Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

Հուշեր չի գրի, մինչեւ… «Այն քաղաքականությանը, որն իրականացվում էր մինչեւ 1995-ը, ինչ-որ տեղ նաեւ մինչեւ 1996 թվականը, որը տանում էր իշխանության ցրումը սուբյեկտների, անպայման ստեղծելու էր ծաղկող պետություն, համենայնդեպս, առաջընթացն ակնհայտ էր որոշակի շրջանում։ Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ պետությունը պետք է ստեղծվի, պետությունը պետք է կարգավորվի, պետք է բանակն անենք, պետք է հագցնենք, պետք է խմացնենք, այդ գործիչները, որոնք այսօր ավելի շատ են իշխանության, քան 10 տարի առաջ, նրանք կործանելու են պետությունը։ Այսօրվա հայոց պետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնաոչնչացող հասարակություն։ Ես վստահ եմ, որ հայ մտավորականությունը սա կկանգնեցնի»,- «Պետություն եւ հասարակություն» սեփական գրքի շնորհանդեսին՝ Հայաստանի էքսվարչապետ Հրանտ Բագրատյանն այսպես ներկայացրեց մեր պետության երեկն ու այսօրը։ Այն հասարակությունները, որոնցում հաշվեհարդարն է դարձել հարցեր լուծելու միջոց, անպայման պետք է պատժվեն, եւ պատիժը դաժան է լինելու. «Մեղքեր, թողություններ, նախկիններ, չարաշահումներ, այս բառապաշարն այսօր» չի իջնում Հայաստանի ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ գրողների, նկարիչների, ամենքի բերանից. «Ամենուրեք այս պայքարն է, անիմաստ, դատարկ մի պայքար»։ Հրանտ Բագրատյանը հուսով է, որ իր գիրքը կարող է այս ամենը լավ բացատրել։ Իր շնորհակալական խոսքում Հայաստանի էքսվարչապետն ասաց, թե ինքը ծանոթ է գրեթե բոլոր պատմիչների ստեղծագործություններին եւ նկատել է, որ Խորենացուց բացի, բոլորը միաձայն ուրիշների, հարեւանների մեղքերն են տեսնում, իսկ իրենցը՝ բոլորովին։ Իսկ բզկտող մի հոգեբանություն խորն արմատներ է գցել. «Կռվել եմ, ինձ մի գյուղ, մի քաղաք տվեք»։ «Իսկ նրանք, ովքեր ավելի շատ են խոսում ժողովրդի անունից, նրանք ամենից շատ թքած ունեն ժողովրդի վրա»։ Ի վերջո, Հրանտ Բագրատյանը խոստացավ. «Մեմուարներ չգրել, մինչեւ գրքի 2-րդ հատորը չտպագրվի»։ Հրանտ Բագրատյանի գրքի նախաբանը գրել է Եգոր Գայդարը. «Ինչպես շատերը, ում դժվար ճակատագիր է վիճակվել գլխավորել կառավարությունը ճգնաժամի եւ ծանրագույն բարեփոխումների պայմաններում, Հրանտ Բագրատյանը եւս բարդ քաղաքական ճակատագիր է ունեցել։ Շատ քչերն են Հայաստանում իրենց հաշիվ տալիս այն հարցում, թե ինչ կատարեց նա՝ կանխելու անխուսափելի թվացող աղետը եւ իրագործելու նոր շուկայական տնտեսության հիմքերի հաստատման գործընթացը։ Ընթերցողի դատին ներկայացվող գիրքը ամենեւին հուշագրություն չէ։ Սա հեղինակի կողմից իրագործվող մի փորձ է, հենվելով ե՛ւ սոցիալ-տնտեսական պատմության վերաբերյալ ծավալուն գրականության ուսումնասիրման, եւ սեփական, թեկուզ եւ ոչ միշտ բացահայտ կերպով շեշտվող փորձի վրա, քննել սոցիալիստական էքսպերիմենտի եւ նրա սնանկության խորը պատմական արմատները, այս տեսանկյունից վերաիմաստավորել սեփական երկրի պատմության որոշ էջեր»։ «Հասարակություն եւ պետություն» գրքի շնորհանդեսի ժամանակ Հրանտ Բագրատյանը շատերից շնորհակալություն հայտնեց, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ կարդացել էր գրքի ձեռագիր օրինակը եւ մի քանի խորհուրդներ տվել։ Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ եւս եկել էին համակիրներ, որոնք ջերմ-ջերմ, հիացական խոսքեր ասացին, հյուրասիրվեցին ու հեռացան։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել