Լրահոս
Օրվա լրահոսը

(Ռուս գրողի ծննդյան 110-ամյակի առթիվ)

Փետրվար 02,2001 00:00

Իլյա Էրենբուրգը եւ Հայաստանը (Ռուս գրողի ծննդյան 110-ամյակի առթիվ) Ականավոր գրող ու բանաստեղծ, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Իլյա Էրենբուրգի (1891- 1967) անունը լայնորեն հայտնի է ողջ աշխարհում։ Նրա ստեղծագործական եւ հասարակական գործունեությունը ծավալվել է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում։ Կյանքի վերջին տարիների առավել նշանավոր ստեղծագործությունը, անկասկած, «Մարդիկ, տարիներ, կյանք» (1961-1965) հիշողությունների գիրքն է, որում ներկայացված են իրադարձություններով հարուստ մեր դարի հոգեւոր որոնումները։ Այդ գիրք-խոստովանությունը բարձր գնահատեց ընթերցողը։ Նրանում կան նաեւ Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված էջեր։ …1959թ. սեպտեմբերին, Մարտիրոս Սարյանի հրավերով Իլյա Էրենբուրգն առաջին անգամ եկավ Հայաստան։ Հայաստանյան հանդիպումներից մեկի ժամանակ իր ելույթում Էրենբուրգն ասել է. «Ինձ համար ցավալի է, որ Հայաստանը ես առաջին անգամ տեսնում եմ արդեն իմ կյանքի վերջին։ Ի դեպ, դրանում գուցե լավ բան էլ կա։ Կյանքիդ վերջում ամեն ինչ ավելի լավ ես տեսնում, ավելի լավ հասկանում, եւ Հայաստանն իմ առջեւ շատ նոր բաներ բացեց։ Ես տեսա հսկայական ավանդույթներով մի երկիր, բայց այդ ավանդույթները, այդ մեծ անցյալը, հաճախ ծանր, չի կաշկանդում ժողովրդին, այլ թեւեր է տալիս… Ինձ գերել է հայ ժողովուրդն իր իմաստնությամբ, բարությամբ, ոգեւորությամբ, միաժամանակ՝ զսպվածությամբ, չնայած ներքին մեծ կրքոտությանը։ Դա մեծ ժողովուրդ է։ Մե՛ծ։ Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում»։ Հայտնի են նրա հոդվածները Սարյանի, Չարենցի մասին, հիշողություններն ու գնահատումները Ավ. Իսահակյանի, Նաիրի Զարյանի, Գեւորգ Էմինի եւ այլոց մասին, նամակագրությունը գրականության, արվեստի, մշակույթի մի շարք հայ գործիչների հետ (Լաերտ Վաղարշյան, Գուրգեն Հովնան, Լեւոն Մկրտչյան, ուրիշներ)։ Իր հիշողություններում ռուս գրողը եւ հասարակական գործիչը հիշեցնում է 20-րդ դարի հայերի ողբերգական ճակատագրի մասին եւ գալիս այն եզրակացության, որ դա ցեղասպանության առաջին փորձն էր եւ հետագայում նացիստները հաշվի առան թուրքական բարբարոսների այդ փորձը։ «Հայկական մշակույթը զուսպ է իր կրքոտության մեջ, այն համահունչ է Հայաստանի խստաշունչ բնանկարին, նրա ժողովրդի մեծ ու հաճախ ողբերգական ճակատագրին։ Նրանում մեծ կամք կա, մեծ իմաստնություն»։ ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել