Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

Աբսուրդի թատրոն Վարդենիսում վիճակն ավելի թշվառ չէ, քան հանրապետության այլ բնակավայրերում։ Այստեղ եւս հողը չոր է եւ ամայի, հին ու հնացած գործարաններ կան, բնակելի շենքեր, պարապությունից նյարդայնացած մարդիկ, մանկությունը կորցրած երեխաներ, տարիքից շուտ ծերացած կանայք։ Ամեն ինչ խիստ հայկական է, մերը, շատ ծանոթ եւ սիրտդ ցավեցնելու չափ հարազատ։ Դաշտերում, ճռճռան արեւի տակ, կանայք են կարտոֆիլի մարգերը մշակում։ Ամռան էս շոգից սկսած, մարդիկ չոր ցախ ու փայտ են հավաքում ձմռան համար։ Ճանապարհի երկու կողմերից մեկում ցամաքող Սեւանն է, մյուս կողմում՝ չոր ու ցամաք գյուղեր, մի երկու տեղ՝ հսկայական «բազարներ»՝ անասունի, ձկան, փայտի, ամեն ինչի։ Ճանապարհը եւս չորացած է՝ անհամար փոսեր, արգելքներ։ Մի տեսակ ոչ թե ճամփա ես գնում, այլ՝ արգելքներ ես հաղթահարում։ Անցած տարի, ճիշտ նույն ժամանակ, Վարդենիս քաղաքի քաղաքապետի հետ զրուցեցինք։ Պատմեց, որ քաղաքը շատ խնդիրներ ունի. աշխատատեղերի պակաս, «խոպան» մեկնած տղամարդիկ, փախստականներ, ուշացած նպաստ եւ կենսաթոշակ։ Իսկ Սեւանը հեռու է եւ նույնիսկ ձուկ բռնելով չեն կարող տուն պահել։ Այս տարի ոչ մեկի հետ հարցազրույցի սիրտ ու հավես չկար։ Ի՞նչ պիտի ասեն, որ մենք չգիտենք։ Ամեն ինչ նույնն է, դեռ ավելի թշվառ։ Միակ նորությունը հենց Վարդենիսում մի անհասկանալի շինություն է՝ բակում «ջիպեր» ու արտասահմանյան այլ մեքենաներ։ «Հաստատ հաց ուտելու տեղ է»,- կասեր մի սոված ճամփորդ ու չէր սխալվի։ Այս համատարած թշվառության մեջ՝ քարե մի տուն։ Մեքենաների պակաս չկար՝ տղերքը հաց էին ուտում, «մի կտոր բան»։ Ի՞նչ է պատահել, հայի նախա՞նձ է՝ մարդկանց հաց ուտելու վրա՞ էլ եք խոսում։ Ուրիշի ուտելու վրա չենք խոսում, պարզապես շատերի չուտելու մասին ենք խոսում։ Ո՜նց էլ գտնվում է հակասությունների այս օրիգինալ լուծումը։ Ծայրահեղ թշվառության կողքին՝ ծայրահեղ ճոխություն։ Սովորաբար հանրապետության տարբեր շրջաններում նման ճաշակով եւ նման ճոխությամբ կառուցված շինությունների՝ բար-ռեստորան- հյուրանոց-քոթեջ համալիրների, տերերը իրավապահ մարմինների ղեկավարներն են լինում։ Եթե ՀՀ նախագահի աշխատավարձը ՀՀ մինիմում աշխատավարձի 15-պատիկն է, ուրեմն իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձը մի փոքր ավելի քիչ է, քան ՀՀ նախագահինը։ Ուրեմն, միամիտ մի հարց տանք՝ էդ «օբյեկտները» «սովետական» փողերով գողացա՞ք, թե՞ ժամանակակից օրենքներով յուրացրիք։ Պատկերացնենք, թե ինչպես կպայքարեն կոռուպցիայի դեմ այսպիսի «օբյեկտների» տերերը, ինչ ջանասիրությամբ եւ եռանդով, եւ ինչպիսի արդյունքների կհասնեն։ Թատերասեր հասարակայնության անունից Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել