Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 17,2000 00:00

ԱՐԻ ՄԻ՛ ԳՆԱ, ԵԿԵԼ ԵՍ՝ ՄՆԱ Ինչպես Սերժ Սարգսյանն է հանրապետությունում կատարվող աննախադեպ հանցագործությունների ժամանակ բացակայում հանրապետությունից, այդպես էլ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին հնարավոր չէ բռնացնել հայրենիքում՝ կարեւոր իրադարձությունների եւ ԱԺ լուրջ որոշումների ընդունման շրջանում։ Ուղեւորությունից վերադառնալուց հետո, երբ որեւէ լուրջ հարցով դիմում ես նրան, հերթապահ՝ «Այդ ժամանակ հանրապետությունից բացակայում էի», պատասխանն ես ստանում։ Արդյո՞ք նա մտածված է այսքան հաճախ բացակայում ՀՀ-ից՝ խուսափելու համար որոշում կայացնելու պատասխանատվությունից, թե՞ ճամփորդությունը նրա տարերքն է, առայժմ հայտնի չէ։ Պարզ է մի բան, նման տուրիստական ուղեւորությունները խորհրդարանի ներսում որոշակի «պաշտոնանկային» տրամադրություններ են առաջացրել, թեեւ պատգամավորներն այդ մասին խոսում են միայն անջատած ձայնագրիչների պարագայում։ Որոշ լուրերի համաձայն՝ արձակուրդից հետո Արմեն Խաչատրյանին պաշտոնանկ կանեն, մանավանդ, որ դա նաեւ ՀԺԿ-ի ներքին ցանկությունն է։ Դարձյալ լուրերի մակարդակով՝ ՀԺԿ-ն ցանկանում է ԱԺ նախագահի պաշտոնում տեսնել ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանին, «Միասնություն» դաշինքը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին։ Հենց նրան էլ դիմեցինք՝ ճշտելու, թե խորհրդարանի կուլուարներում ԱԺ նախագահի պաշտոնանկ անելու տրամադրությունները որքան են շոշափելի։ «Նման հարց «Միասնություն» դաշինքն ընդհանրապես չի քննարկել։ ՀԺԿ-ն, որին ներկայացնում է պրն Խաչատրյանը, նման հարց նույնպես չի քննարկել։ Բայց մենք գիտենք, որ ժողովրդի կողմից որոշակի տրամադրություններ կան՝ կապված ԱԺ նախագահի անձի հետ մամուլում տարբեր հրապարակումներ են եղել։ Այսինքն՝ նման տրամադրություններ դրսում կան։ Համենայնդեպս, պատգամավորների շրջանում ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու, հետ կանչելու մտադրություններ չկան։ Իմ տպավորությունը, գոնե, այդպիսին է։ Դժգոհություններ կան ճանապարհորդությունների հետ կապված, բայց, որ դա հասցվի անվստահություն հայտնելու մակարդակի, ո՛չ։ Անկեղծ ասեմ, թե ո՛ր իմաստով են դժգոհությունները՝ պետական բյուջեի քննարկումների ընթացքում տեւական ժամանակով ԱԺ նախագահը բացակայեց, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բացակայեց, կառավարության գործունեության հաշվետվության խնդիրները քննարկելիս հանրապետությունում չէ։ Մասնակցել է տարբեր գործուղումների, որոնց արդյունավետության գնահատականը պետք է տա ժողովուրդը»։ Պրն Դալլաքյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ ԱԺ նախագահների պրակտիկայում այսքան ճամփորդություններ գրանցվե՞լ են, եւ որքանո՞վ են այդ ճամփորդություններն անդրադառնում պետական գանձարանի վրա։ Նա հիշեց Բաբկեն Արարքցյանին, Խոսրով Հարությունյանին, Կարեն Դեմիրճյանին եւ Արմեն Խաչատրյանին։ «Բաբկեն Արարքցյանը շատ զուսպ անձնավորություն էր, ծագումով՝ վանեցի (այսինքն՝ ոչ շատ առատաձեռն- Լ. Ա.)։ Շատ բծախնդիր էր ԱԺ ծախսերի նկատմամբ»։ Արարքցյանը շատ բացառիկ դեպքերում էր մասնակցում օտարերկրյա ֆորումների։ Խոսրով Հարությունյանը Արարքցյանից ավելի էր շրջագայություններ անում։ «Կարեն Դեմիրճյանը՝ սկսած պատգամավորների հետ իր հարաբերություններից, վերջացրած զսպվածությամբ՝ օրինակ էր ծառայում։ Եվ շրջագայությունների հետ կապված էլ շատ զուսպ էր։ Օրինակ՝ Արմեն Խաչատրյանի հրավերը (երբ վերջերս Իտալիա գնաց) եղել էր դեռեւս Կարեն Դեմիրճյանին, սակայն նրա կողմից մերժվել էր»։ Պրն Դալլաքյանի կարծիքով, անցանկալի է, որ ԱԺ նախագահն այսքան հաճախ եւ այդքան երկարատեւ ուղեւորություններ կատարի։ «Ես կարող եմ ասել, թե ես նրա փոխարեն այդ ուղեւորություններին ինչ ձեւով կմոտենայի։ Կարելի է գնալ այն ուղեւորություններին, որոնք երկրի համար կարեւոր նշանակություն ունեն»։ Իսկ եթե Սահմանադրությամբ երկրի 2-րդ դեմքը բացակայում է երկրից՝ այնքան կարեւոր հարցերի քննարկման ժամանակ, ուրեմն, ըստ պրն Դալլաքյանի, նա դուրս է մնում քաղաքական պրոցեսներից։ «Նույնը՝ զրահապատ մեքենայի պարագայում։ Եթե ե՛ս լինեի ԱԺ նախագահի փոխարեն (պրսՌ ո 255 ոօսՈ ՓՈՐՌՓպռ – Լ. Ա.), նախ՝ Դեմիրճյանից հետո նման բան ընդհա՛նրապես չէի անի կամ եթե այդ փաստը տեղի է ունեցել, դրանից հետո կարելի էր այդ մեքենայից հրաժարվել եւ 140 մլն դրամը օգտագործել սոցիալական խնդիրներ լուծելու համար»։ – Պրն Դալլաքյան, Դուք պարբերաբար ասում եք՝ եթե ես լինեի ԱԺ նախագահ, ապա այսպես կանեի, այնպես կանեի։ Ինչ-որ հավակնություններ ունե՞ք զբաղեցնելու այդ պաշտոնը։ – Չեմ ուզում չեղած բաների պատասխանել։ Առավել եւս՝ գործող ԱԺ նախագահի պարագայում։ Ինչ վերաբերում է համեմատությանը, երբ ես ասում եմ՝ եթե ես լինեի, ուղղակի նկատի ունեմ այն հանգամանքը, որ եթե իքսը լիներ։ Այսինքն՝ տվյալ պարագայում համեմատությունը միայն կոռեկտությունը պահելու նպատակ ունի։ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանից փորձեցինք ճշտել՝ իրավական որեւէ հիմքեր կա՞ն ԱԺ նախագահին հետ կանչելու, մանավանդ որ, ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ ԱԺ կանոնակարգը այդ հիմքերը չեն կանոնակարգում։ «ԱԺ նախագահի հիմնական առաքելությունը ԱԺ նիստերում նախագահելն է եւ ԱԺ-ի ներքին գործերի կազմակերպումը։ Այո՛, կանոնակարգը, Սահմանադրությունը չեն նախատեսում այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարելի է պաշտոնանկ անել ԱԺ նախագահին։ Ասենք՝ քանի գործուղում է գնացել եւ այլն։ Ես չեմ լսել նրա հաշվետվություններն իր գործուղումների մասին եւ չեմ կարող ասել՝ որքան են նրա գործուղումները՝ Ավստրալիա, Թաիլանդ, Իտալիա, Ֆրանսիա, արդյունավետ։ ԱԺ-ն նոր կանոնակարգ է մշակում, որ ԱԺ նախագահը, տեղակալները, պատգամավորները հաշվետվություն ներկայացնեն իրենց ուղեւորությունների մասին»։ Այն, որ ԱԺ նախագահը բացակայել է երկրից կարեւոր որոշումների ընդունման ժամանակ, պրն Նազարյանը հիմնավոր փաստարկ չհամարեց. «ԱԺ նախագահը ճիշտ մի ձայն ունի, այնպես, ինչպես տեղակալները, պատգամավորները։ Չեմ կարծում, որ ԱԺ նախագահի ներկայությունը բյուջեի քննարկմանը վճռորոշ կլիներ։ Այն, որ նրան պաշտոնանկ անելուց հետո ոչինչ չի փոխվի, կարող եք համոզված լինել, որովհետեւ ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակն այնքա՜ն սահմանափակ է եւ հիմնականում արարողակարգային բնույթ է կրում»։ Ինչեւէ։ ԱԺ նախագահը Հայաստան կժամանի ամսի 17-ին։ Իսկ արդեն հունիսի 28-ին առիթը բաց չի թողնի դարձյալ մեկնելու, այս անգամ արդեն՝ Ստրասբուրգ։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել