Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

«ԲՅՈՒՋԵՆ ԿՐԵԼ Է ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ» Գումարային արտահայտությամբ սա էր «1992-95 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքը։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը հաշվետվության մեջ նշեց, թե «ուսումնասիրվել են ավելի քան 20 հազար էջ ամենատարբեր փաստաթղթեր»։ Նախ խոստովանեց, թե բացահայտ լուրջ խոչընդոտներ հանձնաժողովի առջեւ չեն ծառացել, իսկ հետո, փոքր-ինչ հակասելով այդ պնդմանը, պրն Լոքյանը հայտարարեց. «Բազմաթիվ խանգարող հանգամանքներ մեզ թույլ չտվեցին որոշակի հարցերի լիարժեք պատասխանները ստանալ»։ Վերջին պնդման համար, մասնավորապես, հիմք էր ծառայել այն, որ հանձնաժողովը մինչեւ վերջ էլ չէր կարողացել ստանալ Ռուսաստանի կողմից տրամադրված տեխնիկական վարկի փաստաթղթերը։ Ուսումնասիրության հիմնական արդյունքների բաղկացուցիչ մաս համարվեցին այն տվյալները, որոնք արդեն ներկայացվել էին Դավիթ Լոքյանի նախորդ՝ միջանկյալ զեկույցի ընթացքում։ Երեկ դրանց հավելվեցին այլեւայլ լուրջ բացթողումների եւ չարաշահումների վերաբերյալ փաստեր։ Մասնավորապես, փաստաթղթերով էր հաստատված համարվում, որ էներգետիկ ճգնաժամի տարիներին արտադրվել է նույնքան էլեկտրաէներգիա, որքան այսօր եւ անգամ ավելին։ Այս պնդումն առաջին անգամ շրջանառության մեջ մտցրեց էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը։ Հանձնաժողովը, սակայն, համաձայն չէր նրա հաջորդ պնդման հետ, թե այդ տարիներին 2 ժամվա ընթացքում բնակիչը ծախսում էր նույնքան, որքան կծախսեր 24 ժամվա ընթացքում։ «Սա զուրկ է տեխնիկական հիմնավորումից եւ սովորական տրամաբանությունից եւ չի կարող ընդունվել որպես պատճառաբանություն,- ասաց պրն Լոքյանը։- Ուրեմն կատարենք մեր հիմնական եզրակացությունը. 1992-95 թթ. չի արտադրվել այնքան հոսանք, որքան ներկայացվել է պաշտոնապես։ Այլ խոսքով, չարտադրվածը լրացվել է հավելագրումներով եւ բազմաթիվ այլ խախտումներով»։ Հանձնաժողովը 15 եզրահանգում եւ առաջարկություն ներկայացրեց։ Առանձնացնենք մի քանիսը. ա) 1992-95 թթ. Հայաստան չներկրված մազութի քանակը կազմում է 305 հազ. տ, ընդհանուր արժեքով՝ մոտ 25 մլն դոլար։ բ) «Մեռած» մազութի գործարքում պետությանը հասցվել է 240 հազար դոլարի վնաս, ոսկու խտանյութի փոխանակման ժամանակ՝ 400 հազար դոլարի վնաս, Հրազդանի ՊՇԷԿ-5 մի փաստաթղթով մուտք արված մազութը՝ 1 մլն 324 հազար դոլարի վնաս. «Այս եւ նման փաստերի թվարկումը կարելի է շարունակել։ Ընդամենը, գումարային արժեքով այն կազմում է 30 մլն դոլար»։ գ) Հրազդանի ՊՇԷԿ-5 60 մլն դոլար վարկային ծրագրերից փոշիացվել է, չարաշահվել՝ 12 մլն դոլար։ դ) Կառավարությանն ու էներգետիկ հանձնաժողովին առաջարկվում էր վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները։ Պրն Լոքյանը համարում էր, որ սրա համար բոլոր հնարավորություններն առկա են։ Եթե հանձնաժողովի հաշվետվությունն