Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարուց այս կողմ Պարույր Հայրիկյանը դեռ ասուլիս չէր հրավիրել։

Փետրվար 01,2001 00:00

Չքծնե՛լ հայրիկյանաբար Նոր տարուց այս կողմ Պարույր Հայրիկյանը դեռ ասուլիս չէր հրավիրել։ Մի պարզ պատճառով՝ Ամերիկայում էր։ Սակայն ոտքը հայրենիք դնելուն պես հասցրեց հարցազրույցներ տալ, իսկ երեկ արդեն՝ ասուլիս կազմակերպել։ Այս անգամվա թեման արտագաղթն էր։ Բնական է, որ այս թեմայով որեւէ նոր բան կամ արտագաղթը կանխելու միջոց նա չէր կարող առաջարկել, որովհետեւ լուրջ սոցիալական, տնտեսական, անգամ քաղաքական լծակ պրն Հայրիկյանի ձեռքում չկա։ Պարզապես Հայրիկյանն իր նկատառումները խիստ կարեւորելով՝ որոշել էր դրանք լրագրողների միջոցով հասցնել ժողովրդին։ Այսպես՝ «Չես կարող խոսել կոմունիստական իշխանավորների մասին՝ նրանցից ոչինչ պահանջել հնարավոր չէ։ ՀՀՇ-ական իշխանությունների մասին նույնպես խոսելն անիմաստ է։ Լուծումը սպասելի է օրվա իշխանությունից՝ անկախ նրանից, որ այսօրվա պառլամենտի եւ Ռ. Քոչարյանի օրոք 100 հազար մարդ է դուրս եկել, իսկ նախորդ իշխանությունների օրոք՝ 600 հազար»։ Ըստ Հայրիկյանի՝ կոմունիստների ժամանակ Հայաստանի բնակչությունն աճել է երեք անգամ. «Որոշ վայ-մտավորականներ՝ իրենց ողորմելի գրագիտությամբ, դա հիմք են համարում՝ փառաբանելու կոմունիստական ժամանակները»։ Սակայն կոմունիստներին պետք չէ վերագրել եւ ոչ մի հաջողություն։ Նրանց փոխարինելու եկավ «անաստված եւ ապազգային բոլշեւիկների» սերունդը։ Սփյուռքում խոր արմատներ ունեցող կուսակցությունները, որոնց աչքերից իբր հայրենիքի կարոտից արտասուքը չի ցամաքում, սահմանները բացվելուց հետո չաճապարեցին վերադառնալ հայրենիք։ Մասնավորապես՝ դաշնակցականները. «Մի 10 տարի առաջ Մարուխյանը ազդարարեց «Դեպի երկիր» կարգախոսը։ Քանի՞ դաշնակցական ընտանիք վերադարձավ։ Մի քանի նվիրյալ»։ Արտագաղթի ֆոնի վրա պարոն Հայրիկյանը, բնական է, չէր կարող շրջանցել գործակալների թեման. «Իշխանավորը կարող է՝ գործակալ է։ Մենք արդեն ապացույցներ ունենք, չէ՞ որ վերջին 8 տարիներին Հայաստանի հանդեպ իշխանությունների տարած քաղաքականությամբ Հայաստանը բռնազավթած պետության կարգավիճակում էր։ Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին պատժել հոսանքազրկումով, կամ սեփականաշնորհման անվան տակ էնպես հարստանալ, որ…»։ Պարույր Հայրիկյանն այնքան ապշած էր, թե ինչո՞ւ մեր իշխանությունները «շատ թվեր» չեն մատուցում ժողովրդին. խոսքը պետության կուտակած պարտքերի մասին է։ Իսկ պարտքերը, ըստ Պ. Հայրիկյանի, կուտակված են միմիայն նախորդ իշխանության, «նույնիսկ հերոս հռչակված իշխանավորների թույլ տված մեղքով։ Բացահա՛յտ փաստեր են»։ Հռետորը խոստացավ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ «Բայց իշխանավոր է ու վատն է։ Սրանով ամեն ինչ վերջացա՞վ։ Ուրեմն Հայաստանը ոչ թե ես եմ, այլ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը»։ «Առավոտը» փորձ արեց կոնկրետացնել՝ խոսքը միայն նախկի՞ն գործակալ-իշխանավորների մասին է, այսօրվա ղեկավարներից որեւէ մեկը գործակա՞լ է եւ ո՞ր երկրի։ Ինչո՞ւ Հայրիկյանն այդ մասին չի հայտնում՝ ուր որ պետք է։ Սակայն պրն Հայրիկյանն անգամ չցանկացավ լսել մեր հարցը՝ հիշեցնելով, որ անձամբ ես իր մասին գրած հոդվածներից մեկը վերնագրել եմ «Քծնել հայրիկյանաբար»։ «Կարող էիք ասել՝ պայքարել հայրիկյանաբար, հայրիկյանաբար դիմակայել բոլշեւիկյան ճնշումներին»,- ճշտեց պրն Հայրիկյանը։ Երկքաղաքացիության ջատագով Պարույր Հայրիկյանն առիթը չփախցրեց որպես արտագաղթը կանխող միջոց հիշեցնել այս օրենքի ընդունման կարեւորությունը։ «Որտեղ էլ հայն ապրի, եթե նա Հայաստանի քաղաքացի է, դա մեր հարստությունն է, մեր ուժը (մի քանի րոպե առաջ պրն Հայրիկյանը դատապարտել էր դաշնակցականներին, որոնք Սփյուռքից հայրենիք այդպես էլ չվերադարձան.- Լ. Ա.)»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել