Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐ

Հոկտեմբեր 28,2000 00:00
qaxbantarkyal

Չենք նշի «ազգովի»

Հոկտեմբերի 3-6-ը «Մեմորիալ» հասարակական կազմակերպությունն անցկացրեց միջազգային գիտաժողով։ Այն տեղի ունեցավ… «Պերմ-36» կալանավայրում, որտեղ հատկապես հասարակությունից ազատազրկվում էին «հատուկ վտանգավոր ռեցիդիվիստները»։

Տեղեկացնեմ, որ Հայաստանից հրավիրված է եղել եւ «Ազգային-հայրենասիրական շարժումը Հայաստանում 60-ականներից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը» թեմայով ելույթ է ունեցել Դավիթ Ալավերդյանը («Առաքյալ» թերթի գլխավոր խմբագիր)։ Ցուցադրվել է հայ քաղբանտարկյալների մասին տեսաֆիլմ։ Դ. Ալավերդյանը շրջել է ճամբարում, նկարահանումներ արել։ Նշենք, որ Պերմի հատուկ ճամբարում է գտնվել (6 տարի) երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը, նաեւ՝ Ուկրաինայի ազգային հերոսներ Վասիլ Ստուսը, Օլեքսա Տիխին…

Ըստ էության, «Պերմ-36» ճամբարը բռնապետության ժամանակաշրջանը խորհրդանշող թանգարան է, որտեղ ըստ Հասմիկ Նավասարդյանի, միայն 1972-87թթ. ժամանակահատվածում իրենց պատիժն են կրել տարբեր ազգերի 55 ընտրյալներ։ Ցավալի է, սակայն Հայաստանում շատ քչերը գիտեն, որ հոկտեմբերի 30-ը քաղբանտարկյալների միջազգային օրն է, որը ԱՊՀ (նախկին սովետական) գրեթե բոլոր պետություններում նշվում է։ Հայաստանում այն անտեսվել է։ Եվ կանտեսվի… նաեւ այս տարի։ Հիշենք նաեւ այն, որ նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1-ին նստաշրջանի անդրանիկ նիստերից մեկը նվիրվեց քաղբանտարկյալների արդարացմանն ու նրանց իրավունքների վերականգնմանը։

Ի՞նչ եղավ Հայաստանում։ «Մասսայական ռեաբիլիտացիան» սրբագրվեց, ինչպես քաղբանտարկյալներից մեկն ասաց, «ապերախտության օրենքով եւ երկու վաուչերով»։ Գործողության մեջ դրվեց «Բռնադատվածների մասին» օրենքը, որտեղ համահավասարեցում գնաց նախկին ստալինականի եւ գաղափարականի, քրեականի եւ քաղաքականի, ճամբարական հսկիչների եւ ճամբարական-երդվյալների… միջեւ։ Անկախությունից հետո հանրությանը կիսատ-պռատ մատուցվեցին անուններ, որոնց իսկական գործունեությունը դարձյալ մնաց ստվերում։ Շատուշատ ճամբարականներ այսօրվա «գործող քաղաքական ճամբարից» դուրս են։ Հակոբջան Թադեւոսյանն իր մահկանացուն կնքեց Նուբարաշենի հոգեբուժարանում (հիշում եմ՝ դեղորայք ձեռքբերելու համար որքան դռներ եմ զո՜ւր ծեծել), Ստեփան Զատիկյանի, Հակոբ Ստեփանյանի եւ Զավեն Բաղդասարյանի «կարգավիճակը» չի ճշտվել եւ այսօր, իսկ նրանց գերեզմանի (կամ գնդակահարության վայրի) տեղն այդպես էլ անհայտ է։ Նորօրյա քաղաքական այրերին (եւ ոչ միայն նրանց) ոչինչ չի տա երեւի Անահիտ Կիրակոսյանի անունը, Քաջիկ Սահակյանի, Էդիկ Ալեքսանյանի, Շիրակ Գյունաշյանի, Նորիկ եւ Սամվել Մարտիրոսյանների, Իշխան Մկրտչյանի… նաեւ նրանց անունները, ովքեր հեռացան սովետական գուլագից դեպի… արտերկիր։ Ոչինչ չի տա, քանզի մեր արժեքային խարխուլ պատկերասրահը լցված է քրեական բախտախնդիրներով, չեկիստ-գործակալներով, որոնք հարցազրույցներ տալով աջուձախ հպարտանում են իրենց նախկին «քաղաքական» փեշակով, քննիչ-կլյուչնիկներով, որոնք ոտքի են կանգնել եւ խոսում են այսօր ընդդեմ «ռեժիմի»…

Իսկ հարգարժան Հասմիկ Նավասարդյանը հավատում է դեռ, որ մեզանում պետականորեն կնշվի «Քաղբանտարկյալի օրը» եւ պետությունը կհիշի, որ…

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը ասաց, որ կուզեր այդ օրը հիշվեր ոչ թե գնահատվելու առումով, այլ պատմության, «որ հասկացվեր ազատագրական պայքարի փոխանցիկություն է եղել, շարժում, որ ընդհատում չլիներ։ Եթե չենք հիշում, ուրեմն չի եղել…»։ Եվ ընդհանրապես նկատեց, որ ԱՊՀ երկրներում հիշատակի այդ օրը նախաձեռնում են լրագրողները։ Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական հոդվածներով (գլխավորապես ՀԽՍՀ քրօրենսգրքի 65 հոդված «Հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա») դատապարտվել են 82 մարդ։ Այսօր քաղբանտարկյալներն ունեն իրենց «Ակումբ-65» միությունը, որը գլխավորում է նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը։ Ակումբը ունի երկու սենյակ, որոնցից մեկում փակցված է նախկին այն քաղբանտարկյալների լուսանկարները, որոնք զոհվեցին աքսորում, բանտերում եւ նաեւ՝ մեր օրերում։ «Ակումբ- 65»-ի խնդիրներից մեկն այն էր, որ ստեղծեր իր թանգարանը, որի ստեղծման համար բավարար փաստավավերագրական նյութեր կան։ Ֆինանսական ծանր վիճակը չի շրջանցել ինչպես միությանը, այնպես էլ միության անդամներից շատերին, որոնք գործազուրկ են, որոնց ընտանիքները գտնվում են կարիքի մեջ։ Իսկ ընդհանրապես, մեր կողքին ապրող նախկին քաղբանտարկյալների մասին պետությունը դեռ իր խոսքը չի ասել…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. «ԱՄԿ ծրագիր, կանոնադրություն եւ այլ պարագայք»-ում (ԱԻՄ-ի հրատարակչություն) փորձեցինք «ԱՄԿ տոների» մեջ փնտրել հոկտեմբերի 30-ը, նաեւ՝ քաղաքական այլ կուսակցությունների տոնացույցներում։ Չկար դարձյալ հոկտեմբերի 30-ը։ Կար Հայկյան նոր տարի, պետականության վերականգնման, Հայաստանի անկախության օրը՝ մայիսի 28-ը, մեծ սգատոնը՝ ապրիլի 24-ը (նաեւ կուսակցության հիմնադրման օրն էր), եւ դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը), ի դեպ, այդ օրը ազատազրկման վայրերում գտնվող բոլոր ԱՄԿ-ականները մեկօրյա բողոքի հացադուլով եւ բողոքի դիմումներով էին հանդես գալիս։ Հացադուլը տարածվում էր աշխարհի բոլոր ծայրերում, տաժանավայրերում գտնվող ԱՄԿ-ականների վրա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031