Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

«ԵՐԿՐՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՖԱՇԻԶՄԸ» Հրանտ Բագրատյանի 2000թ. հունիսի 20-ի հրապարակային դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հարգելի պրն նախագահ, Ձեզ դիմելու առիթը ս.թ. հունիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացված էներգետիկ «չարաշահումների» ուսումնասիրության հանձնաժողովի հաշվետվությունն է: Ահա մի քանի օր է, ինչ իմ հնարավորությունների սահմաններում քննում եմ այդ հանձնաժողովի հրապարակած նյութերը: Պրն նախագահ, ես մինչեւ հիմա չեմ հանդիպել զրպարտության, ստի, կեղծիքի, փաստերի աղավաղման նման այլ փաստաթուղթ: Համոզված եմ, որ մեկ այլ երկրում անհնարին է, որ պառլամենտականներն իրենց կոլեգաներին եւ հանրությանը մատուցեն գռեհիկ անգրագիտություն, ճչացող պոլիտիկանություն, սոցիալ-պոպուլիզմի դրոշի ներքո քաղաքական ընդդիմությանը բեմից հեռացնելու մեկ այլ, ավելի լավ նմուշ: Այդ հաշվետվության մեջ նշված ժամանակաշրջանին (1993- 1996թթ., երբ առիթ եմ ունեցել աշխատելու որպես ՀՀ վարչապետ) վերաբերող «փաստերը» զարմանք են հարուցում: Բուն փաստերին ծանոթանալուց հետո այնպիսի տպավորություն ունեի, որ կկարդամ նաեւ հանձնաժողովի շնորհակալական խոսքը. ի վերջո իմ կառավարությանը հաջողվեց 24-ժամյա հոսանքով ապահովել բնակչությանը: Սակայն այսպիսի եզրակացության գալու փոխարեն, ինչն ազնիվ կլիներ, աստիճանաբար ակնհայտ դարձավ քաղաքական հաշվեհարդար տեսնելու, օրվա իշխանությունների ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական ձախողումները նախկինում տեղի «ունեցած» իրադարձություններով պայմանավորելու միտվածությունը: Որպեսզի դիմումս ինքնապաշտպանություն չդիտարկվի, նախեւառաջ պնդում եմ. այդ «հանձնաժողով» կոչվածը իր գործունեությունը պետք է շարունակի մինչեւ վերջ, իսկ իրավապահ մարմինները, դատախազությունը պետք է օրնիբուն աշխատեն հանձնաժողովի բերած «փաստերի» քրեական հետաքննության ուղղությամբ: Սակայն ուզում եմ նշել. այդ «գործը» պետք է արդեն դատախազություն ուղարկված լիներ: Հանձնաժողովը պարտավոր էր նման զեկույցը կարդալ դատախազության տեղեկանքի առկայության պայմաններում: Չէ՞ որ էներգետիկ չարաշահումների մասին բարբաջանքները հասարակությանը մատուցվում են արդեն չորրորդ տարին: Լավ, ասենք թե չէին հասցրել դատախազության տեղեկանքն էլ պատրաստել: Բա այս աղմուկն ի՞նչ է: Տեսեք ի՞նչ է կատարվում. հանձնաժողովը մի անմեղ տեղեկանք է ներկայացնում, անընդհատ նշում, թե դեռեւս ոչ ոքի մեղադրելու հիմքեր չկան, իսկ իրականում դրա անդամների ետեւում կանգնած կուսակցությունները (ԱԺՄ, Դաշնակցություն) նույն Ազգային ժողովում արդեն հարձակվում են նախկինների վրա՝ կարծես թե Լինչի դատաստան են ուզում տեսնել: Կրակի վրա յուղ է լցնում մամուլը ու, հատկապես, Ազգային հեռուստատեսությունը: Սա, ըստ էության, հանրապետության ամբողջ բնակչությանը հասանելի միակ լրատվամիջոցն է: Ես զրկված եմ դրանով հանդես գալու հնարավորությունից: Իմ պահանջը հեռուստաընկերության ղեկավարության կողմից չի բավարարված: Այսքանից հետո կարո՞ղ եք պատկերացնել իմ զգացմունքները, երբ Հայլուրի թղթակցուհի մի աղջնակ հեռուստացույցով դիմում է ինձ՝ ասելով. դե, խոսե՛ք, պրն Բագրատյան: Խոսեմ, բայց ինչո՞վ: Պրն նախագահ: Հանձնաժողովի բերած «փաստերը» զառանցանք են: Համենայնդեպս, 1993-1996թթ. առումով նման բաներ կամ չկան, կամ էլ խեղաթյուրված են: Ավելին. ուշադրությամբ կարդալու պարագայում կնկատեք, որ իրենց «խախտումներն» իրականում Ձեր վարչապետության եւ նախագահության շրջանին են վերաբերում: Ես դրա դատավորը չեմ, բայց այն հատվածին, որն առնչվում է 1993-1996թթ. հետ, հիմնականում տիրապետում եմ: Ես պահանջում եմ Ձեզանից Սահմանադրության 70 հոդվածին համապատասխան հրավիրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Հ. Բագրատյանի պատասխաններն Ազգային ժողովի Էներգետիկ չարաշահումների հանձնաժողովի հաշվետվության մեջ նշված «փաստերին» օրակարգով: Ես Ձեզ տալիս եմ ինձ որպես քաղաքացու պաշտպանելու այս հնարավորությունը: Ես պարտավոր եմ այս պատասխաններն Ազգային ժողովի ամբիոնից հասանելի դարձնել հանրապետության բնակչությանը: Մարդիկ պետք է իմանան, որ որոշ աժմականների եւ դաշնակցականների շնորհիվ երկրում մոլեգնում է ֆաշիզմը: Իսկ մինչ այդ հայտարարում եմ, որ ամեն ամիս ես լուրջ միջոցներ եմ վճարում պետբյուջե եկամտահարկի ձեւով: Ես չեմ ուզում, որ նաեւ իմ փողերով աշխատավարձ ստանան հովհաննիսյանները եւ լոքյանները, սադոյանները ու մանուկյանները: Չեմ ուզում, որ ֆինանսավորվի Ազգային հեռուստատեսությունը: Ուստի ինձ եմ վերապահում պետությանը հարկեր մուծելու իրավունքը։ Ես ուզում եմ ապրել ապահով երկրում: ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ 1993-1996թթ. ՀՀ վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել