Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 02,2000 00:00

Աջ դա՛րձ: Ձախ դա՛րձ Մայիսը, բացի ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից ու խորհրդարանական ուժերի հարաբերակցության փոփոխությունից, նաեւ աջ ու ձախ ուժերի միավորումների ստեղծման ամիս դարձավ։ Ազատական գաղափարախոսություն դավանող 4 կուսակցություններ հռչակեցին «Աջ ուժերի միություն» ստեղծելու մասին։ Ավելի ուշ, երեք սոցիալիստական կուսակցություններ հայտարարեցին, թե ձեւավորում են Սոցիալ-դեմոկրատական ուժերի միություն։ Առերեւույթ տպավորություն էր ստեղծվել, թե Հայաստանում քաղաքական ուժերը փորձում են վերարտադրել Ռուսաստանում ընթացող ազդեցիկ կուսակցությունների միավորման եւ խոշոր դաշինքներ ստեղծելու փորձը, որն, ինչ խոսք, քաղաքական համակարգին քաղաքակիրթ տեսք է տալիս եւ նպաստում է պետական շինարարությանը։ Սակայն, այս պրոցեսներին լրջորեն հետեւելիս, ակնհայտ է դառնում, որ հիշյալ երկու միությունների ի հայտ գալը պայմանավորված է ոչ այնքան քաղաքական դաշտի հստակեցմամբ կամ գաղափարական ջանքերի համատեղմամբ, որքան կոնյունկտուրային շահերով։ Եվ եթե ՌԴ-ում աջ, ձախ եւ կենտրոնամետ ուժերի միավորումները քաղաքական եւ գաղափարական հստակ հենակետ ունեն, ապա Հայաստանում անգամ կուսակցությունները հստակ սկզբունքներ եւ գաղափարախոսություն չունեն։ Մինչեւ հիմա դեռ անորոշ է, թե որ կուսակցություններն են գործնականում աջ կամ ձախ գաղափարախոսության դավանող։ Դրանք Հայաստանում խիստ հարաբերական են։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ հայ քաղաքական գործիչների համար իրենց անձնական հավակնություններն անհամեմատ մեծ արժեք են, քան սեփական կուսակցությունների գաղափարախոսության կենսագործումը։ Ուրեմն, ի՞նչ նպատակ են հետապնդում աջ եւ ձախ ուժերի հիշյալ միավորումները։ Աջերի միավորման միակ պայմանը Ռ. Քոչարյանի հեռացումն է իշխանությունից, ինչն ինքնին դեռ գաղափարախոսություն եւ սկզբունք չէ։ Բացի այս, աջ դաշտում այլ ազատական կուսակցություններ էլ կան, որոնք կամ ընդհանրապես չեն միանա աջ ուժերի միությանը՝ ԱԻՄ, ԱԺՄ եւ այլն, կամ էլ կգերադասեն սեփական դաշինք ստեղծել, ինչպես, օրինակ, մտադիր է «Հայրենիքը»։ Ձախերի ճամբարում էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Սկզբունքորեն ձախ են ՀՅԴ-ն, Կոմկուսը, Դեմկուսը, Սոցիալ-դեմոկրատները եւ այլն։ Վերջիններս այսօր առանձին-առանձին մեկ-երկու դաշինքներ են ստեղծել եւ ներքին մրցակցության մեջ են։ «Ձախ դաշտը մասնատված է, թեեւ միավորման փորձեր է անում»,- ասաց ՀԱՄԿԿ առաջնորդ Վազգեն Սաֆարյանը եւ ավելացրեց, թե ձախերի համախմբումը օրախնդիր է այն իմաստով, որ ԱԺ-ի լուծարումը եւ նոր ընտրությունները սարերի հետեւում չեն, ուստի պետք է դրան նախօրոք պատրաստվել։ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Վլ. Դարբինյանն, իր հերթին, ընդգծեց, թե Կոմկուսը սկզբունքորեն դեմ չէ ձախերի միավորմանը, եթե դա սկզբունքային տեսակետների զիջում չի պահանջելու։ Որպես այդպիսին նա հիշատակեց կուսակցական կառուցվածքային խնդիրներն ու գործունեության մարտավարությունը։ Ի պատասխան մեր հարցադրմանը՝ պրն Դարբինյանը նշեց, թե, անշուշտ, դեմ չէ ՀՅԴ-ի հետ համագործակցությանը, եթե միայն վերջինս ավելի սկզբունքային գտնվի, քան կա։ Ինչ վերաբերում է ձախ դաշտում տեղ զբաղեցնող Դեմկուսին, ապա, ի դեմս իր առաջնորդ Արամ Սարգսյանի, կուսակցությունն իր վերածննդի ու արեւի տակ տեղ ունենալու հույսերը կապում է Սերժ Սարգսյանի հետ։ Եթե Հայաստանի քաղաքական դաշտում դեռեւս նշմարելի են աջ եւ ձախ բեւեռները, ապա կենտրոնամետ ուժեր, որպես այդպիսին՝ չկան։ Ո՛չ «Աջ ուժերի միությունը» եւ ո՛չ էլ Սոցիալ-դեմոկրատական ուժերի դաշինքը հստակ ծրագրային դրույթներ դեռեւս չունեն երկրի տնտեսության զարգացման եւ քաղաքական դաշտը առողջացնելու իմաստով։ Որ Հայաստանի քաղաքական դաշտում այդպես էլ հստակություն չկա՝ մեծ է Ռ. Քոչարյանի «ներդրումը»։ Ի վերջո, ժամանակին նա ինքը լղոզեց այն։ Ըստ երեւույթին, առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանն ինքը քաղաքական կոնկրետ սկզբունք եւ գաղափարական ուղենիշ ունեցող վառ անհատականություն պետք է լիներ, եւ այդ դեպքում քաղաքական ուժերը կփորձեին տեղաբաշխվել նրա կենտրոնում, աջ եւ ձախ կողմերում։ Իսկ առայժմ խոսել քաղաքական համակարգում աջ, ձախ եւ կենտրոնամետ դաշտի ձեւավորման մասին, ցավոք, վաղաժամ է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել