Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հերքեց Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, թե համամասնական եւ մեծամասնականի 100 եւ 31 հարաբերակցության հարցն օրակարգում ներառելու փորձը պայմանավորվածությունների խախտում էր։ «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել»,- ասաց պրն Բաղդասարյանը։ «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը համաձայնեց «Առավոտի» այն դիտողությանը, թե պատգամավորներն իրենք են վարկային համաձայնագրեր հաստատում, որոնցում նշված է լինում խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված գումարը, իսկ հետո էլ զարմանում են, թե ինչ հսկայական գումարներ են վճարվում խորհրդատվությունների համար։ Ընդ որում, դա կատարվում էր ոչ միայն 90-ականներին: «Մենք հիմա էլ ենք հաստատում վարկային ծրագրեր եւ մանրամասն չենք կարողանում ծանոթանալ այդ նյութերի հետ, քանի որ դրանք լինում են անգլերեն»։ ՀԿԿ ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանը հայտնեց, որ էլեկտրատրանսպորտով կենսաթոշակառուների եւ հաշմանդամների անվճար երթեւեկության վերաբերյալ տապալված օրինագծի դիմաց պատրաստվում են 2001 թ. բյուջեի քննարկման ժամանակ գումարային փոխհատուցում նախատեսել նույն նպատակով. «500 մլն դրամ չցանկացան տալ՝ հիմա 6-7 մլրդ դրամ կտան»։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հերքեց, թե իրենք կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել եւ կամ մտադրություն ունեն: Նրա հայտնած մյուս ուշագրավ տեղեկությունն էր, որ օրինագիծ են ներկայացրել ընտրակարգերի հարաբերակցությունը հօգուտ մեծամասնականի, այն է՝ 100/31 փոխելու վերաբերյալ։ «Միասնության» ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե իրենք ձեռնպահ են մնալու ամբողջապես կառավարության կողքին լինելուց, քանի դեռ բացահայտումները մինչեւ վերջ տանելու քայլեր ձեռնարկված չեն։ Առանց նրա անունը տալու՝ պրն Թորոսյանը սա «տրամաբանության հետ առանձնապես չհամատեղվող տեսակետ» անվանեց. «Այդ ամենից հետո որեւէ մեկի աջակցությունը պետք չի՛ լինի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել