Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 02,2000 00:00

«ԿՄԵՂԱԴՐՎԵՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ» «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը եւ քարտուղար Արա Կետիկյանը նախ փորձեցին բացել խմբի վերջին հայտարարության մեջ պարունակվող որոշ դրույթների փակագծերը։ Նախ, թե «Հայաստանն» իր գործունեությամբ նպաստելու է «օրինական ընտրությունների ճանապարհով նոր իշխանության ձեւավորմանը»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մոտ օրերս պահանջելու են արտահերթ ընտրություններ հարցին պրն Մալխասյանը պատասխանեց, «Դա դեռ չի նշանակում, որ այսօր կամ վաղն է անհրաժեշտ»։ Չնայած լրագրողների համառ փորձերին՝ Մյասնիկ Մալխասյանն այդպես էլ չորոշակիացրեց, թե խորհրդարանից դուրս գործող ո՞ր կազմակերպությունների հետ են պատրաստ համագործակցել։ Իսկ երբ հատուկ նշեցին «Աջ ուժերի միության» անունը՝ պրն Մալխասյանը չբացառեց, բայց նաեւ ասաց, թե առայսօր որեւէ համագործակցություն չկա։ Հավելեց. «Այսօր մի շատ վտանգավոր եւ ցավալի գործընթացի մեջ ենք, երբ քաղաքական ուժերը սկսել են մեկը մյուսին դատափետել, «ռեւանշիստներ» անվանել, դատապարտել։ Սա կործանարար գործընթաց է։ Առանց այն էլ (…) կուսակցությունների բազմազանությունը բերում է ազգի բզկտվածության, որն այս իրավիճակում մեզ ձեռնտու չէ»։ «Առավոտը» պարզաբանման կարոտ էր համարում հայտարարության երկու դրույթներից բխող այն տրամաբանական եզրահանգումը, թե «Հայաստանը» պատրաստ է համագործակցել նաեւ անսկզբունքային եւ հարմարվողական քաղաքականություն վարող «Միասնության» հետ։ Սակայն պրն Մալխասյանը նախընտրեց ի պատասխան բացատրել, թե ինչն էր հիմք ծառայել նման որակումների համար՝ հոկտեմբերի 27-ից հետո մինչ այժմ դաշինքի ղեկավարության գործունեությունը. «Դա իրականություն է, իրողություն։ Եվ դրա արդյունքը եղավ այն, որ «Միասնություն» դաշինքը որպես այդպիսին, դե ֆակտո գոյություն չունի»։ «Հայաստան» խմբի ղեկավարը եւս մեկ անգամ նշեց, թե «Միասնությունը» պարտավոր էր պաշտպանել իր կառավարությանը եւ վարչապետին, մինչդեռ՝ անգամ չարձագանքեց նրա պաշտոնանկությանը։ «Միասնություն» դաշինքը՝ որպես խորհրդարանական մեծամասնություն պիտի առաջադրեր իր վարչապետին, ձեւավորեր իր կառավարությունը՝ միասնական ձեւով։ Կամ՝ չպիտի առաջադրեր ու չձեւավորեր, որ հանդես գար որպես «Միասնություն»,- պրն Մալխասյանի դիտողություններից հետեւությունը միակը կարող է թվալ. «Միասնության» տրոհման պատասխանատուն ՀՀԿ-ն է, որն իր դաշնակիցների կամքին հակառակ վարչապետ առաջադրեց եւ այժմ վրդովվում է, որ մյուսները չվավերացրին իր սեպարատ քայլի արդյունքները։ Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ճեպազրույցում հայտարարեց, թե «շատ մոտ է այն ժամանակը», երբ կքննարկվի ՀՀԿ խորհրդում «Միասնությունից» դուրս եկած երկրապահների մասնակցության հարցը։ «Առավոտի» հաջորդ հարցն, այսպես ասած, փոխանցովի էր։ Պարույր Հայրիկյանն էր Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու շուրջ երկրապահական խոստովանությունների առնչությամբ մեզ հարցրել. «Իսկ նրանք պատրա՞ստ են այդ խոստովանությամբ ներկայանալ դատախազություն եւ կրել դրա համար արժանի պատիժը»։ Ի շարս այլ կազմակերպությունների, 1998-ին Ռոբերտ Քոչարյանին աջակցելու առնչությամբ պրն Մալխասյանն ասաց. «Այո՛, մենք պիտի պատրաստ լինենք ընդունելու մեղքի մեր բաժինը։ Եթե չկարողանանք ընդունել եւ չկրենք պատասխանատվություն, ապա իրոք դատապարտված կլինի մեր ապագան»։ Ճշտող մի հարց էլ հավելեցինք, թե արդյոք «իշխանության բերել» ձեւակերպումը ենթադրո՞ւմ է նաեւ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կատարված ընտրախախտումներ, թե՞ ոչ։ Մեջբերենք ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի պատասխանը. «Զանգվածային ինչ-որ ընտրախախտումներ, որոնք կատարվել են «Երկրապահի» կողմից՝ չեն եղել։ Չի՛ բացառվում։ Բայց ավելին չեն եղել, քան որեւէ այլ կազմակերպության կողմից։ Իսկ եթե պաշտպանում էինք նախագահի որեւէ թեկնածություն եւ այսօր զղջում ենք դրա համար՝ դա բոլորովին չի նշանակում, որ մենք խախտումների միջոցով ենք նրան իշխանության բերել»։ Լրագրողները ճեպազրույցների բոլոր մասնակիցների տեսակետն էին ցանկանում իմանալ հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության սպասելի շրջադարձի վերաբերյալ։ «Կարծես թե մոտենում ենք այդ օրվան, երբ սպանվածները կմեղադրվեն»,- մասնավորապես սա էր Մյասնիկ Մալխասյանի պատասխանը։ Սակայն նրանից առավել ակնկալվում էր այն հարցի պատասխանը, թե արդյոք շարունակո՞ւմ են վստահել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին. «Այսօր չեմ կարող ասել (քիչ ավելի ուշ հավելեց, թե չի կարող միանգամից մեղադրանք ներկայացնել՝ դեռ պիտի քննարկեն.- Ա. Ի.)։ Լուրջ մտահոգություն է առաջացնում այսօրվա դառը գործընթացը։ Այն պայմանավորված չէ միայն քննչական խմբով, այլ նաեւ այն մթնոլորտով, որ հասարակությունը պիտի դրսեւորի եւ շատ այլ խնդիրներով»։ Դրանցից մեկը Մյասնիկ Մալխասյանը մատնանշեց՝ իշխանական օղակների ունեցած ազդեցությունն է դատաիրավական համակարգի վրա։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել