Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

Փաթեթայինի եւ փուլ առ փուլի հերթական բախում չի՞ լինելու Նախորդ շաբաթ ոչ պաշտոնական այցով Բաքվում էր գտնվում ՌԴ Անվտանգության քարտուղար Իվանովը։ Վերջինիս ուղեկցում էին ՌԴ հատուկ ծառայությունների եւ անվտանգության խորհրդի աշխատակիցներ։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել Ադրբեջանի իշխանավորների հետ, եւ բավականին երկար զրույց՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ։ Հանդիպումներից հետո Իվանովը հայտարարեց, թե Ադրբեջանը ամենաակտիվ մասնակցությունը կունենա ԱՊՀ երկրների համագործակցության աշխատանքներում։ Այս օրերին Ադրբեջանում է գտնվում Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական խորհրդի նախագահ Լիպենը։ Վերջինս հանդիպումներից հետո հայտարարեց, թե տարածքային ամբողջականությունն իրենց քաղաքականության հիմքն է եւ իրենք միայն տարածքային ամբողջականության շրջանակներում են պատկերացնում իրենց համագործակցությունը ցանկացած երկրի հետ եւ դեմ են տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին։ Իրենց համար թիվ մեկ տեղում տարածքային ամբողջականության հարցն է եւ հետո միայն մարդու իրավունքները։ Հասկանալի է, որ այս հայացքները խիստ ընդունելի էին Ալիեւի համար։ Երեկ Մոսկվայում հանդիպեցին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը։ Վերջինս եւս մասնակցում էր ԱՊՀ երկրների վեհաժողովին, սակայն, եթե նախագահ Քոչարյանն արդեն վերադարձել է Մոսկվայից, ապա Ալիեւը դեռ այնտեղ է եւ մոտ չորս ժամ տեւած հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ Հանդիպման թեման, ի թիվս այլ հարցերի, նաեւ Ղարաբաղի հիմնախնդիրն էր։ Ավելի շատ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Սակայն, դժվար չէ ենթադրություններ անել։ Ասենք՝ այսպիսի։ Հիշենք, որ Պուտին-Նազարբաեւ հանդիպման հիմնական թեման Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթամուղն էր, որի շինարարությունը կավարտվի այս տարի։ Սա Բաքու-Ջեյհան նավթամուղի համար լուրջ մրցակից կարող է համարվել։ Բացի դրանից, քննարկվել են նաեւ նավթի արտահանման եւ էներգակիրների հետ կապված խնդիրներ։ Հանդիպումը շատ ջերմ է անցել։ Ինչո՞ւ պետք է պակաս ջերմ անցներ արդեն Ալիեւ-Պուտին հանդիպումը՝ խնդիրները գրեթե նույնն էին՝ Բաքու-Ջեյհան նավթամուղ, նաեւ՝ Ղարաբաղի հարցը։ Ընդհանրապես, Ղարաբաղի հարցի հետ կապված նոր տարբերակը փուլային լուծումն է, որի մեջ մտնում է Ղարաբաղի ինքնորոշման հարցը։ Բայց ոչ թե տարածքային, այլ՝ Ադրբեջանի կազմում։ Առաջնահերթ խնդիրը պետք է լինի գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը, Լաչինի եւ Քելբաջարի հարցում Ադրբեջանը համաձայն է միջազգային զորքերի մուտքին այս տարածքներ։ Ղարաբաղը չի ունենա բանակ, կունենա ներքին զորքեր, ընտրություններ անցկացնելու հնարավորություն կունենա եւ այլն։ Ինչո՞ւ Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ այս բոլոր հարցերը չէին կարող քննարկվել եւ վերջնական տեսքի բերվել։ Չմոռանանք, որ «նախորդ» իշխանությունների, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց սա էր՝ Տեր-Պետրոսյանը կողմ էր Ղարաբաղի հարցի փաթեթային լուծմանը, իսկ Ռ. Քոչարյան-Վ. Սարգսյան երկյակը դեմ էր հարցի փաթեթային լուծմանը եւ առաջարկում էր փուլ առ փուլ տարբերակը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել