Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

«Փոքր նրբություններ» 27-ի գործով Շարունակում ենք զրույցը իրավագետ Վլադիմիր Նազարյանի հետ Վլադիմիր Նազարյանի կարծիքով, Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսիսյանի եւ Արթուր Հակոբյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում «կան նաեւ փոքր նրբություններ, որոնք նույնպես անուղղակի վկայում են, որ այդ որոշումներն անբացատրելի են, եթե նկատի ունենանք ոճրագործության ամբողջ ֆոնը»։ Պրն Նազարյանը մեջբերեց Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը. «Բացի այդ, նախաքննության ընթացքում մեղադրյալ Ալեքսան Հարությունյանի բնակարանում 16.12.99 թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գրչանման սարք, որը, ըստ դատաձգաբանական փորձաքննության թիվ 67 եզրակացության հանդիսանում է գործարանային արտադրության 31/54 համարանիշով 15մմ հրթիռանետի եւ ինքնաշենի ներպտուտակով փողից 5,6մմ տրամաչափի օղակաձեւ բոցավառման փամփուշտներով կրակելու սարք եւ հանդիսանում է հրազեն։ Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ալեքսան Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հանգուցյալ հայրը շուրջ 25 տարի լինելով մանկավարժ, հաճախ տուն էր բերել աշակերտներից վերցրած արգելված առարկաներ, այդ թվում նաեւ հայտնաբերված կրակող սարքը։ Սակայն ինքը երբեք դա չի պահել եւ չի իմացել, թե այն իրենից ի՞նչ է ներկայացնում, որը պահվում է իրենց բնակարանում։ Մեղադրյալ Ալեքսան Հարությունյանի՝ նշված պատճառաբանություններն իրենց ցուցմունքներով հաստատել են նաեւ նրա հարազատները»։ Իրավագետ Վլ. Նազարյանը բացատրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով հանցակազմ է իր մեջ պարունակում ոչ միայն հրազեն ձեռք բերելը եւ օգտագործելը, այլ հենց միայն՝ պահելը. «Երեւի այս դեպքում, այս մարդասիրական վերաբերմունքը, հավատ ընծայելը մեղադրյալների եւ նրա հարազատների ցուցմունքին եւ այլն, թերեւս, եթե ոճրագործության ընդհանուր ֆոնի վրա չդիտվեր, դիտվեր որպես մի առանձին էպիզոդ՝ ասենք մեկի տունը մտել են այլ գործով (որտեղ ո՛չ սպանություն կա, ո՛չ այդպիսի հարց) եւ հայտնաբերել են, թերեւս այդքան ուշադրության արժանի չլիներ։ Բայց ես մտածում եմ՝ ո՞նց կարելի էր այդ հարցն անտեսել, եթե ասենք դեռեւս քննության պրոցես է ընթանում եւ կարող է հանկարծ պարզվի (բացառված չէ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք), որ այդ հրազենը գործածվել է։ Այդ մասին մենք տեղեկություն չունենք»։ Պրն Նազարյանի ասելով, սա որպես նրբություն նույնպես միանում է այն ընդհանուր ֆոնին, թե ինչո՞ւ չեն հերքվել ապացույցները։ Մեկ ուրիշ երեւույթի մասին, որը կապված է Մուշեղ Մովսիսյանի տնից հայտնաբերված զինամթերքի հետ։ Գործի կարճման որոշման մեջ գրված է. «Նախաքննությամբ պարզվել է նաեւ Մովսիսյանի բնակարանում եւ ավտոմեքենայում հայտնաբերված ատրճանակը, 16 հատ ինը միլիմետրանոց փամփուշտները, վերջինս ձեռք է բերել եւ պահել օրենքով սահմանված կարգով։ Իսկ ռազմամթերք հանդիսացող 41 հատ ինը միլիմետրանոց տրամաչափի փամփուշտները նրա կողմից ձեռք են բերվել եւ պահվել են առանց համապատասխան թույլատրություն։ Մուշեղ Մովսիսյանի արարքում առկա են ՀՀ քր. օրենսգրքի 233 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները։ Սակայն, նկատի ունենալով, որ Մ. Մովսիսյանը ունեցել է հրազեն եւ ռազմամթերք կրելու թույլատվություն, ուստի նրա արարքը ձեւականորեն պարունակելով քր. օրենքով նախատեսված արարքների հատկանիշներ, իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում»։ Եթե Մուշեղ Մովսիսյանը, ըստ Վլ. Նազարյանի, չկասկածվեր դրդիչ լինելու մեջ, 27-ի ոճրագործության ենթատեքստից դուրս դիտվեին այս «նրբությունները», ապա, թերեւս կարելի էր շատ ուշադրություն չդարձնել։ Վլադիմիր Նազարյանի վերջին մեջբերումը որոշումից վերաբերում է Արթուր Հակոբյանին. «Մեղադրյալ Արթուր Հակոբյանը բնութագրվել է դրականորեն։ Նախկինում արատավորված չի եղել, ամուսնացած է, կալանքի տակ գտնվելու ժամանակ զավակ է ունեցել, ընտանիքի միակ կերակրողն է։ Նկատի ունենալով, որ մեղադրյալ Հակոբյանը կատարել է անզգույշ հանցագործություն, զղջացել է…»։ Դարձյալ ընդհանրացնելով, պրն Նազարյանը չի ժխտում, որ եթե այս երեք կետերը ընդհանուր ենթատեքստից հանենք, մոռանանք, որ հոկտեմբերի 27 է եղել, հնարավոր է «մեղմացուցիչ դեպք հանցանաց» համարել. «Բայց մի դեպքում՝ հրազենը, մի դեպքում՝ ռազմամթերքը, մի դեպքում՝ արդեն կատարած հանցագործությունը անկարեւոր համարելը, կարեւորություն չտալը, ակամայից բերում են այն համոզման, որ նախաքննական մարմինը իր առաջ խնդիր է դրել՝ ինչ գնով ուզում է լինի, առանց ուշադրություն դարձնելու փաստերին գործը կարճել»։ Այսպիսի անբացատրելի մարդասիրությունը, Վլ. Նազարյանի ասելով, կասկած է հարուցում։ Սկզբունքային հակասություն պետք է գոյություն չունենա մեղադրյալ ճանաչվածների, հետո կարճվածների եւ զոհերի հարազատների միջեւ. «Եթե այդ մարդիկ իրոք անմեղ են»։ Նրանք հարազատներին հավասար եւ երեւի մի քիչ էլ բարձր պիտի պահանջեն, որ իրենց նկատմամբ կայացվեն քրեական դատավարության օրենսգրքի 261 հոդվածի պահանջներին համապատասխանող կարճման որոշումներ, այսինքն այդ որոշումներում չպետք է պարունակվի որեւէ ձեւակերպում, որը կասկած է թողնում մեղավորության մասին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել