Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

Ռուսները դրան հավատացին, իսկ մե՞նք Շաբաթ օրը ՀՀ նախագահ Քոչարյանը, որին, պարզվում է, Հայաստանում «ՉՏՌվ» են անվանում, հայտարարեց. «Ես պատերազմը սկսեցի 9 տանկով եւ ավարտեցի 140-ով»։ Պարոն Քոչարյանի այս հայտարարությունը խիստ հավակնոտ էր առավել եւս, որ վերջինս ի պաշտոնե շատ հեռու էր պատերազմ սկսելու եւ վարելու պատասխանատվությունից։ Ղարաբաղի ազատագրական պատերազմը որպես այդպիսին լայնածավալ թափ է ստացել 91թ. խոր աշնանից ի վեր, երբ ադրբեջանական եւ հայկական կամավորական ջոկատներն ու ապա բանակը մնացին դեմ- հանդիման եւ կռվում էին սկզբնական շրջանում ամենապարզունակ զենքերով։ 91-ին Ստեփանակերտում տեղակայված ռուսական ներքին զորքերի մոտոհրաձգային գունդը դուրս բերվեց Ղարաբաղից՝ իր տրամադրության տակ եղած զինտեխնիկան ու ռազմամթերքը թողնելով հայկական ինքնապաշտպանության ուժերին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների եւ մասնավորապես Վազգեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ։ Այդ տարիներին Ղարաբաղում բանակի գործողությունները համակարգում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը», նրա տեղակալն էր Ղարաբաղի Ազգային հերոս Սամվել Բաբայանը։ Քաջատեղյակ աղբյուրները հիշեցրին նաեւ, որ հայկական կողմը, հակառակ պարոն Քոչարյանի պնդումների, պատերազմը սկսել է թվով՝ զրո տանկով, իսկ առավելագույնն, ինչ կար այն ժամանակ հայկական ուժերի տրամադրության տակ՝ հետեւակի մարտական մեքենաներն էին։ Մինչդեռ Ռ.Քոչարյանը տակավին ՀՀ ԳԽ պատգամավոր էր եւ զբաղված էր տնտեսական հանձնաժողովում։ Քոչարյանը Ղարաբաղում լուրջ պաշտոն է ստանձնել միայն 93-94 թվականներին, երբ վարում էր Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը (ընդ որում, 94-ի գարնանը ռազմաճակատում արդեն հրադադար էր): Բայց նույնիսկ այս դեպքում Ղարաբաղը որպես առանձին երկիր երբեք որեւէ այլ պետությունից ռազմամթերք, զենք, առավել եւս տանկեր՝ իբրեւ «հումանիտար» օգնություն չի ստացել։ Դրանք Ղարաբաղի ռազմաճակատի համար ապահովել են Հայաստանն ու նրա իշխանությունները՝ հիմնականում Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում։ Եվ եթե այսօր կան մարդիկ, ովքեր իրավամբ կարող են պարծենալ Ղարաբաղի եւ ընդհանրապես հայկական բանակի ունեցած հաջողությունների, ինչպես նաեւ՝ քիչ թե շատ արդիական ռազմական տեխնիկա ունենալու համար, առաջին հերթին ՀՀ առաջին նախագահն է, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու հետո նաեւ ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները համակարգող եւ Հայաստանից բերվող ռազմամթերքն ու տեխնիկան բաշխող ուժայիններ Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը։ Իսկ ընդհանրապես, հավանաբար, ճիշտ կլիներ, եթե նախագահը բանակի զինտեխնիկան ավելացնելու եւ պատերազմում հաղթելու պատիվը ոչ թե իրեն վերագրեր, այլ ամբողջ հայ ժողովրդին ընդհանրապես, որի զրկանքների ու զոհողությունների արդյունքն այսօր գոնե կայացած բանակն է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել