Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ

Ապրիլ 04,2000 00:00
dat

Պաշտպան Վանյա Սուքիասյանը ասաց, որ տեղյակ չէ, թե իր պաշտպանյալը ինչու չի եկել դատարան։ «Անկախ այդ հանգամանքից նիստը շարունակվում է»,- ասաց դատավոր Ռազմիկ Թովմասյանը, ինչին հետեւեց Վ.Սիրադեղյանի պաշտպանի բացարկը։ Նշեմ, որ այդ պահին նիստից բացակայում էին միաժամանակ երեք պաշտպաններ. Բալաբանյանը, Պետրոսյանը, Կարախանյանը։ Վ.Սուքիասյանը խնդրում էր «նիստը շարունակելու հարցը ճշտել, նաեւ այն, թե իր պաշտպանյալն ինչու չի ներկայացել, հարգելի՞ է, թե՞ անհարգելի…»։ Մեղադրող Զ.Թադեւոսյանը պնդեց նիստն առանց Վ.Սիրադեղյանի շարունակելու եւ միջնորդությունը քննարկելու հարցը։ Տուժող Մ.Ռաֆայելյանը միացավ մեղադրողին։ Պաշտպան Սուքիասյանը գտնում էր, որ մեղադրող կողմը իրավունք չուներ չորրորդ անգամ իր միջնորդությունը կրկնել, եւ դատավորին բացարկ հայտնելու հիմքում դրեց այն պատճառաբանությունը, որ «դատավորի անկախություն գոյություն չունի»՝ կասկածի տակ դնելով Ռ.Թովմասյանի անկողմնակալությունը… Ամբաստանյալ Վահան Հարությունյանը ասաց, թե «էս մարդիկ սպասում էին կկվի կանչին, իսկ կկուն չի կանչում», եւ նաեւ, ի հավելումն «քույր» գործում հնչած Արծրուն Մարգարյանի մասնակցությանը սպանություններին նկատեց, որ «Արծրունը ֆիզիկապես հնարավորություն չուներ հրաման տալու»…

Ամբաստանյալ Նորայր Թադեւոսյանը միջնորդության կապակցությամբ հարցրեց. «Եթե մեղավոր է, ինչո՞ւ չէիք կալանում առաջին միջնորդության ժամանակ»։ Մովսես Ներսիսյանն էլ, թե՝ «Հո ագռավ չենք, 300 տարի նստենք- մնանք»։ Ամբաստանյալներ Ա.Խաչատրյանը, Ա.Շահբազյանը, Մ.Առաքելյանը, Ե.Մելքոնյանը, Դ.Պետրոսյանը, Ս.Բալյանը, Հ.Աղաջանյանը կողմ էին Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելուն։ Խորհրդակցական սենյակից դուրս գալով, Ռ.Թովմասյանը հրապարակեց դատարանի որոշումը. խափանման միջոց ընտրել կալանքը եւ բավարարել միջնորդությունը։

Վանյա Սուքիասյանը բացարկը կրկնեց, միայն այս անգամ բացարկի «կողմ» դարձնելով նաեւ մեղադրող կողմին։ Ապօրինի համարելով դատարանի վերոնշյալ որոշումը, Վ.Սուքիասյանը նկատեց, որ «Սիրադեղյանին օրենքով, ջանադրորեն կալանավորելու պատվերը դրված է իշխանության գագաթից»։ Վկայակոչվեցին մի շարք օրենքներ, հոդվածներ, կապված խափանման միջոցը փոխելու դատարանի իրավազորության հետ։ Փաստաբանն ասաց նաեւ. «Ցանկացած խափանման միջոց կարող է վերածվել կամ փոփոխվել համապատասխան հիմքերի առկայությամբ, ինչպես նաեւ բերված միջնորդությունը կարող է կրկնվել, եթե հետագա քննության ընթացքում ձեռք են բերվել այդ միջնորդությունը բավարարելու համար նոր, բավարար հիմքեր»։ Իր առարկությունները հրապարակավ ներկայացնելուց հետո պաշտպանը լքեց դահլիճը։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը փաստաբանի արարքը որակեց որպես «միտինգային վարքագիծ, լկտի վերաբերմունք արդարադատության նկատմամբ» եւ ասաց, որ փաստաբանն իր ձեռքի տակ ուներ պատրաստի բողոքներ, միջնորդագրեր, սակայն չուներ «փոքրիկ» տեղեկանք, թե ո՞ւր է իր պաշտպանյալը։ Ընդհակառակը, մեղադրեց Վ.Սուքիասյանին, որ «Ձեր աչքի առաջ ինքը փորձեց ճնշում գործադրել դատավորի վրա, մինչեւ միջնորդությունը քննարկելը փորձեց անհիմն բացարկ հայտնել»։ Այնուամենայնիվ, փաստաբան Վ.Սուքիասյանը մի բան էլ ասաց. «Խափանման միջոց կիրառելը նախ պարտադիր կատեգորիա չէ, որ կարող է կիրառվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Սիրադեղյանը կարող է թաքնվել դատարանից։ Այ, հիմա դուք այդ առիթը տվեցիք, որպեսզի նա հարկադրված (ես չգիտեմ, ինչու է բացակայում), գուցե թաքնվի…»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930