Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 07,2000 00:00

ՆԱՎՍԱԾ ՕՐԵՆՔ Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վրա «թուղթ ու գիր» են արել։ Չասենք, թե ո՞վ արած կլինի, թեպետ բոլորս էլ հասկանում ենք, որ նա է՝ Արշակ Սադոյանը։ Նախորդ օրը, խորհրդարանը դարձյալ հանդես եկավ տնտեսության զարգացմանն «աջակցող հայրենա-նվեր առաքելությամբ» ու նորից հետաձգեց ազատ տնտեսական շուկայի անհրաժեշտ համակարգերից մեկի՝ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Հիշեցնենք, որ այս օրինագծի առաջին ընթերցումը եւս մեր խորհրդարանականների «ջանքերի շնորհիվ» ընթացել էր ձգձգումներով։ Արժեթղթերի շուկայի տեսչության պետ Տիգրան Կարապետյանի խնդրանքով օրինագծի երկրորդ ընթերցումը հետաձգվեց քվորումի բացակայության պատճառով։ Պարոն Կարապետյանը հույս հայտնեց, որ նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա եկող երկուշաբթի՝ հերթական եռօրյայի ժամանակ, եթե իհարկե պատգամավորները չշարունակեն այս օրենքի նկատմամբ «որդեգրած քաղաքականությունը»։ Ընդ որում, ըստ պրն Կարապետյանի՝ հայտնի չէ, թե հերթական եռօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի միայն առաջին ընթերցմամբ անցած օրինագի՞ծը, թե՞ ավելացված հոդվածները եւս։ Նշենք, որ ավելացված հոդվածներից է նաեւ արժեթղթերի անկախ հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հոդվածը, որը եւ որոշ պատգամավորների «մտահոգության» առարկան է դարձել։ Իմ այն հարցին՝ եթե ավելացված հոդվածները չքննարկվեն, արդյո՞ք օրենքը թերի չի լինի, պրն Կարապետյանը դրական պատասխանեց։ Նա նշեց, որ այդպիսով չի ստեղծվի արժեթղթերի հանձնաժողովը եւ իրենք ստիպված կլինեն փոխել այդ հանձնաժողովին վերաբերող դրույթը։ Վերջինիս համաձայն էլ հանձնաժողովի ֆունկցիաները կկատարի կառավարության լիազոր մարմինը (ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունը կամ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը)։ Հավելումն ասվածին՝ նշենք, որ ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Արզումանյանը տեղեկացրեց, որ եկող երկուշաբթի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առանց ավելացված հոդվածների։ Լ. Մ. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ Երեկ խմբագրություն զանգահարեց քաղաքացի Հովհաննես Աբգարյանը (համենայնդեպս, նա այդպես ներկայացավ) եւ հայտնեց, որ ինքը խիստ վրդովված է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ մեր թերթին տված հարցազրույցում արտահայտած մտքերից։ Քաղաքացի Աբգարյանի կարծիքով, պարոն Գեւորգյանը պարզապես տարօրինակ վարքագիծ է դրսեւորում։ Մեկ նա նախագահի դեմ է խոսում, մեկ էլ՝ չգիտես ումից (երեւի նույն նախագահից) վախենալով, իր դեմ սկսված ստուգումների եւ իր ասելով «հալածանքների» մեղքը բարդում է նոր նշանակված կառավարության վրա։ Իրավական հարթության վրա գտնվող հարցերը, ըստ մեր զրուցակցի, պետք է լուծվեն հենց այդ հարթությունում, իսկ քաղաքական խնդիրները պետք չէ խառնել իրավականի հետ։ Մեր զրուցակցին վրդովեցրել էր նաեւ այն, որ պարոն Գեւորգյանը միաժամանակ մի քանի լրատվամիջոցի հարցա-զրույց էր տվել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել