Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

ՕԳՆԵՔ ԱՅՍ ՏՂԱՆԵՐԻՆ Խորհրդարանի շենքի ընդունարանում երեկ զինվորական հագուստով, բավական անօգնական եւ հյուծված արտաքինով երկու տղաներ էին կանգնած։ Ինչպես հետո ճշտեցի, մեկը 1977 թվականին Ալավերդիում ծնված Էդգար Գրիշայի Մալխասյանն էր, մյուսը՝ 1979 թվականին Արտաշատում ծնված Արթուր Մաքսիմի Նիկողոսյանը։ 93 թվականից նրանք կամավոր կռվել են Մարտակերտում եւ վիրավորվել. Էդգարը՝ թոքից, Արթուրը՝ ոտքից։ Նրանց վերքերը նորից բարդացել են։ Տղաները հանրապետական հիվանդանոցում այժմ անվճար բուժօգնություն են ստանում, սակայն սնվելու որեւէ միջոց եւ հնարավորություն չունեն. հաշմանդամության թոշակը չորս ամիս է՝ չեն ստացել։ Ի դեպ, Արթուր Նիկողոսյանի հայրը՝ Մաքսիմ Նիկողոսյանը, մահապարտների գնդից էր եւ Մարտակերտում զոհվել է։ Տղաներն իրենց օգնելու խնդրանքով բազմաթիվ դիմումներ են գրել, սակայն բոլորն էլ մերժվել են։ Նրանց օգնելուց հրաժարվել են «Հայռուսգազարդի» տնօրեն Ադոնցը, Երկաթգծի դեպոյի տնօրեն Կարապետյանը եւ այլք։ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Լեդի) փոխանցեցի տղաների խնդիրը։ Նա ասաց, որ մեկին ինքը օգնել է՝ ժամանակին 10 հազար դրամ տալով, թող դիմեն ԵԿՄ՝ մի բան կանեն։ Ահա այսպես… Լ. ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ Հայաստանում բնակվող հրեաները որեւէ կերպ նախատեսո՞ւմ են արձագանքել «Մեդիա-Մոստի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Գուսինսկու ձերբակալությանը, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը մեզ տրամադրեց իրենց դիմումը Ռուսաստանի հրեական կոնգրեսին։ Դիմումում մասնավորապես ասված է, որ Հայաստանի հրեաների համայնքը անհանգստացած է այդ փաստով եւ կարծիք է հայտնում, որ այդ քայլը քաղաքական է եւ ուղղված է ՌԴ նախագահի հեղինակության դեմ։ ԳՐԱՌՈՒՄ Հաֆեզ Էլ Ասադի մահվան կապակցությամբ գրառում կատարելով Սիրիայի դեսպանատան ցավակցությունների մատյանում, Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Մ. Հայրապետյանը նաեւ արաբ ժողովրդին շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության ժամանակ հայերին ապաստան տալու եւ Հայաստանին 1-ին նախագահ պարգեւելու համար։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել