակցությունը հօգուտ ընդդիմության և ավելի ու ավելի է մեծանում ընդդիմության նկատմամբ մարդկանց վստահությունը։ Երբեք չես համեմատի 18-20 -21 թվականի հետ։ Ուստի իշխանությունը շտապում է, նրան դրական արդյունքներն են պետք. տնտեսության ասպարեզում զրոյական վիճակ է, տնտեսությունը գոյություն ունի շնորհիվ արտաքին ներարկումների, մեծ մասը` շնորհիվ արտասահմանում աշխատող մեր հայրենակիցների, փոքր մասը՝ շնորհիվ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ու դոնոր երկրներից առատորեն տրվող ու անվերահսկելի ծախսվող վարկերի։ Գյուղատնտեսություն, սպասարկում, հեռահաղորդակցություն, տրանսպորտ, շինարարություն, բանկեր։ Բոլորը` միտված ներքին սպառմանը։ Ու գնաճ, թանկություն, դրամի արհեստականորեն պահվող փոխարժեք։ Մենք դարձել ենք ամենավատ իմաստով սպառողական հասարակություն, չկա զարգացում։ Աղքատ ընտանիքներ ու իշխանության և բիզնեսի բարեհաճությանը կախյալ մարդիկ։ Շնչառությունը պահպանող սարքերի միացրած հիվանդի նման ենք։ Հենց սարքերն անջատեն, շնչահեղձ կլինենք։ Իշխանության ողջ ուժնուկորովը նպատակամղված է հաջողության ագիտացիային։ Երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այս տղաներն ու աղջիկները թրծվել են կոմկուսի ագիտպրոպի հնոցում։ Իրենց հավատամքն է` Ամեն ինչ հանուն իշխանության։ Ի սկզբանե մեծախոսությունն էր, հետո` սուտը, կեղծիքը, խաբեությունը, գագաթնակետը քաղաքական հակառակորդներին շինծու գործերով բանտ նետելն է։ Քննչական մարմինները, դատախազությունը դարձել են պատժող օրգաններ։ Նախնական կալանքը կիրառվում է որպես ընդդիմադիրներին մեկուսացնելու միջոց, իսկ գույքի բռնագրավման օրենքն ընդունվել է լոկ քաղաքական ու անձնական հակառակորդներին ցուցադրաբար պատժելու նպատակով։ Քաղաքական հայացքների տարբերությունը դարձել է անձնական ատելության միջավայրը սնուցող թույնը…
-Լուծումները պետք է ուղեկցվեն գործողություններով։ Միավորված ուժերի գործողությունները դեռ հասկանալի չեն։ Ձեր գնահատմամբ կամ առաջարկով՝ ի՞նչ պետք է անել, որ արդյունավետ լինի։
– Ե’վ 1998-ին, ե’ւ 2018-ին տեղի են ունեցել իշխանությունն անցնցում փոխանցելու բանակցություններ, եղել են նաև քաղաքական ճգնաժամերը իշխանություն-ընդդիմություն բանակցություններով լուծելու հաջողված և անհաջող շատ փորձեր՝ 1990 ամառ, 1992 ամառ, 1995 ապրիլ-մայիս, 1996 սեպտեմբերի 20, 1999 նոյեմբեր 3, 2013 ապրիլ, 2016 փետրվար, 2020 սեպտեմբեր-հոկտեմբեր և այլն։ Հիմա, ճիշտ է, ճգնաժամային իրավիճակ է, բայց և քաղաքական համակարգն է ավելի հասուն, քան 25-35 տարի առաջ։ Մեր ժողովրդի ողջախոհության ու արժանապատվության նկատմամբ հավատս անսպառ է։ Հանգուցալուծումը մոտ է։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2026



















































