Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2000 00:00

Բոմժի հոգեբանությամբ գործարարը Կարելի է հասկանալ, երբ «նախորդ հանցավոր ռեժիմը» դրա հետ միասին էլ՝ անկախ պետականությունը, ազատ շուկան ու հարուստ անհատին հայհոյում, անիծում է չորս հազար դրամ գնահատված թոշակառուն, տուն-տեղ, աշխատանք կորցրած բաքվեցի մասնագետը, քարքարոտ հողի վրա մեն-մենակ մնացած գյուղացին, կամ Արշակ Սադոյանը։ Կարելի է հասկանալ, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ բան չհասկացան այս պետությունից, չվայելեցին ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ ազատ շուկան (ապրանքը բոլ-բոլ, փող չկա), ո՛չ ղարաբաղյան հաղթանակը։ Բայց երբ դասական պրոլետարիատի բառապաշարն իր բազմաթիվ հեռուստաելույթներում սկսում է օգտագործել խոշոր գործարարը, տարբեր երկրներում տուն-տեղ, գործ դրած, բանկերում օրինական հաշիվներ բացած անձը, ապա դա վկայում է հայ հասարակության տնտեսական մտքի խոր ճգնաժամի մասին։ Բանը հասավ նրան, որ սույն գործիչը՝ «Գրանդ Տոբակոյի» բաժնետեր Հրանտ Վարդանյանը, իր վերջին հեռուստաելույթում կոչ արեց «ժողովրդին» ճաղերով ջարդել որոշ մարդկանց «ջիպերը» եւ վտարել նրանց Հայաստանից։ Ինչպիսի՜ պայծառ միտք։ Հ. Վարդանյանի այդպիսի առաջարկների պատճառը հոգեբանները բացատրում են որոշ բարդույթներով, որոնք եւս նա ձեռք բերեց «Հայծխախոտ» ա/մ երկարամյա աշխատանքի ընթացքում։ Սովետական ժամանակաշրջանում աշխատած նույնիսկ «ուչաստկովին» շատ լավ գիտեր, որ «Հայծխախոտը» ամենաքրեածին գործարաններից մեկն էր, որտեղ պտտվում էին սոսկալի քանակի ստվերային փողեր։ Գործարանում 6-7 ամիս աշխատած պահեստապետի համար երաշխավորված էր անդարդ ծերությունը, եթե իհարկե բախտը բերում էր խուսափել գաղութից։ Հ. Վարդանյանն աշխատեց ե՛ւ պահեստապետ, ե՛ւ արտադրամասի պետ, ե՛ւ առաքման բաժնի պետ, ե՛ւ փոխտնօրեն։ Իսկ գործը ծանր էր։ «Կոսմոսի» թութունին «Պրիմայի» թութուն խառնելը, ճիշտ է, գերշահույթ էր ապահովում, բայց դե Կըղհհ -ը անգործ նստած չէր։ Գիշերները՝ տասնյակ արկղեր «լեւի» ապրանք դուրս հանելը շաբաթական «յուղը վրեն» մի «Գազ-24»-ի գումար էր բերում, բայց այդպիսի «գործարքների» ազնիվ նպատակները պիտի բացատրեիր միլպետին, ռայկոմի բաժնի վարիչին, «նարոդնի կոնտրոլին»։ Անքուն գիշերներն ու մշտական վախը երեւի անհետեւանք չմնացին։ Հետո եկան նոր ժամանակներ։ Ազատական իշխանությունները մեղքերի թողություն շնորհեցին սովետի ժամանակ փող դիզածներին, առաջարկեցին բոլոր «ստվերային ցեխավիկներին»՝ լեգալացնել իրենց գործը, գործարաններ գնել, աշխատատեղեր ստեղծել։ Հրանտ Վարդանյանին էլ ոչ ոք չհարցրեց՝ որտեղից այն միլիոնները, որով նա գնեց այդ մեծ գործարանը։ Եվ ճակատագրի հեգնանքը կայանում էր հենց նրանում, որ Հրանտ Վարդանյանը սեփականաշնորհեց գործարանը հենց իր ադաշի՝ Բագրատյանի վարչապետության օրոք, որի մասին այդպես չարությամբ խոսում է վերջերս։ Ղարաբաղյան ամենաթեժ մարտերի օրերին երկու որդիներին փախցրեց Կանադա (թող ռամիկների երեխաները պատերազմ գնան)։ Այդ ժամանակ պաթոսով ելույթներ չէր ունենում։ Հիմա էլ հանկարծ որոշեց մերկացնել «հանցավոր ռեժիմը»։ Ոչ մի երկրում գործարարը «դղյակներին պատերազմ» չի հայտարարում, շքեղ մեքենաներ ջարդելու կոչեր չի նետում։ Ի վերջո, վտանգավոր բան է։ Պրոլետարը ցուցակով չի համեմատելու ում «ջիպը» պետք է ջարդի՝ «հանցավոր ռեժիմի» ներկայացուցչի, թե հենց Վարդանյանի որդու «Գրանդ Cherokee»-ն։ Պրոլետարը «ջիպ» ջարդելով չի բավարարվի, Վարդանյանի գործարանն ու տունն էլ կմտնի, որպեսզի պատժի «ժողովրդի արյունը ծծողին»։ Իսկ գուցե դա է պարոն Վարդանյանի երազանքը։ Պետականացվի, «ժողովրդի ձեռքն» անցնի գործարանը, ինքն էլ հանգիստ այնտեղ արտադրության պետ աշխատի։ Ոչ քեզ տնտեսական հաշվարկներ, ոչ պատասխանատվություն։ Թութունը խառնի, եկամուտ ստացի, պետքական մարդկանց հետ կիսվի։ Կասեք՝ զավեշտ է։ Միգուցե։ Բայց դե մենք յուրահատուկ ազգ ենք։ Էլ որտեղ գործարարը կհայհոյի այն ժամանակաշրջանը եւ մարդկանց, որոնց շնորհիվ օրինականացրել է իր ունեցվածքը։ Էլ որտեղ գործարարը կոչով կդիմի՝ ոչ թե նորն ու լավը ստեղծել, այլ սարքածը քանդել։ Էլ որտեղ գործարարը կերազի, որպեսզի երկրից քշվեն նույն խավին պատկանող մարդիկ։ Չէ, իսկապես, մերն ուրիշ ա։ Որեւէ սեփականություն չունեցող «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել