Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»

Հոկտեմբեր 15,2026 11:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանը միջազգային հարթակում տարիներ շարունակ դիրքավորվում է որպես «կանաչ օրակարգի» առաջամարտիկ, կլիմայական բանակցությունների խթանող, վերականգնվող էներգետիկայի ու «կանաչ էներգիայի գոտիների» հավակնոտ նախագծերի հեղինակ և միաժամանակ՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանին մեղադրող կողմ։ Զուգահեռաբար Բաքուն կանոնավոր կերպով միջազգային հարթակներում բարձրացնում է Հայաստանի ատոմակայանի անվտանգության և հանքարդյունաբերության թեմաները՝ Հայաստանին ներկայացնելով որպես տարածաշրջանի էկոլոգիական սպառնալիք։ Նպատակը հասկանալի է՝ ամեն կերպ վնասել Հայաստանին, ու այստեղ զարմանալու բան չկա:

Սակայն եթե փորձենք այս պատկերը համադրել ադրբեջանական իրականության հետ, ապա բնապահպանության մասին հայտարարությունների և բնապահպանական պրակտիկայի միջև առկա խզումը դառնում է ակնհայտ, այսինքն՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Ամենից առաջ հարկ է հիշել, թե ինչի վրա է կառուցված Ադրբեջանի տնտեսությունը։ Նավթն ու գազը կազմում են երկրի՝ արտահանումից ստացվող եկամուտների ճնշող մեծամասնությունը (մոտ 90 տոկոսը կամ ավելին) և պետական բյուջեի եկամուտների շատ էական մասը։

Ապշերոնի թերակղզին և Բաքվի շրջակայքը ավելի քան մեկ դար շարունակ գտնվում են նավթարդյունահանման անմիջական ազդեցության տակ։ Տասնամյակներ շարունակ կուտակված նավթային արտահոսքերի, հին հորերի, լքված նավթահանքերի և վատ կառավարվող թափոնների հետևանքով հազարավոր հեկտար հողեր, այդ թվում՝ ափամերձ գոտիներում, պատված են նավթային մնացորդներով, իսկ ստորերկրյա ջրերը ենթարկվել են երկարատև աղտոտման։

Սումգայիթը՝ խորհրդային շրջանի քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնը, միջազգային գնահատումներում հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի շարքում, և մինչ օրս էկոլոգիական բեռն այնտեղ ամբողջությամբ չի հաղթահարվել։ Օդի որակը Բաքվում և արդյունաբերական այլ կենտրոններում վատթարանում է նավթաքիմիական ձեռնարկությունների արտանետումների և ավտոտրանսպորտի աճող ծավալների պատճառով, ինչը ձևավորում է քաղաքային ծխամշուշ և ուղղակի ազդեցություն ունի բնակիչների առողջության վրա։ Բացի դրանից, պեստիցիդների (այդ թվում՝ DDT-ի) նախկին պահեստավորման վայրերը խորհրդային ժառանգության մաս են կազմում և շարունակում են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի ու մարդկանց համար, քանի որ դրանց վերացման ու վերականգնման աշխատանքները, ըստ առկա գնահատականների, չեն ընթանում պահանջվող տեմպերով։

Աղտոտված են նաև Բաքվի շրջակայքի ներքին լճերը. Բուլբուլայի, Մասազիրի և նմանատիպ ջրամբարների սանիտարական վիճակը խիստ վատթարացել է չմաքրված կեղտաջրերի և շինարարական աղբի թափման հետևանքով։ Ընդհանրապես, ջրային ռեսուրսների հարցում պատկերն ավելի մտահոգիչ է, քանի որ խոսքը երկրի կենսական հիմքի մասին է։ Քուռ և Արաքս գետերը, որոնք Ադրբեջանի ջրամատակարարման ողնաշարն են, ենթարկվում են ծանր մետաղների, արդյունաբերական և կենցաղային թափոններով աղտոտման, ընդ որում՝ այդ աղտոտումը ձևավորվում է ինչպես վերին հոսանքի երկրներից, այնպես էլ հենց Ադրբեջանի տարածքում։ Ջրի անարդյունավետ օգտագործումը, հին ոռոգման համակարգերը, կորուստները և աղակալումը ձևավորում են մի ցիկլ, որում ջրային սթրեսը խորանում է, իսկ գյուղատնտեսական հողերի զգալի մասը տուժում է էրոզիայից ու աղակալումից։

Ուստի, երբ Բաքվից մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ապա Երևանն այնքան ասելիք ունի առկա փաստական հիմքերի վրա, որ, ինչպես ասում են, «քիչ չի թվա»։ Բայց, դե, տարբերությունն այն է, որ Ադրբեջանը գումար է ծախսում ու աշխատանք տանում Հայաստանին վնասելու, միջազգային հանրության աչքում մրոտելու համար, իսկ Երևանն իր ձեռքում ունեցած իրական խաղաքարտերը չի գործածում։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031