իսկապես «չոր փաստերի շարադրանք էր» (բնորոշումը Շավարշ Քոչարյանինն է), «վերին աստիճանի կոռեկտ, առանց հիստերիայի եւ քաղաքական միավորներ շահելու փորձերի» ու բոլորովին նման չէր դատավճռի (այս հանգամանքների վրա էլ ուշադրություն հրավիրեց Վահան Հովհաննիսյանը), ապա այն, ինչ հաջորդեց հաշվետվությանը՝ գերազանցապես հենց դատավճիռներ էին ու քաղաքական միավորներ շահելու փորձեր։ Այս առումով «ամենահաջողվածը» ՀՅԴ խմբակցության անունից նույն Վահան Հովհաննիսյանի ելույթն էր։ Անգամ Արշակ Սադոյանը, Հայաստանի առաջին նախագահի պատասխանատվության մասին խոսելով՝ որոշակի հանգամանք էր մատնանշում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է վավերացրել ՀՀ-ի եւ Թուրքմենստանի կառավարությունների միջեւ 1996 թվականի մարտի 19-ին ստորագրված համաձայնագիրը, որով գազի դիմաց մեր պարտքից 34 մլն դոլարը ձեւակերպվել էր որպես միջպետական վարկ Հայաստանին։ Իսկ Վահան Հովհաննիսյանն անտեսելով, որ բացառությամբ համապատասխան ոլորտների նախարարների՝ հաշվետվության մեջ բացակայում էր որեւէ կուսակցական ու քաղաքական գործչի անուն՝ բոցաշունչ ելույթ ունեցավ, թե բա տեսնո՞ւմ եք, ի՜նչ անկիրթ ու գարշելի էին 90-ականներին իշխանության եկածները, որ կարող էին արհամարհանքով լցված լինել ժողովրդի նկատմամբ ու թքել նրա վրա. «Եվ ինչո՞ւ մենք հիմա պիտի թաքցնենք հիմնական մեղավորներին. ՀՀՇ-ական վարչակարգը, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեղավո՛ր է համակարգերի եւ ժողովրդի այլասերման մեջ։ Ոչ ոք ձրի փող չի գողանում՝ միշտ կիսվում է։ Եվ կիսվել են ե՛ւ վերեւ, ե՛ւ ներքեւ՝ կեղտոտելով ու փչացնելով ժողովուրդը (…)։ Եվ դրա համար պիտի պատասխան տան։ Եվ երբ էստեղ մի շարք պատգամավորներ ասում են, թե պատասխան պիտի տան պատմության առաջ՝ ես դրանով բավարարված լինել չեմ կարող։ Ինձ բոլորովին պետք չէ, որ նրանք պատմության առաջ պատասխան տան։ Նրանք պետք է կոնկրետ դատարանի առաջ պատասխան տան եւ ես էլ տեսնեմ»։ Թերեւս Վահան Հովհաննիսյանն արջի ծառայություն մատուցեց իր խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանին. «Խնդիրն ուներ 2 երես եւ մենք կարողացել ենք լուծել միայն մեկը։ Մենք լուծել ենք քաղաքական մասը։ Բայց իրավաբանական ձեւակերպում խնդրի լուծմանը տալ կարող են միայն կառավարությունը եւ իրավապահ մարմինները»։ Սույնով առիթ է տրվում հաստատված համարել հանձնաժողովի հասցեին հնչած այն մեղադրանքները, որ նրանք քաղաքական խնդիր էին լուծում։ Ինչ մնում է խնդրի իրավական կողմին՝ ԱԺ-ն երեկ որոշեց, մասնավորապես, հանձնաժողովի հաշվետվությունն ուղարկել նախագահին, կառավարությանն ու գլխավոր դատախազին ու նաեւ՝ մինչեւ նոյեմբերի 1-ը ԱԺ-ի նիստում քննարկել կառավարության եւ գլխավոր դատախազի հաղորդումները հաշվետվության մեջ ներկայացված խնդիրների եւ եզրահանգումների վերաբերյալ։ «Մենք պետք է խեղդենք եւ ստիպենք՝ ուրիշ ձեւ չկա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել