Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅԻՍԻՆ՝ ՔԱՆԴԱԿԻ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԿԼԻՆԻ

Փետրվար 03,2001 00:00

ՄԱՅԻՍԻՆ՝ ՔԱՆԴԱԿԻ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԿԼԻՆԻ Քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհրդի նիստում Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանը Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի՝ Խոսրով Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը դիպուկ նկարագրեց. «Քաղաքի վրա՝ մոնղոլ-թաթարական հարձակում»։ Խ. Հարությունյանը դիմել էր խորհրդին «1700-ամյակի» տոնակատարությունների շրջանակում անցկացվելիք քանդակագործների միջազգային սիմպոզիումի համար այգի (զբոսայգի) հատկացնելու նպատակով։ Ընդ որում՝ բարեկարգված վիճակում։ Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, որ ներկա էր եղել հանձնաժողովի մի քննարկմանը, նշեց. «Ասացին, որ մոտ 30 քանդակագործներ են մասնակցելու։ Քանդակագործները թեման ստանալու են եւ պետք է ուղարկեն քանդակի էսքիզը։ Հետո հանձնաժողովը պետք է ընտրի։ Ում էսքիզները ընդունվեն՝ նրանք հրավեր կստանան»։ Ջիմ Թորոսյանը զարմացավ. «Էսքիզով ո՞նց պիտի որոշեն՝ ընդունելի՞ է, թե՞՝ ոչ»։ «Դե, հիմա, իրենք՝ հանձնաժողովը այսպես է գործը կազմակերպում։ Բացի այդ, քանդակագործները այստեղ սնվելու են, ապրելու են Հայաստանի հաշվին, քարը ստանալու են, հոնորար՝ ոչ, եւ գործերը թողնելու են այստեղ»,- շարունակեց Լ. Իգիթյանը։ Արարատ Զուրաբյանն առաջարկեց, որ «1700-ամյակի հանձնաժողովը» անդրադառնար եղած հուշարձանների պահպանության խնդիրներին։ … Այսինքն՝ ի սկզբանե պետք է փոխել հարցը, մեր հուշարձանների մի մասը խայտառակ վիճակում է այսօր՝ քանդված, քարերը պոկված եւ այլն։ Ինչո՞ւ եւս 30 հուշարձան ավելացնել, որոնք մի քանի տարի հետո էդ նույն վիճակին են լինելու»։ Ջիմ Թորոսյանն առաջարկեց սիմպոզիումի գաղափարին լավ վերաբերվել. «Ամեն մի քանդակը մի զարդ է, ինչո՞ւ ենք վախենում, որ քանդակները քաղաքում դրվեն, ինչո՞ւ ենք մենք նախօրոք մտածում, որ պիտի վատ լինի։ Կխնդրեի՝ մեզնից ամեն մեկը մտածեր, որ ինքն է անում քանդակ, իսկույն բոլոր հարցերը միաձայն կլուծվեն»։ Քանդակի միջազգային սիմպոզիումներն ընդունված են ամբողջ աշխարհում, այն տարբերությամբ, որ հրավիրող երկիրը մասնակիցներին, կեցության պայմաններով ապահովելուց բացի, նաեւ պարտադիր հոնորար է վճարում։ Սիմպոզիումի անցկացման վայրի 3 առաջարկ եղավ՝ նոր կառուցվող՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի հարակից մասերում, Կասկադի՝ տեռասաների վրա եւ Կոմիտաս-Բաբայան փողոցների հատվածում։ Պետք է ընտրվի երեքից մեկը։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել