Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԲԱՑԱՐԿԸ ՄԵՐԺՎԵԼ Է Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Ն. Հունանյանը ս. թ. հունիսի 1-ին քննչական մեկուսարանում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ գործով մյուս մեղադրյալներ Ալեքսան Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի, Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի դեմ ցուցմունքներ է տվել ծեծի եւ խոշտանգումների ազդեցության տակ։ Նրա պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել մեկուսարանի օպերատիվ աշխատողները, իսկ ոչ ճիշտ ցուցմունքներ տալուն դրդել են առանձին քննիչներ։ Ասվածը հիմք ունենալով, նա բացարկ էր հայտնել ՀՀ զինվորական դատախազին, քննչական խմբի ղեկավարին եւ քննչական խմբում ընդգրկված զինդատախազության քննիչներին։ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի հանձնարարությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց կողմից քրեական դատավարության նորմերի պահանջների էական խախտումներ թույլ չեն տրվել, չեն բացահայտվել նաեւ քրեական գործի հետագա քննությանը նրանց մասնակցությունը բացառող ՀՀ քրեական դատավարության 90 հոդվածով նախատեսված հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Հունանյանը բոլոր ցուցմունքները տվել է իր շահերի պաշտպանի անմիջական մասնակցությամբ, անկաշկանդ եւ առանձին հանդիպումներ է ունեցել նրա հետ, սակայն երբեւէ նրան չի հայտնել իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին։ Ի դեպ, այս հանգամանքը իր ցուցմունքներում ընդունել է նաեւ Ն. Հունանյանը։ Ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ Ն. Հունանյանը արդեն հիշատակված պատճառաբանություններով, փաստորեն, նպատակ է հետապնդել արդարացնել կատարված հանցագործությանը Ա. Հարությունյանի, Մ. Մովսիսյանի եւ մյուսների հանցակցության վերաբերյալ իր կողմից մեղադրող ցուցմունքներ տալու հանգամանքը։ Այս ամենի հիման վրա էլ ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել բացարկը մերժելու մասին։ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժին Երեւի, գաղտնիք չէ, որ տողերիս հեղինակը երկրպագուն չէ այն մարդկանց, ում դեմ նախաքննության առաջին փուլում ցուցմունքներ է տվել Նաիրի Հունանյանը: Առավել եւս այսօր, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ուժեղ են, տիրապետում են բոլոր ուժային եւ տնտեսական լծակներին, նախագահի կողմնակիցներն իմ պաշտպանության կարիքը չունեն: Մենք պաշտպանում ենք թույլին եւ խփում միայն ուժեղին, տվյալ դեպքում՝ իշխող «դուետին», իսկ եթե նրանք թուլանան, առավել եւս՝ «նախկին» դառնան, երբ այսօրվա քծնողները կսկսեն նրանց փնովել, «Առավոտը» բարի խոսքեր կգտնի այդ մարդկանց հասցեին: Ճիշտ այդպես, մենք քննադատում էինք Սամվել Բաբայանին, երբ «ձիու վրա» էր, բայց այսօր, երբ նա բանտախցում է, մեր մտքով չի անցնի միանալ նրան հոշոտող պատեհապաշտ ոհմակին: Այսքանով հանդերձ ես թույլ եմ տալիս ինձ կասկածել, որ Նաիրի Հունանյանի դեմ մեկուսարանում բռնություններ չեն կիրառվել: Ես ենթադրում եմ նաեւ, որ քննության անօրինական մեթոդներ են կիրառվել Ալեքսան Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի, Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի դեմ: Հարցը, կրկնում եմ, այդ անձնավորությունները չեն, մասնավորապես կարծում եմ, որ Նաիրի Հունանյանին իր ոճրագործության համար հասնում է գնդակահարություն: Բայց եկենք մտածենք. եթե քննիչները «ծեծող բրիգադ» են ուղարկում քաղաքական բարձր հնչեղություն ունեցող եւ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող գործերի պարագայում, ապա ի՞նչ է արվում սովորական կալանավորների հետ, որոնք ոչ «նախագահական» թեւից են, ոչ «երկրապահական» եւ, ընդհանրապես, քաղաքականության հետ որեւէ կապ չունեն, բայց բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Այդ մարդիկ վարանում են խոստովանել, որ, ասենք, Նուբարաշենի թիվ մեկ մեկուսարանում իրենց խոշտանգում են՝ վախենում են իրենց եւ իրենց հարազատների կյանքի համար: Բայց հայտնի է, որ ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել