ԱԽ նախկին քարտուղարը պարզաբանել է, թե ինքը պաշտոնավարման ընթացքում էլ վարչապետին ու գործընկերներին հայտնել է այն տեսակետները եւ վտանգները, որ ներկայացրել էր օրեր առաջ հրապարակած իր հոդվածում՝ ԵՄ անդամության անիրատեսականության, դեպի Արեւմուտք ռեակտիվ ձգտման վտանգավորության մասին։ «Եվ կշարունակեի համոզել», ասում է Գրիգորյանը Սիվիլնեթի հետ հարցազրույցում` նկատի ունենալով թերեւս, որ կշարունակեր, եթե Նիկոլ Փաշինյանը չորոշեր նրա փոխարեն նշանակել Ալեն Սիմոնյանին։
Նիկոլ Փաշինյանը, որը Գրիգորյանի հոդվածի հրապարակման օրերին բանանը ծոցագրպանում ճամփորդում էր Անթալիայից Դուբլին՝ դեռ չի անդրադարձել այս թեմային։ Մինչ այդ էլ Փարիզում էր։ Երեկ էլ հայտարարել է, որ կարճատեւ այցով ժամանում է Երեւան, որ հետո՝ նոյեմբերի 15–ին մեկնի Կամբոջա, որտեղ մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանը բավականին անգութ է վարվում թիմակիցների հետ։ Խնդիրն այն է, որ Արմեն Գրիգորյանի հոդվածից հետո նրանք թերեւս կորցրել են քունը եւ փորձում են հասկանալ, ժողովրդական լեզվով ասած՝ «թե որտեղ են ուզում իրենց «գցած» լինել»։
Իշխանական համակարգում կամ դրան մերձ ցանկացած անորոշություն ու անսովորություն դրա ներկայացուցիչներին մատնում է անասելի շփոթության եւ անհանգստության։ Ու ակնառու է, որ Փաշինյանը ձգում է այդ անսովորությունն ու անորոշությունը, չի շտապում ցրել մշուշն ու որեւէ ազդակ հղել, այսպես ասած` թիմակիցներին։ Դա կարող է նշանակել, որ Փաշինյանը իրականացնում է «շոկային թերապիա», ինչը բնականաբար խորացնում է հարցերը բոլոր նրանց մոտ, որոնք բացի Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունները սրբորեն կատարելուց, ի վիճակի են նաեւ ձեւակերպել ինքնուրույն հարցեր։ Բայց, քանի որ ինքնուրույն հարցերն էլ բարձրաձայնվում են թերեւս ըստ «սմս»–ների, դրանց ձեւակերպման հնարավորություն ունեցողների համար ստացվում է ավելի բարդ վիճակ։ Հարցերը կան, իսկ դրանք բարձրաձայնելու հաղորդագրությունը՝ ուշանում է։ Իսկ ուշանում է թերեւս այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ փնտրում է ինչ- որ պատասխաններ՝ Փարիզից Կամբոջա, թեեւ նրա նախկին ԱԽ քարտուղարը փաստորեն ասում է, որ բոլոր հարցերի պատասխանը նա ի վերջո կստանա Մոսկվայից։
Կարդացեք նաև
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ



















































