Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Հունվար 19,2001 00:00
ara avetisyan

Ըմբռնումով մոտենալով «Առավոտի» ցանկությանը՝ դիմորդներին հնարավորինս շուտ տեղյակ պահել ընդունելության նորույթներին, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը բացահայտեց որոշ մանրամասներ:

Թեեւ կանոնների ու կանոնակարգերի մի մասը առայժմ օրինական ուժ չունի, քանի որ արդարադատության նախարարությունում դեռ չեն գրանցվել։ Մինչ օրս նման բախտի արժանացել է միայն ընդունելության մասնագիտությունների ցանկը։ Երեկ արդարադատության նախարարության հաստատմանն են ներկայացվել նաեւ ընդունելության կանոնները, իսկ քննությունների ընթացքը կանոնակարգող մյուս փաստաթղթերը (հանձնաժողովների աշխատակարգերը, բողոքարկման եւ մյուս կարգերը) վերջնական ամփոփման փուլում են, եւ ԿԳ նախարարը դրանք դեռ չի էլ ստորագրել։

Այնուամենայիվ, պարոն Ավետիսյանը վստահեցրեց, որ փետրվարի սկզբին այդ բոլոր փաստաթղթերը ստորագրված ու հաստատված կլինեն եւ պարբերաբար կհրապարակվեն ԿԳՆ պաշտոնաթերթում։ Իսկ փետրվարի կեսերին արդեն կհրապարակվի «Դիմորդ-2001» տեղեկագիրը ու քննություններից 6 ամիս առաջ դիմորդները կտեղեկանան քննություններին առնչվող «թե բովանդակային, թե վարույթային» բոլոր մանրամասներին։

«Առավոտը» բնականաբար կհետեւի՝ արդյո՞ք իր խոսքի տերը կլինի ԿԳՆ-ն, թե՞ կպահպանվի դիմորդներին քննություններից մեկ-երկու ամիս առաջ տեղեկացնելու ավանդույթը։ Կտրուկ փոփոխություններ այս տարի եւս չեն սպասվում։ Որոշակի փոփոխություններ կան՝ կապված «Կրթության մասին» օրենքում վերջերս արված լրացում-փոփոխությունների հետ։ Համաձայն դրանցից մեկի. «Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո՝ 20-օրյա ժամկետում»։ Այսինքն՝ հրամանագրման ժամկետն արդեն ամրագրված է օրենքով, ինչը կբացառի նախորդ տարիների փորձը, երբ հրամանագրումը (վճարովի համակարգում) ձգձգվում էր մի քանի ամիս։

Օրենքում կատարված լրացումով փոփոխություն է մտցվել զինակոչից տարկետման իրավունքի հարցում։ Նման իրավունքից կօգտվեն անվճար համակարգ ընդունվածները եւ վճարովի համակարգի ուսանողները՝ որոշակի թվի սահմաններում, որը համատեղ կորոշեն ԿԳՆ-ն եւ ՊՆ-ն։ Բացի դրանից, բուհերը կարող են, ԿԳՆ-ի հետ համաձայնեցնելով, իրենց վճարովի համակարգում ընդունել այնքան թվով ուսանող, որքան իրենք հնարավորություն ունեն։ Սակայն ԿԳՆ-ի եւ ՊՆ-ի համատեղ սահմանած չափաքանակից դուրս ընդունված այդ ուսանողները տարկետման իրավունքից չեն օգտվի, այսինքն՝ ուսումնառության ընթացքում բանակ կզորակոչվեն։ Օրենքի մեկ այլ լրացմամբ ամրագրվում է, որ «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»։ Մնացյալ փոփոխությունները ամրագրված են ընդունելության կանոններով։

Ըստ պրն Ավետիսյանի. «Հաշվի առնելով նախորդ տարիների փորձն ու քննարկումների արդյունքները՝ անվճար համակարգում ընդունելությունը կկատարվի չորս լրացված մասնագիտություն-հայտերի առաջին մասնագիտության հայտի գերակայության սկզբունքով»։ Իսկ նշված առաջին հայտով չանցնելու եւ թափուր տեղերի առկայության դեպքում արդեն գործում է ոչ թե հայտերի հերթականության գերակայությունը, ինչպես նախորդ տարի, այլ միավորների գումարը։ Միավորների գումարի հիման վրա կանցկացվի վճարովի ուսուցման մրցույթը, որը, ի տարբերություն անցյալ տարվա, կանցկացվի պետպատվերով մրցույթի հետ միաժամանակ։ Թեեւ, ըստ պարոն Ավետիսյանի, «հստակ ձեւակերպված է մասնագիտական կողմնորոշման խնդիրը», սակայն հենց այս հիմնավորմամբ էր արդարացվում նախորդ տարվա կարգը, ըստ որի, մրցույթը բացառապես անցկացվում էր հայտերի հերթականության գերակայությամբ՝ չկարեւորելով միավորների գումարը։

Փաստորեն, ԿԳ նախարարը դավաճանել է իր պաշտպանած սկզբունքին՝ տեղի տալով բարձր միավորներով դուրս մնացող դիմորդների բողոքներին։ Գերազանցության մեդալ ստացած շրջանավարտները մեկ քննությամբ կընդունվեն բուհ, եթե առաջին հայտագրված մասնագիտության առաջին գրավոր քննությունից 19 կամ 20 միավոր ստանան։ Ավելի ցածր դրական միավոր ստանալու դեպքում ընդունելությանը կմասնակցեն ընդհանուր հիմունքներով՝ մրցույթի ժամանակ հավասար միավորների դեպքում ստանալով առավելություն։ Նման առավելություն կտրվի նաեւ բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին, հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիրներին եւ ըստ տվյալ մասնագիտության քննությունների հաջորդականության հավաքած բարձր միավորի ու դպրոցի ավարտական վկայականի պետական ավարտական քննությունների միջին գնահատականի։ Ընդհանուր առմամբ այլ փոփոխություններ չկան եւ կգործեն նախորդ տարվա ընդունելության կանոնները։ Ի դեպ, դրանք այս տարի կհրապարակվեն ըստ առանձին թեմատիկ գլուխների՝ հեշտացնելով կանոնների ընկալումը։ Փոխնախարարը կարեւորեց նաեւ այն, որ բոլոր սկզբունքները տեղ են գտել կանոններում եւ «ոչ մի հարց երկակի մեկնաբանություն չի ունենա»։

Այս մասին կդատենք, երբ կանոնները կհրապարակվեն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031